ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանցիների 44 տոկոսը կարծում է՝ երկիրը սխալ ուղղությամբ է գնում. հետազոտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) 2021 թ. հետազոտությունը։  Հարցման տվյալների հավաքագրման ժամանակահատվածն ընդգրկել է 2021 թ․ դեկտեմբերի 18-ից մինչև 2022 թ․ փետրվարի 4-ը։  Տվյալները հավաքագրվել են դեմ առ դեմ հարցազրույցների մեթոդով։

2021 թ. հետազոտության համաձայն՝ հայաստանցիների միայն 17%-ն է կարծում, որ երկրի ներքին քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է գնում․ 44%-ի կարծիքով ուղղությունը սխալ է: Հեղափոխությունից հետո (2019 թ․ տվյալներով) հարցվածների 67%-ն էր համարում, որ երկրի ներքին քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում։  Հարցին՝ ինչպիսի՞ սպասելիքներ ունեիք 2018 թվականի հեղափոխությունից, հարցվածների 11 տոկոսը նշել է, որ ոչ մի սպասելիք չունի, 7 տոկոսն ասել է, որ սպասելիքները բացասական են եղել, բնակչության 82 տոկոսն էլ նշել է՝ դրական: Հարցին էլ, որքանո՞վ են արդարացվել հեղափոխության հետ կապված սպասելիքները, 2021-ին բնակչության 56 տոկոսը պատասխանել է, որ քիչ են արդարացվել կամ բոլորովին չեն արդարացվել, իսկ 44 տոկոսը հայտնել է, որ լիովին կամ մասամբ արդարացվել են:

Համեմատության համար նշենք, որ այս նույն հարցին 2019 թվականին 76 տոկոսն էր նշել՝ լիովին կամ մասամբ արդարացվել են եւ միայն 24 տոկոսը՝ քիչ են արդարացվել կամ բոլորովին չեն արդարացվել: Ըստ հետազոտության՝ հայաստանցիների 39%-ը կարծում է, որ արցախյան հարցում նպատակը պետք է լինի կորսված տարածքների վերադարձը։ Մոտ 30%-ի կարծիքով՝ պետք է վերականգնել նախկին ԼՂԻՄ տարածքը, իսկ 25%-ը մտածում է, որ պետք է պահպանել այսօրվա ստատուս քվոն։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս