ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 9-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 14 հարց, այդ թվում՝ ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Սա համայնքների խոշորացման հայտնի նախագիծն է: Նախագծով նախատեսվում է ձեւավորվել հետեւյալ համայնքային փնջերը.

 

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին, որում ներառվել են հետեւյալ բնակավայրերը՝ Թալին քաղաք, Ագարակավան գյուղ, Ակունք գյուղ, Աշնակ գյուղ, Արագածավան գյուղ, Արտենի գյուղ, Գառնահովիտ գյուղ, Գետափ գյուղ, Դաշտադեմ գյուղ, Դավթաշեն գյուղ, Դիան գյուղ, Եղնիկ գյուղ, Զարինջա գյուղ, Զովասար գյուղ, Թաթուլ գյուղ, Իրինդ գյուղ, Լուսակն գյուղ, Ծաղկասար գյուղ, Կաթնաղբյուր գյուղ, Կարմրաշեն գյուղ, Կաքավաձոր գյուղ, Հացաշեն գյուղ, Ձորագյուղ գյուղ, Մաստարա գյուղ, Ներքին Բազմաբերդ գյուղ, Ներքին Սասնաշեն գյուղ, Նոր Արթիկ գյուղ, Շղարշիկ գյուղ, Ոսկեթաս գյուղ, Պարտիզակ գյուղ, Սուսեր գյուղ, Վերին Բազմաբերդ գյուղ, Վերին Սասնաշեն գյուղ, Ցամաքասար գյուղ (թվով 34),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, որում ներառվել են հետեւյալ բնակավայրերը՝ Ճամբարակ քաղաք, Աղբերք գյուղ, Այգուտ գյուղ, Անտառամեջ գյուղ, Արծվաշեն գյուղ, Արտանիշ գյուղ, Բարեպատ գյուղ, Գետիկ գյուղ, Դպրաբակ գյուղ, Դրախտիկ գյուղ, Թթուջուր գյուղ, Ծափաթաղ գյուղ, Կալավան գյուղ, Ձորավանք գյուղ, Ճապկուտ գյուղ, Մարտունի գյուղ, Շողակաթ գյուղ, Ջիլ գյուղ, Վահան գյուղ (թվով 19),

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, որում ներառվել են հետեւյալ բնակավայրերը՝ Ալավերդի քաղաք, Ախթալա գյուղ, Ախթալա քաղաք, Ակներ գյուղ, Ամոջ գյուղ, Այգեհատ գյուղ, Առողջարանին կից գյուղ, Արդվի գյուղ, Արեւածագ գյուղ, Աքորի գյուղ, Բենդիկ գյուղ, Թեղուտ գյուղ, Ծաթեր գյուղ, Ծաղկաշատ գյուղ, Կաճաճկուտ գյուղ, Կարմիր Աղեկ գյուղ, Հագվի գյուղ, Հաղպատ գյուղ, Ճոճկան գյուղ, Մեծ Այրում գյուղ, Մղարթ գյուղ, Նեղոց գյուղ, Շամլուղ քաղաք, Շնող գյուղ, Ջիլիզա գյուղ, Փոքր Այրում գյուղ, Քարկոփ գյուղ, Օձուն գյուղ (թվով 28),

ՀՀ Լոռու մարզի Տաշիր, որում ներառվել են հետեւյալ բնակավայրերը՝ Տաշիր քաղաք, Ապավեն գյուղ, Արծնի գյուղ, Բլագոդարնոյե գյուղ, Գետավան գյուղ, Գոգավան գյուղ, Դաշտադեմ գյուղ, Լեռնահովիտ գյուղ, Կաթնառատ գյուղ, Կրուգլայա շիշկա գյուղ, Ձյունաշող գյուղ, Ձորամուտ գյուղ, Մեդովկա գյուղ, Մեծավան գյուղ, Մեղվահովիտ գյուղ, Միխայլովկա գյուղ, Նովոսելցովո գյուղ, Նորամուտ գյուղ, Նորաշեն գյուղ, Պաղաղբյուր գյուղ, Պետրովկա գյուղ, Պրիվոլնոյե գյուղ, Սարատովկա գյուղ, Սարչապետ գյուղ (թվով 24),

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան, որում ներառվել են հետեւյալ բնակավայրերը՝ Սիսիան քաղաք, Ախլաթյան գյուղ, Աղիտու գյուղ, Անգեղակոթ գյուղ, Աշոտավան գյուղ, Արեւիս գյուղ, Բալաք գյուղ, Բնունիս գյուղ, Բռնակոթ գյուղ, Գետաթաղ գյուղ, Գորայք գյուղ, Դաստակերտ քաղաք, Դարբաս գյուղ, Թանահատ գյուղ, Թասիկ գյուղ, Իշխանասար գյուղ, Լծեն գյուղ, Լոր գյուղ, Ծղուկ գյուղ, Հացավան գյուղ, Մուցք գյուղ, Նժդեհ գյուղ, Նորավան գյուղ, Շաղատ գյուղ, Շամբ գյուղ, Շաքի գյուղ, Շենաթաղ գյուղ, Որոտնավան գյուղ, Սալվարդ գյուղ, Սառնակունք գյուղ, Սպանդարյան գյուղ, Վաղատին գյուղ, Տոլորս գյուղ, Տորունիք գյուղ, Ցղունի գյուղ, Ույծ գյուղ (թվով 36):

Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 5 համայնք:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿՏՐՈՂ-ԾԱԿՈՂ ԱՌԱՐԿԱՅՈՎ

Հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Սեւանի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ: Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 15.00-ի սահմաններում՝ Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, երիտասարդին կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նույն գյուղի 33-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մասիսի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։ Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

 

 

 

ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Նախօրեին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ, որը, ըստ բժշկի, ի վիճակի չէ հաղորդում եւ բացատրություն տալու: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ ժամը 01.00-ի սահմաններում՝ Մասիս քաղաքի հացատներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, կտրող-ծակող առարկայով նրան խփել էր Երեւանի բնակիչ, 41-ամյա տղամարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Մասիսի բաժին՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը: 41-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

 

 

 

ՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Հունիսի 5-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 միլիոն 203 հազար 887 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 միլիոն 135 հազար 444 քաղաքացի, 2-րդով՝ 1 միլիոն 8 հազար 404 քացաքացի։ Երրորդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 55 հազար 855 հազար քաղաքացի։

 

 

 

ՄԵԿ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ Բարեկավան գյուղի միջնակարգ  դպրոցը կրում է  այդ դպրոցի  շրջանավարտ,  Բարեկամավանի պաշտպանության ժամանակ   զոհված Մայիս Ղարաքեշիշյանի  անունը, դպրոցի առաջ հառնում է ազատամարտիկի կիսանդրին։ 2021-2022  ուսումնական տարում  այդ  դպրոցն ունեցել է  ընդամենը 13 աշակերտ, դպրոցում 1-ին, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարաններ չկային։ Միջնակարգ դպրոցն այս տարի ունեցավ մեկ շրջանավարտ՝ Արեւիկ Վիրաբյանը։ Փոքր բնակչություն ունեցող Բարեկամավանում գրեթե բոլորն են մասնակցում Վերջին զանգի միջոցառմանը։

Բարեկամավանը Տավուշի մարզի ամենահեռավոր, Ադրբեջանին սահմանամերձ բնակավայրն է։ Խորհրդային տարիներին եւ Հայաստանի անկախանալուց հետո առավել մեծ չափով Բարեկամավանից արտագաղթ է եղել։ 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, իսկ բարեկամավանցի 9-րդ եւ 10-րդ դասարանների աշակերտներն ուսումը շարունակում էին Կոթիի, Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներում։  Գրեթե   երկու տարի է, ինչ Բարեկամավանի  դպրոցի շենքի տանիքի  վերանորոգումը կիսատ է, անձրեւներ եւ ձյուն տեղալու դեպքում ջուրը լցվում է շենքից ներս։ Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հայկ Չոբանյանը բարեգործներին ներկայացրել է, որ դպրոցի տանիքի նորոգման համար բավական է 8,5 միլիոն դրամը, մինչդեռ հետո արված հաշվարկները ցույց են տվել, որ տանիքի նորոգումն իրականացնելու համար հարկավոր է 12 միլիոն դրամ։ Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի բարեկամավանցիների համայնքը հանգանակել է 8,5 միլիոն դրամ Բարեկամավանի դպրոցի շենքի տանիքը նորոգելու համար, տանիքի կեսն է նորոգվել, գումարը չի բավարարել նորոգումն ավարտելու համար, գործը 2020թ. սեպտեմբերից կիսատ է։ Դպրոցի շենքի տանիքի նորոգման համար անհրաժեշտ շինանյութն առկա է, սակայն բանվորներին աշխատավարձ վճարելու գումարներ չկան, Հայաստանի պետական բյուջեից այդ նպատակով աջակցություն չի ցուցաբերվել։ Բարեկամավանի դպրոցը, ինչպես եւ ողջ գյուղը, խմելու ջրի  պակասություն է զգում,  գյուղի տարածքում գործող խորքային հորից մատակարարվող ջրի որակն էլ բարվոք չէ։  Հայաստանի անկախության տարիներին մեծ թափ առած արտագաղթի հետեւանքով հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանում հիմնականում մնացել են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնց ծնողների մեծ մասը միջնակարգ կամ ութամյա կրթություն ունի։  Բարեկամավանում մանկապարտեզ չկա, եւ դպրոցի երեխաները նախադպրոցական կրթություն չեն ստացել: Գյուղում չի գործում որեւէ մշակութային օջախ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս