ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 24

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2021-ի նոյեմբերի 30-ին հայտարարեց՝ ջրի գինը թանկանում է 20 դրամով: Ըստ ՀԾԿՀ-ի՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջուր 2022 թվականից վաճառվում է 200 դրամով: Սակագինը միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար չի փոխվել՝ մնալով 180 դրամ:

Իրականում, ըստ ավելի վաղ կնքված պայմանագրի, խմելու ջուրը դեռ 2018-ի դեկտեմբերին պետք է թանկանար, բայց նույն տարվա խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում էր. «Դեկտեմբերին հիմա արդեն խմելու ջուրը ամբողջ հանրապետությունում պետք է թանկանար, բայց մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ ի վիճակի եղանք, կարողացանք աշխատել ու պայմանավորվեցինք, որ մինչեւ 2024-ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»:

Այս հայտարարությունից մոտ 2.5 տարի անց, փաստորեն, Փաշինյանի խոսքերը օդում մնացին, ու ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները, այս տարվանից սկսած, խմելու ջրի համար թանկ են վճարում:

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, իրեն բնորոշ ոճի մեջ հազար ու մի պատճառ կամ արդարացում կարող է բերել, թե իր ասած 2024 թվականը տիեզերական այլ չափումով է, իրականությունը, սակայն, այն է, որ նա հերթական անգամ ստել է։

 

 

 

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-ին Շվեյցարիա էր մեկնել 12 հոգուց բաղկացած պատվիրակությամբ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցին ի պատասխան, հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից: Մեր հարցման մեջ խնդրել էինք ներկայացնել, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, եւ թե ինչ է տվել մեր պետությանն այս այցը: ՀՀ նախագահի աշխատակազմը  չի պատասխանել հարցին, թե որքան գումար է ծախսվել 12-հոգանոց պատվիրակության համար: Պատասխանում միայն ասվում է, որ ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի, «Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչականության ապահովում» միջոցառման, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծրագրի  շրջանակում։  Ամենաուշագրավը մեզ տված պատասխանում այն է, որ ՀՀ նախագահի՝ Շվեյցարիա կատարած այցը ֆինանսավորել է նաեւ մի անհատ ձեռներեց «Վահե Մկրտչյան Բաբկենի» ԱՁ-ի միջոցների հաշվին: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ այս ընկերությունը գրանցվել է վերջերս՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին: Թե ով է Վահե Մկրտչյանը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ նախագահի եւ 12-հոգանոց պատվիրակության այցը ՀՀ-ին ինչ տվեց, նախագահականից բացատրել են, որ նախագահն իր բոլոր հանդիպումների ընթացքում ներկայացրել է Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, վերջին տարիների ձեռքբերումները, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը, Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ վերջնական լուծման շուրջ: Նկատեցիք՝ ոչ մի առարկայական արդյունք. զուտ տուրիստական այց՝ նախագահական ատրիբուտներով:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում, ՀՀ քննչական կոմիտեում եւ այլ ուժային կառույցներում քննիչների զգալի մասը սկսել է աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Իսկ ո՞րն է պատճառը։ Մենք տեղեկացանք, որ նրանց՝ դիմում գրելու պատճառն այլ աշխատանքի անցնելու ցանկությունն է։ Մասնավորապես, նրանցից շատերն ազատվելու դիմում են գրում, որպեսզի գնան Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատելու: Ավելին՝ մարզային եւ վարչական շրջանների քննչական բաժինների պետերը եւ ոստիկանապետերն արդեն դիմել են, քննություն հանձնել, որպեսզի առավել բարձր աշխատավարձով Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնեն: Ասել է թե՝ ուժային կառույցներից համատարած արտահոսք է սկսվել դեպի Հակակոռուպցիոն կոմիտե, եւ մյուս ուժային կառույցների ղեկավարները չգիտեն, թե թափուր մնացած աշխատատեղերը ինչպես համալրեն. մասնագետների սով է պետական համակարգում:

 

 

 

Մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով: «Ժողովուրդ»  օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ մեր երկրում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը 2 մլն 963 հազար 900 մարդ էր: Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է` տարբեր տեղաշարժերի հաշվին։  Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 100, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 264 հազար 700 մարդ: Արարատի մարզում եւս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 256 հազար 700-ից հասնելով 257 հազարի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 500-ից դարձել է 124 հազար 700 մարդ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 400-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երեւանում 400-ով: Եթե նախորդ տարվա ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 93 հազար 600, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 93 հազար 200 մարդ: Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում: Միայն սահմանամերձ Սյունիքում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 700-ով: Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում բնակչության թվաքանակը պահպանվել է (251 հազար 400 մարդ):

 




Լրահոս