Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ZDF-ին տված հարցազրույցում քննադատել է կանցլեր Օլաֆ Շոլցին ուկրաինական ճգնաժամում Գերմանիայի դիրքորոշման համար։
«Շոլցը և նրա կառավարությունը պետք է որոշում կայացնեն. Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու փորձեր չպետք է կատարվեն»,- ասել է Զելենսկին։
Բացի դրանից, նա կշտամբել է Գերմանիային, որը սկսել է օգնել Ուկրաինային շատ ավելի ուշ, քան մյուս երկրները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ արևելյան երկրները։ Նրա խոսքերով՝ Բեռլինը պետք է գործի «ավելի միանշանակ» և հրաժարվի այն մոտեցումից, որով հարաբերությունները կարող են շարունակվել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ այնպես, որ դա հնարավորինս քիչ վնասի հենց Գերմանիային: Մեկնաբանելով Շոլցի հնարավոր այցը Կիև՝ Զելենսկին ասել է, որ կանցլերը չպետք է սահմանափակվի միայն լուսանկարներով և հորդորել է այցի ընթացքում հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման և Ուկրաինային և նրա՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակին աջակցելու մասին:
Շոլցը հայտարարել է, որ չի այցելի Ուկրաինա այն բանից հետո, երբ Զելենսկին հրաժարվել է ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը նրան անվանել է «նեղացած մարդ»։
Ռուսական ռազմական հատուկ գործողության ֆոնին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները մեծ քանակի զենք են մատակարարում Ուկրաինային: Միևնույն ժամանակ, Կիևի իշխանությունները մշտապես բողոքում են մատակարարումների պակասից և դրանց դանդաղ տեմպերից։
Ռուսաստանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնությունը միայն երկարացնում է հակամարտությունը, իսկ զենքերի փոխադրումները դառնում են օրինական թիրախ ռուսական բանակի համար։