ԳՇ ՊԵՏԸ ԿԵՆԹԱՐԿՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ անել բանակում, որոնց արդյունքում գլխավոր շտաբի պետը կենթարկվի պաշտպանության նախարարին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

«Ես մեկ այլ օրենսդրական նախաձեռնության մասին հիմա կխոսեմ, որից հետո նաեւ կունենանք շտաբի պետի նշանակում։ Խոսքը վերաբերում է Պաշտպանության նախարարության կառուցվածքի փոփոխություններին։ Մենք ունենալու ենք նոր մոդել, որով գլխավոր շտաբի պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, այսինքն՝ այն գործով, ինչով պիտի զբաղվի», – ասաց Պապիկյանը։

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրությամբ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնյան գլխավոր շտաբի պետն է։  Նախարարի խոսքով՝ նախագիծն առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով, սակայն թե կոնկրետ երբ, դեռ հայտնի չէ։

Հարցին, թե արդյոք սպասվող այս փոփոխությունն է պատճառը, որ Հայաստանը մինչ օրս չունի գլխավոր շտաբի պետ, ինչի համար արժանանում է եւ՛ խորհրդարանական ընդդիմադիրների, եւ՛ այլ ուժերի քննադատությանը, պաշտպանության նախարարը պատասխանեց? «Պատճառը դա չէր, պատճառը նաեւ ճիշտ որոշում կայացնելն է իհարկե, բայց նաեւ այսօրվա շտաբի պետի պաշտոնակատարն ամբողջությամբ իրականացնում է շտաբի պետի լիազորությունները, ես ուզում եմ հասկանալ՝ խնդիրն ինչի մեջ է»։

Նախատեսվող փոփոխություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբն այլեւս չի զբաղվի գնումներով ու թիկունքի սպասարկմամբ։ Գործող օրենքի համաձայն՝ Զինված ուժերի գլխավոր շտաբն է կազմակերպում «Զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական եւ թիկունքային ապահովումը»։

«Այդ ամենով պետք է զբաղվեն այլ վարչություններ՝ Պաշտպանության նախարարության կազմում գտնվող, այսինքն՝ սկսած թիկունքային ապահովումից, պիտի իրականացվի ոչ զինվորականների կողմից։ Շատ բաներ լինելու են պատվիրակված, ինչպես սննդի պատվիրակումն է հաջող իրականացվել: Չնայած բազում քննադատություններին՝ այն բոլոր հնարավոր ուղղությունները, որ կարելի է պատվիրակել, մենք պատվիրակելու ենք», – ասաց նախարարը։

Թեեւ սահմաններին պարբերաբար լարված իրավիճակներ են լինում, այնուամենայնիվ, ըստ Սուրեն Պապիկյանի, պատերազմի վտանգ այս փուլում տեսանելի չէ։

Նշենք, որ Արտակ Դավթյանը պաշտոնանկ արվեց 2022 թվականի փետրվարի 4-ին: Դավթյանը պաշտոնավարել է 2018-ից 2020 թվականներին, հետո էլ կրկին նշանակվել Գլխավոր շտաբի պետ անցած տարեսզբին։ Նա մեկ անգամ հեռացվելուց հետո կրկին նույն պաշտոնին նշանակվեց, երբ նախկին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւ այլ բարձրաստիճան սպաներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, արդյունքում Գասպարյանը պաշտոնանկ արվեց։

Այդ օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, եւս 4 բարձրաստիճան զինվորական է պաշտոնակ արվել. բոլորը գլխավոր շտաբի վարչությունների պետեր են։ Պաշտոնից հեռացված երկու բարձրաստիճան զինվորականները՝ գլխավոր շտաբի պետն ու նրա տեղակալը, անցնում են երկու տարբեր քրեական գործերով։ Արտակ Դավթյանը «անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, իսկ Անդրանիկ Մակարյանը՝ մեկ այլ գործով՝ պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։

Պաշտոնից հեռացված երկու մյուս բարձրաստիճան զինվորականները՝ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանն ու հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը, անցած տարի շուրջ 4 տասնյակ զինվորականների հետ պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՉՎԵՐԹՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա- Երեւան- Լառնակա երթուղով չվերթները: Այս մասին հայտնում է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ յուրաքանչյուր երեքշաբթի եւ շաբաթ օրերին:

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Գաջեգործներ» ՓԲԸ փոխտնօրեն Կարեն Անանյանը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ Գաջեգործների փողոցի 74 հասցեում մարդ կա կախված: Ըստ դեպքի վայրում հավաքված բնակիչների՝ գործարանի մոտ ինքնասպան է եղել մի տղամարդ՝ Ս. Խ.-ն. վերջինս ինքնասպան է եղել մալուխով պատի վրա ամրացված երկաթից կախվելու միջոցով: Ըստ բնակիչների՝ պատճառը դեռ հայտնի չէ, ամուսնացած էր, շատ բարի ու լավ բնութագիր ունեցող մարդ էր եւ պեմզաբլոկի արտադրությամբ էր զբաղվում:

 

 

 

ՆԿԱՏՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Պայմանագրային զինծառայող Գեւորգ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա, հանդիսանալով ՊԲ 35383 զորամասի պայմանագրային զինծառայող, 2021 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ««Սեւան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի շենքի հարակից տարածքում Սամվել Պալճյանի հետ վիճաբանելու կապակցությամբ նույն ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից Արմեն Գրիգորյանի կողմից նկատողություն է ստացել։ Այդ պատճառով նա վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ եւ Ս.Պալճյանի հետ ծեծի է ենթարկել Ա.Գրիգորյանին՝ պատճառելով ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող վնաս:

 

 

 

ՍԿՍՎԵԼ ԵՆ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ

2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր: ՀՀ ԱԻՆ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սեւանա լիճը գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա հունվարից մինչեւ հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 124 միլիոն 874 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

Գեւորգ Վիտալիի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր։ Մասնավորապես, Գեւորգ Վիտալիի Հարությունյանը հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող www.facebook.com սոցիալական կայքի իր կողմից շահագործվող Gevorg Harutyunyan անհատական էջում հրապարակային եղանակով՝ հասարակության լայն շրջանակի համար տեսանելի կարգավորմամբ, 2022 թվականի մարտի 28-ին, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանրային գործունեությամբ պայմանավորված, օգտատիրոջ հրապարակային մեկնաբանություններում կատարել է հետեւյալ գրառումը. «Քեզ նախարար դնողի …..»: Այդկերպ դիտավորությամբ հայհոյանք տարածելով՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով ծանր վիրավորանք է հասցրել ՀՀ առողջապահության նախարար Ա. Ավանեսյանին:

 

 

 

ՕԼԻԳԱՐԽԻՆ ՎԱՃԱՌԵՑԻՆ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական իշխանությունների՝ ստվերը կրճատելու մասին հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: Բացատրում է՝ թե ՀՆԱ-ի էական աճ չունես, ապա նշանակում է, որ ստվերի էական կրճատում էլ չունես, իսկ Հայաստանում ՀՆԱ-ի էական աճ չի գրանցվել: «Նույնը նաեւ կառուպցիայի մասով: 2018-ից ի վեր մեր երկրում կոռուպցիոն բազմաթիվ գործարքների մասին են խոսում, բայց դրա փոխարեն խոշոր ձեռնարկությունների սեփականատերերի անհասկանալի փոփոխություն ենք տեսնում: Այսինքն՝ կոռուպցիայի անվան տակ սեփականության վերաբաշխում է տեղի ունենում: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «օլիգարխներից» կվերցնեն, կբաժանեն ժողովրդին, բայց ի՞նչ տեղի ունեցավ: Եկան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դղյակը վերցրին, վաճառեցին անհայտ օլիգարխի: Նարեկ Նալբանդյանը միգուցե աշխարհի լավագույն ձեռնարկատերն է ու կարողացել է մի քանի տարում այդքան գումար աշխատել, բայց այն գումարը, որ, ըստ Փաշինյանի, պետք է վերցվեր ու բաշխվեր ժողովրդին, վաճառվեց այդ նոր բիզնեսմենին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է պատգամավորը:

 




Լրահոս