ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքի քննության արդյունքում հերթական կարևոր և ուղղորդիչ որոշում է կայացրել: Այն կարևոր նշանակություն է ունենալու անչափահասների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման համար, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«2015թ. հունիսի 24-ին հարուցված քրեական գործով Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի թրաֆիկինգը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը), 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (նույն անձի կողմից անչափահասի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելը):
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջինս իր հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող կնոջ անչափահաս որդուն ստիպել է 2013-2014թթ. ընթացքում Արմավիր քաղաքում զբաղվել մուրացկանությամբ: Իսկ կնոջ՝ ակնհայտ 14 տարին չլրացած, 2000թ. դեկտեմբերին ծնված դստեր նկատմամբ 2013թ. օգոստոսից մինչև 2014թ. դեկտեմբերը կատարել է անառակաբարո գործողություններ, որոնք շարունակել է նրա 14 տարին լրանալուց հետո՝ մինչև 2015թ. մայիս ամիսը: Բացի այդ, վերոնշյալի առնչությամբ վիճաբանելով աղջկա՝ այդ պահին անչափահաս ավագ քրոջ հետ, Վ.Ս.-ն վերջինիս պատժելու նպատակով նրան ապօրինի զրկել է ազատությունից՝ մեկ գիշեր պահելով Արմավիր քաղաքի տներից մեկում:
Դատական քննության ընթացքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2020թ. հուլիսի 16-ի որոշմամբ բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով Վ. Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (միջին ծանրության հանցագործությունների համար նախատեսված է վաղեմության 5 տարի ժամկետ):
ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով վերոնշյալ ակտի դեմ դատախազության ներկայացրած բողոքը, մերժել է այն՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետի հաշվարկման ելակետ է դիտարկվում քրեական գործի հարուցման ( 2015թ. հունիսի 24) և տուժողի ներգրավման պահը: Դիրքորոշման հիմքում, ըստ էության ընկած է այն մոտեցումը, որ անչափահաս տուժողի լավագույն շահից բխում է, որպեսզի գործը քննվի ողջամիտ ժամկետներում, ապա վաղեմության ժամկետները պետք է սկսեն հոսել քրեական գործի հարուցման և անձին որպես տուժող ներգրավվելու պահից: Ըստ էության այս կերպ ՀՀ վերաքննիչ դատարանը գործի քննության ողջամիտ ժամկետները նույնացրել է վաղեմության ժամկետներին:
Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ 2021թ. մայիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք: Գլխավոր դատախազը գտել է, որ քրեական հետապնդումն այդ հիմքով դադարեցնելով՝ ստորադաս դատարանների դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, օրինական և հիմնավորված չեն և ենթակա են բեկանման: Հիմնավորումն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող հանցանքների համար վաղեմության ժամկետի հաշվարկը, ըստ 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների, սկսվում է տուժողի չափահաս դառնալու օրվանից, տվյալ դեպքում՝ 2018թ. դեկտեմբերի 29-ից և լրանում է միայն 2023թ. նույն օրը:
Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը: Դատարանը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված նորմի մեկբանման արդյունքում եզրահանգել է, որ որոշ հանցատեսակների, այդ թվում նաև անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված՝ ՀՀ քրեական օրենսգքրի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետը սկսում է հոսել տուժողի 18 տարին լրանալու, այլ ոչ թե հանցանքն ավարտված համարելու պահից, ինչպես մյուս դեպքերում: Ըստ դատարանի՝ դա պայմանավորված է նրանով, որ անչափահաս տուժողը, տարիքային գործոնով պայմանավորված, որոշակի հանգամանքներից ելնելով, ավելի հակված է տևական ժամանակ գաղտնի պահել իր նկատմամբ կատարված հանցագործության փաստը: Եվ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը պետք է բխի այս առանձնահատկությունից:
ՀՀ Վճռաբեկ դատարանը շատ կարևոր իրավական դիրքորոշում է արտահայտել նաև առ այն, որ գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանումը, անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրիչներից է, որը միտված է հնարավորինս սեղմ ժամկետներում գործի քննության ապահովմանն ու վերջնական դատական ակտ կայացնելուն՝ անկախ նրանից, թե վաղեմության ինչպիսի ժամկետներ կամ դրանց հաշվարկման ինչպիսի կարգ է սահմանված: Եվ եթե որոշ հանցանքների համար սահմանված են վաղեմության ավելի երկար ժամկետներ, կամ դրանց հաշվարկման ավելի խիստ կարգ, դա չի նշանակում, որ այդ գործերով քննությունն էլ կարող է երկար տևել:
Այս իմաստով Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետները փոխկապակցված չեն վաղեմության ժամկետների հետ և հաշվարկվում են՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքներ՝ գործի բարդությունը, դատավարության մասնակիցների վարքագիծը, դատավարության մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները և այլն:
Ելնելով այս հիմնավորումներից՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների որոշումները և մերժել պաշտպանի՝ նշված հոդվածներով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
Արդյունքում՝ դատարանը գործը կքննի առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալով»: