Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը շուտով կդրվի հանրային քննարկումների: Երեկ տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի նիստը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարեւորելով ՆԳՆ ստեղծումը, նշել է, որ կառավարությունը նախաձեռնել է նշված բարեփոխումը ինստիտուցիոնալ առումով օպտիմալ կառույց ձեւավորելու եւ աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների հուսալի համակարգ ներդնելու նպատակով: Ըստ այդմ՝ այն պետք է ունենա ծախսարդյունավետ եւ հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին միջգերատեսչական աշխատանքային խմբի ձեւաչափով քննարկել բարձրացված հարցադրումները, մշակել դրանց լուծման առաջարկներ եւ գաղափարներ՝ առաջ շարժվելով նախատեսված ժամանակացույցով:
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ձեւավորման ֆունկցիոնալ-կառուցվածքային քարտեզը՝ այդ համատեքստում անդրադառնալով հիմնական գործառույթներին, ստորաբաժանումներին, օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակացույցին եւ հարակից այլ հարցերի: Նշվել է, որ առաջարկվող մոդելը լրամշակվել է Խորհրդի նախորդ նիստում շահագրգիռ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված փոխադարձ ընդունելի առաջարկներով:
Առաջարկվող փոփոխությունների մասին ArmLur.am-ը զրուցել է խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
-Պարո՛ն Իոաննիսյան, ինչպիսի՞ կառուցվածք է ունենալու Ներքին գործերի նախարարությունը:
-Որոշ դետալներ դեռ քննարկման ենթակա են: Ամեն ինչ չէ, որ լիարժեք արդեն հայտնի է: Ամեն դեպքում, դեռեւս 2020 թվականից ընդունված ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագծում առկա գործողությունները տեղի են ունենում: Դրանք լինելու են բավականին բովանդակային փոփոխություններ: Այսինքն՝ այն Ներքին գործերի նախարարությունը, որը 1990-ականներին եւ 2000-ականների սկզբին կար, որը դե ֆակտո ոստիկանություն էր, բայց կոչվում էր նախարարություն, ղեկավարում էր դե ֆակտո ոստիկանապետը, բայց կոչվում էր նախարար. այդպես չի լինելու: Լինելու է ոստիկանության պետ, լինելու է նախարար այնպես, ինչպես Գլխավոր շտաբի եւ Պաշտպանության նախարարության դեպքում է: Գլխավոր շտաբի պետն այս դեպքում Զինված ուժերի հրամանատարն է, պաշտպանության նախարարը, ըստ էության, ոլորտի քաղաքականության մշակման պատասխանատուն: Այդ ամենը տեղի է ունենալու նաեւ այստեղ: Լինելու է ոստիկանության հրամանատար, որը կոչվելու է ոստիկանապետ, եւ լինելու է քաղաքականության մշակման, իրականացման պատասխանատու, որը լինելու է նախարար, եւ որը, բնականաբար, լինելու է քաղաքացիական անձ: Ոստիկանության հրամանատարը, բնականաբար, կլինի ուսադիրներով, իսկ նախարարը՝ արդեն քաղաքացիական:
-Կառուցվածքային փոփոխություններից հետո ՆԳՆ-ն լինելու է վարչապետի՞ն, թե՞ կառավարությանը ենթակա կառույց:
-Այն լինելու է նախարարություն մյուս բոլոր նախարարությունների պես: Բացի նրանից, որ տարանջատվելու են նախարարի եւ ոստիկանապետի գործառույթները, էական այլ փոփոխություններ եւս լինելու են: Ըստ էության, առնվազն այն մարմինը, որը ստեղծվելու է, իր մեջ այս կամ այն կերպ ներառելու է բացի ոստիկանությունից, այլ երկու մարմինների որոշ գործառույթներ եւ ստորաբաժանումներ:
-Իսկ խորհրդի կազմում բոլորը համակարծի՞ք են, եւ ժամկետներ արդեն հայտնի՞ են:
-Մեծ հաշվով բոլորն էլ համակարծիք են: Որոշ դետալներ կան, որոնց հետ կապված քննարկումներ պետք է լինեն: Նախագիծն առաջիկայում կդրվի հանրային քննարկման, եւ նախատեսվում է, որ ամառվա վերջին այն արդեն կուղարկվի խորհրդարան:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԵՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԼՌՈՒՄ Է
Հունիսի 3-ին հենց այս հատվածում՝ ԵՄ գրասենյակի անմիջական հարեւանությամբ, ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ: Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց Դիմադրության շարժման ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: «Ես կարծում եմ՝ սա նաեւ այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից մեկն է: Զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում: Չի խոսում տասնյակ հարյուրավոր վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին, չի խոսում, որ խաղաղ հավաքի նկատմամբ նռնակ է օգտագործվել»,-ասել է նա:
Ըստ պատգամավորի՝ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակները կիրառվել են առանց նախազգուշացման։ «Անհամաչափ ուժի եւ հատուկ միջոցների կիրառման հետեւանքով խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիներ, որոնց թվում կային նաեւ կանայք եւ տարեցներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Վնասվածք ստացածների մի հատվածն է դիմել բուժօգնության։ Զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչն էլ հիմք է տվել իշխանական ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, թե, իբր, բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների քանակը շատ ավելին է, քան ցուցարարներինը։ Ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը այդ վնասվածքները ստացել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում, իսկ, ըստ որոշ լրատվամիջոցների, նռնակները եղել են նաեւ ժամկետանց»,-ասել է նա:
Վարդեւանյանն ընթերցել է Ազգային Ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների («Հայաստան» եւ «Պատիվ ունեմ») հայտարարության տեքստը, որը փոխանցվել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Արամ Վարդեւանյանը հույս է հայտնել, որ ԵՄ դեսպանի կողմից այս հայտարարությանը կլինի պատշաճ արձագանք: «Երբ ԵՄ-ի դեսպանատան դիմաց ոստիկանությունը խախտում է մարդու իրավունքների կոնվենցիայի բոլոր կետերը, եւ ԵՄ դեսպանատունը լուռ է մնում, ես սա չեմ հասկանում: Սա ամենաանընդունելի երկակի ստանդարտն է: Նույն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածքում, իսկ հիմա լուռ է եւ այդ լռությամբ խրախուսում է ոստիկանական վայրագությունները»,-ասել է Վարդեւանյանը:
Ն. Պ.
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտնի է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները եւ ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստան մուտքի վիզա կարող են ստանալ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում՝ միայն հրավերի հիման վրա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից կհանվի Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը եւ Ալժիրը: Տեղեկացնենք, որ, COVID-19 համավարակով պայմանավորված, վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը՝ բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ եւ ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։ Օրինակ, ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք, որոնք ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա, ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ պետական սահմանի անցման կետերում:
ԾՆՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է
Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ծնվածների թիվը բավականին պակասել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար եւ ապրիլ ամիսներին ծնվածների թիվը կազմել է 10 հազար 178, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 11 հազար 501, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 10 հազար 665: Բացի այս, պակասել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 164-ից հասնելով 130-ի: Մյուս բացասական նորությունը. Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել եւ քիչ ամուսնանալ: ՀՀ վիճակագրական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ամուսնալուծության դեպքերը կազմել են 1492, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 195-ով: Մյուս կողմից՝ պակասել են նաեւ ամուսնությունները՝ 2020-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 3709, 2021-ի հունվար-ապրիլին՝ 5537, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 5229: