Տեղի է ունեցել Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը:

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված պետական խորհրդի անհատական կազմում ընդգրկվել են ինչպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, օրենսդիր, գործադիր իշխանությունների համապատասխան ներկայացուցիչներ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի առաջատար փորձագետներ, որոնք նիստին մասնակցել են հեռավար ձևաչափով:

«Հատկապես պատերազմից հետո Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության շուրջ աշխատանքների համակարգման անհրաժեշտությամբ է խորհուրդը ձևավորվել՝ միավորելու հայկական զույգ պետությունների պետական մարմինների և փորձագիտական շրջանակների ջանքերը: Խորհրդի գործառույթներից են մեր մշակութային ժառանգության նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունների ու հանցագործությունների մշտադիտարկումն ու արձանագրումը, միջազգային տարբեր հարթակներում իրավաքաղաքական, գիտական ու տեղեկատվական մեխանիզմներով փաստերի ներկայացումը՝ կանխարգելման և պատասխանատվության միջոցների կիրառման նպատակով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Հաշվի առնելով բռնազավթված տարածքներում մշակութային ցեղասպանության պետական քաղաքականությունն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև փաստերի քողարկման, խեղաթյուրման ու մշակութային ժառանգության յուրացման հետևողական գործունեությունը՝ պետական նախարարն ընդգծել է, որ Խորհրդին սպասվում է ծավալուն ու համակարգված աշխատանք՝ նպատակ ունենալով օգտագործել պետական, փորձագիտական ու հանրային բոլոր կարողունակ շրջանակների ներուժը դրված նպատակների համար:

Նիստում ընդունվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների ծրագիրն ու հստակեցվել աշխատանքային առանձին ուղղությունները:




Լրահոս