Ինչ կասկածներ կան Արթիկի վետերանների միությունում կատարված սրբապղծության մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 օր է անցել, սակայն իրավապահները դեռ չեն կարողանում պարզել Արթիկի վետերանների միությունում կատարված սրբապղծությունը: Ոստիկանությունը կոնկրետ անձի մասով ունի կասկածներ, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Ի դեպ, դեպքով կասկածներ են եղել, թե կայծակից հրդեհ է առաջացել, ինչի հետեւանքով այրվել է վետերանների միության սենյակներից մեկը, որտեղ եղել են Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմի զոհերի լուսանկարները: Սակայն այս հանգամանքը հերքվել է, քանի որ դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են մոխիրով պատին գրված գրություն, թե. «Ով դատի տա բ…. է»:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին հրապարակվել էր, թե սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ եւ այս մասին Facebook-ի իր էջում գրել էր գյումրեցի հասարակական-քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը:

Նա նաեւ նշել էր. «Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ-որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել Ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։

Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»։

Ք.Մ.




Լրահոս