ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման աջակիցներին կոչ արեց հաջորդ օրը՝ հունիսի 10-ին կրկին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում: Հիշեցնելով Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասին՝ Սաղաթելյանն ասաց, որ «իրենք ներկա են գտնվելու և իրենց պահանջները հնչեցնելու»:
Սաղաթելյանն այս մասին ասաց Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին:
Հարթակից նախ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Պատգամավորի կարծիքով՝ «խաղաղ անհնազանդության ակցիաներով ընդդիմությունը Հայաստանում ֆիքսել է քաղաքական ճգնաժամ», ինչն, ըստ նրա, տեսանելի է նաև միջազգային հանրության համար:
Իշխան Սաղաթելյանը ևս պնդեց, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա: «Ես նորից պնդում եմ՝ Հայաստանի նորանկախ պատմության մեջ դիմադրության շարժումը բացառիկ է: Արդեն 40 օր, 24 ժամվա ռեժիմով մարդիկ դուրս են եկել փողոց՝ առանց որևէ երկրի աջակցության, առանց ներսի ինչ-որ հատուկ ուժերի աջակցության, առանց ինչ-որ հատուկ առաջնորդի շուրջ համախմբվելու, դուրս են եկել մեկ գաղափարի շուրջ՝ հանուն հայրենիքի»,-ասաց Սաղաթելյանը՝ իրենց պայքարը որակելով որպես զուտ մաքուր ազգային պայքար:
Անդրադառնալով քննադատություններին, որ ընդդիմությունը չունի քաղաքական օրակարգ՝ նա ասաց, որ ապրիլի 5-ից Ազատության հրապարակում հավաքվել և ձևակերպել են իրենց պահանջները՝ այսինքն` քաղաքական օրակարգը, և անցնող 40 օրերի ընթացքում ամեն օր Ֆրանսիայի հրապարակի հարթակից իրենց պահանջները, այդ օրակարգը հնչեցվել են: «Եղել են ծրագրային հստակ դրույթներ, ծրագրային ելույթներ, որտեղ այդ օրակարգը, պահանջները և դիրքորոշումները հստակ հնչեցվել է»,-նշեց Սաղաթելյանը:
Նա հիշեցրեց իրենց ձևակերպած փաստաթղթի՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագծի մասին, որը տարել էին խորհրդարան, սակայն իշխանական խմբակցությունը նիստին չէր եկել, և այդ օրակարգով նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվել: Ըստ նրա՝ այդ պայքարը կանգ չունի, օրակարգը հստակ է, դիրքորոշումը պարզ ձևակերպած:
Այնուհետև Սաղաթելյանն առաջարկեց երթ իրականացնել՝ Սայաթ-Նովա, Աբովյան, Նալբանդյան փողոցներով, անցնել նաև այն հյուրանոցի մոտով, որտեղ պետք է գիշերի ՌԴ ԱԳ նախարարը: Սաղաթելյանը հաջորդ օրն առավոտյան կրկին մարդկանց հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ: «Տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի ընդլայնված կազմով ժողովը: Այնտեղ ենք ներկա լինելու՝ մեր պահանջները հնչեցնելու»,-նշեց Սաղաթելյանը:
Հունիսի 9-ին օրվա ընթացքում Դիմադրության շարժումը քայլերթով գնացել և հավաքվել էր ԱԳՆ շենքի մոտ, ուր ժամանում էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: