ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան աշխատանքային այցի շրջանակում տրված մամուլի ասուլիսից հետո ամենաքննարկվող թեման Լավրովի մեկնաբանությունն էր Փառուխ գյուղ ադրբեջանական ներխուժման վերաբերյալ: ՌԴ ԱԳ նախարարը մասնավորապես ասել էր, թե ռուս զինվորականները և իրենց հայ ընկերներն այդ մասին լավ տեղեկացված են, որ ռուսական կողմը թեման պահում է իր առաջնահերթությունների շարքում:
«Կան արդեն իսկ արդյունքներ իրավիճակի ապաէսկալացիայի տեսքով, և մենք ընկալում ունենք, որ սկսվող դելիմիտացիայի առարկայական գործընթացի շրջանակում այդ հարցերը դիտարկվելու են և անպայմանորեն լուծվելու»,- ասել էր Լավրովը:
Նկատենք՝ ԱԳ նախարարի այս անդրադարձին անմիջապես արձագանքեց Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: «Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նախկինում նախատեսված էր, հետապնդում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման նպատակ։ Այս գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանահայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքների հետ կապված»,- հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Եվ հետաքրքիր է, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական կայքում խմբագրում է Լավրովի պաշտոնական խոսքը Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում: Եվ, ըստ խմբագրված տեքստի, Լավրովն իբրև թե ասել է. «Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում Փառուխի նման միջադեպերի կանխմանը»։
Մանրամասները՝ տեսանյութում