Մեր հանձնառությունն է եղել՝ ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները. վարչապետը ներկա է գտնվել Fly Arna-ի գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ներկա է գտնվել հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Արարողությունը մեկնարկել է Շարժայի միջազգային օդանավակայանից Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավի Հայաստան ժամանմամբ՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավին դիմավորել են արարողությամբ՝ ջրային կամարով։

Միջոցառմանը ներկան են եղել նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, Էյր Արաբիա ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին և պաշտոնատար այլ անձինք:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել է. «Երբեմն միտքը շատ դժվար է կարգաբերվում՝ ինչի վրա կենտրոնանալ. ավելի շատ՝ այն ամենի՞, ինչ մենք ունենք, թե՞ այն ամենի, ինչ չունենք: Եվ սա, իսկապես, կարևոր հարց է, որովհետև այն ինչ մենք ունենք, մեզ ոգևորում է, իսկ այն ինչ չունենք, երբեմն կարող է հուսահատեցնել այն իմաստով, որ Հայաստանում շատ բան ունենալով, նաև այնքան շատ բան չունենք, որ երբեմն թվում է՝ անհնար է լրացնել բացը, իրականացնել այն առաքելությունը, կատարել այն խնդիրը, որը տեղավորվում է այդ չունեցածի հսկայական տարածքում:

Եվ այս իմաստով, մենք որոշել ենք չվախենալ առերեսվել բոլոր մարտահրավերներին: Եվ որոշել ենք նաև, որ պիտի ունենանք ավելի ու ավելի և հրաժարվել կարկատելու տրամաբանությունից: Եթե մենք որևէ գործ ձեռնարկում ենք, պիտի ամեն ինչ անենք՝ դա հնարավորինս պատշաճ, հնարավորինս բարձր մակարդակով անելու համար:

Եվ մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ մեր իշխանության տարիներին ավիացիայի ոլորտում պիտի տեղի ունենան էական փոփոխություններ, պետք է ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները: Ուրախ եմ, որ այսօր ունենք այս առիթը, շնորհավորում եմ բոլորիս, որովհետև ահա Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Արաբական Միացյալ Էմիրություններից «Էյր Արաբիա»-ի մեր գործըկերների մասնակցությամբ հիմնադրում ենք այսպիսի ավիաընկերություն»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա ունի բազմակողմ նշանակություն, որովհետև նախաքովիդյան շրջանի ամենակարևոր հաջողություններից մեկն այն էր, որ կառավարությունը կարողացել է քաղաքացիների համար ստեղծել մատչելի գներով ճամփորդելու հնարավորություն: «Եվ սա ուղղակի միայն տեղաշարժի հարց չէ, սա նաև քաղաքական, քաղաքակրթական հարց է, որովհետև երբ մեր հանրության ինչքան հնարավոր է լայն շերտեր հնարավորություն են ունենում ճամփորդելու, շփվելու այլ երկրների հետ, դա հնարավորություն է, որ մենք ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ, ավելի ճիշտ գնահատենք ինքներս մեզ, ավելի մեծ էներգիա ունենանք և ավելի ճիշտ պատկերացում մեր հետագա անելիքների մասին»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունն ավելի շատ մարդկանց կբերի Հայաստան և ավելի շատ մարդկանց կտանի Հայաստանից: «Մեր երկիրը նաև այս իմաստով կդառնա մի խաչմերուկ,որտեղից մարդիկ մեկնում են ճամփորդության և որտեղ վերադառնում են, որտեղ մարդիկ մեկնում են հանգստի, ծանոթանալու, տուրիզմի նպատակով, և այդ մարդիկ իրենց սրտերում պահում են մի մասնիկ Հայաստանից և իրենց հետ տանում են ինչ-որ մի դրական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս ուղղությունը ևս մեկ քայլով զարգացնելու կապակցությամբ: Հայաստանի ավիացիայի ոլորտից ավելի շատ բացասական պատմություններ գիտենք, քան դրական, և ժամանակն է եկել այդ շղթան կտրել: Հույս ունեմ, որ մեր գործընկերների հետ համատեղ կկարողանանք այդ բացասական լուրերի ծանրակշիռ փաթեթը կամ դրա թողած տպավորությունը հաղթահարել դրական լուրերով, նոր զարգացումներով, նոր օդանավերով, նոր ուղևորներով և նոր ուղղություններով»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարն Էյր Արաբիայի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի ուղեկցությամբ շրջել է Fly Arna-ի առաջին օդանավով՝ ծանոթացել ուղևորների համար ստեղծված պայմաններին:

Պաշտոնական մեկնարկին նվիրված արարողության ընթացքում Fly Arna-ն հայտարարել է իր առաջին առևտրային չվերթի իրականացման օրը: Մեկնարկային G6501 չվերթը կիրականացվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան 2022 թվականի հուլիսի 3-ին: Fly Arna-ի մեկնարկային ուղղությունները կներառեն նաև ուղիղ չվերթներ, որոնք կկապեն Հայաստանը Շարմ Էլ Շեյխի և Բեյրութի հետ:




Լրահոս