ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ 1-ԱՄՅԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. ԱԳ նախարարության կողմից իրականացվել է 6 ծրագիր, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 17.1 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.1 տոկոս: Նախորդ տարվա համեմատ՝ նախարարության պատասխանատվությամբ կատարված ծրագրերի գծով ծախսերն ավելացել են 1,4 տոկոսով կամ 240 մլն դրամով. անդրադառնալով արտաքին ոլորտի հատկացումների նախորդ տարվա կատարողական ցուցանիշներին՝ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

 

«ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը քննարկվել է Արտաքին հարաբերությունների եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 6-ի hամատեղ նիստում:

«Օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպման» ծրագրի համար նախատեսված հատկացումները կազմել են շուրջ 11,9 մլրդ դրամ: Կատարողականը կազմել է 97,8 տոկոս:

«Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրին ուղղվել է 2.2 մլրդ դրամ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ 2021 թ. ԱԳՆ-ն աշխատանքներն իրականացրել է ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների եւ Կառավարության ծրագրի իրականացման՝ բարեփոխումների ու զարգացման օրակարգի խթանման, միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ, ՀՀ պետական շահերի պաշտպանության, ինքնիշխանության ամրապնդման եւ տարածքային ամբողջականության վերականգնման, ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման, Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման, 44-օրյա պատերազմի հետեւանքով ծագած հումանիտար խնդիրների հաղթահարման նպատակով:

«Իհարկե, ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ նրա մանդատի ներքո, եւ ակնհայտորեն սա իր ուղղակի անդրադարձն է գտել ՀՀ ԱԳ նախարարության ամենօրյա գործունեության մեջ, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարարի եւ մյուս պաշտոնյաների՝ առանց բացառության բոլոր հանդիպումների ընթացքի վրա»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ շուրջ 1-ամյա դադարից հետո, ինչպես շահագրգիռ պետությունների դիրքորոշման, այնպես էլ հայկական կողմի հետեւողական աշխատանքի շնորհիվ 2021թ. սեպտեմբերին՝ Նյու Յորքում, ապա դեկտեմբերին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարների առաջին եւ երկրորդ հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասնակցությամբ եւ միջնորդությամբ: Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ: «Վերահաստատվել է սահմանագոտում դեէսկալացիայի եւ հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ սադրանքների եւ հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը»,- ասել է նախարարը:

Մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են նաեւ հոկտեմբերին Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ: Մյուս հանդիպումը Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով նախատեսված է եղել անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի  շրջանակում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկել է այդ հնգակողմ հանդիպումը:

«Նախքան հնգակողմ հանդիպումը առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը: Եվ այս գործոններն էլ, համանախագահության ձեւաչափի եւ մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձեւաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»,-ընդգծել է ԱԳ նախարարը:

Ն. Հ.

 

 

 

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

Արմեն Խալոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մարտի 7-ին իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին եւ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ռոբերտի Ղազարյանի հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ վերջինիս հասցնելով հանրային գործունեությամբ պայմանավորված ծանր վիրավորանք:

 

 

 

ԳԱՆՁՈՒՄՆ ԱՎԵԼ Է

2022թ. մայիսին սեփական եկամուտների փաստացի գանձումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր առմամբ ավել է շուրջ 34%-ով, իսկ որոշ վարչական շրջաններում հավաքագրման նախանշված ծավալները գերակատարվել են: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում: Քաղաքապետին զեկուցվել է, որ, այդուհանդերձ, կան վարչական շրջաններ, որոնց սեփական եկամուտների գանձումը չի գերազանցում 90%-ը: Կարեւորելով գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում նախանշված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար շատ կարեւոր է ապահովել հավաքագրման կատարողականը:

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտնի է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները եւ ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստան մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում՝ միայն հրավերի հիման վրա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից կհանվի Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը եւ Ալժիրը: Տեղեկացնենք, որ, COVID-19 համավարակով պայմանավորված, վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը՝ բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ եւ ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։ Օրինակ՝ ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք, որոնք ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա, ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ պետական սահմանի անցման կետերում:

 

 

ՄԻՍԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Հայաստանում տավարի ու գառան մսի գինը բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 2.1 տոկոսով, իսկ գառան միսը թանկացել է 1.3 տոկոսով: Հայաստանի վիճակագրական կոմիտեն խոզի մսի շուկայում եւս այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրել է 10.8 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն ժամանակահատվածում թանկացել է նաեւ ալյուրը 13.5 տոկոսով, բրնձը՝ 15.8, իսկ լոբին՝ 5.1 տոկոսով: Ձուն է էժանացել. մեկ ամսվա ընթացքում ձվի գինը նվազել է 18.1 տոկոսով: Շաքարավազի շուկայում եթե այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, արձանագրվել է 8.6 տոկոս գնաճ, ապա ապրիլի համեմատ՝ այն էժանացել է 3 տոկոսով: Բացի այս, թանկացել է նաեւ հացը 0.2 տոկոսով, կաթնաշոռը՝ 1 տոկոսով: Ի դեպ, պանրի շուկայում եւս գնաճ է արձանագրվել 1.4 տոկոսով, մակարոնեղենն էլ թանկացել է 0.6 տոկոսով: Բանջարեղենի շուկայում այս մայիսին, նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է 51.3 տոկոս գնաճ, իսկ միրգը թանկացել է 0.4 տոկոսով:

 

 

 

ԴԱԴԻՎԱՆՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ArmLur.am-ն օրեր առաջ էր գրել, որ պաշտոնական Բաքուն անում է հնարավորը Դադիվանքից հայ հոգեւորականներին դուրս հանելու համար: Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանն այս օրերին ռուսական կողմին հայ քահանաներին ռուս հոգեւորականներով փոխարինելու լոբբինգ է անում:

Ադրբեջանը հայ հոգեւորակններին Դադիվանքից հանելու սցենարն էլ է մշակել՝ այն նետելով ռուս ուղղափառ եկեղեցու դաշտ:

ArmLur.am-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվական բաժնի տնօրեն տեր Եսայի Քահանա Արթենյանն ասաց, որ այս պահին, շնորհիվ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի միջնորդական ջանքերի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի անմիջական հոգածության, Դադիվանքը շարունակում է գործել իբրեւ հայկական վանք։

Իսկ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն Aravot-ին փոխանցել էր, թե ոչ թե ռուս հոգեւորականներով փոխարինելու, այլ պարզապես իրենց վերահսկողության տակ առնելու հարցն է առաջ տանում Ադրբեջանը:

Նման ձեռագրով Ադրբեջանը փորձում է Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի տարածքից նաեւ ռուս խաղաղապահներին հանել, որովհետեւ եթե այտեղ հայ առաքելական եկեղեցու սպասավորներ չլինեն, հետեւաբար նաեւ ռուս խաղաղապահների կարիքը չի լինի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 




Լրահոս