Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 8-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներին ու լուծումներին:
«ՀՀ առաջատար ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների մասնագիտական խումբ է ձևավորվել, որը կաջակցի Արցախում բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների լուծմանն ու բարեփոխումների իրականացմանը: Երեկ և այսօր արդեն մի շարք քննարկումներ ենք ունեցել՝ նաև Հանրապետության նախագահի մոտ: Համոզված եմ, որ առկա է բավականին ներուժ՝ կրթության ոլորտում որակական փոփոխությունների կյանքի կոչման համար՝ միջազգային լավագույն փորձին և մեր տեղական առանձնահատկություններին համապատասխան»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
Անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության որակի ապահովման, միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանն ու մրցունակ կրթահամակարգ ձևավորելու և մի շարք այլ հարցերի:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ նախագահի խորհրդականներ, ՀՀ և Արցախի բարձրագույն ուսումնական մի շարք հաստատությունների ղեկավարներ: