Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, պատասխանելով Anadolu-ի հարցերին, նշել է, որ պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը դրական է արձագանքել հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը եւ նրանց մասնակցությամբ 3 հանդիպում անցկացնելուն։ Բայրամովն այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերն անվանել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղարկված «դրական ուղերձների օրինակ»: Միաժամանակ, արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, ըստ Բայրամովի, «մի կողմ է դրել անցյալի վերքերը»՝ հայտարարելով «խաղաղության» եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին։
«Հայաստանը մեկ տարի անտեսել է Ադրբեջանի «խաղաղության կոչերը»։ Չնայած դրան՝ Բաքուն այս տարվա սկզբին հրապարակել է այն սկզբունքները, որոնց վրա կարելի է հիմնել ապագա խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքվի «խաղաղության օրակարգը» դրական արձագանք է ստացել միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրամիության մակարդակով։ ԵՄ-ի նախաձեռնությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները վերջին երկու ամիսների ընթացքում երկու դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, հիշեցրել է Բայրամովը՝ նշելով, որ բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաեւ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ սահմանազատումը եւ սահմանագծումը։
Բայրամովն այնուհետեւ ասել է, որ Հայաստանից սկսել են որոշակի դրական ազդակներ գալ հարաբերությունների կարգավորման հարցում:
«Այս ազդանշանները մենք ընդունում ենք որպես դրական քայլեր։ Այս ուղղությամբ շարժման շարունակականությունը բխում է ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի շահերից։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենից շատ անհրաժեշտ է հենց Հայաստանին… Պաշտոնական Երեւանը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը եւ անի ճիշտ եզրահանգումներ»,- ասել է Բայրամովը։
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման բանակցություններին, Բայրամովը նշել է, որ այս հարցում դեռ կոնկրետ արդյունքներ չկան։ «Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը։ «Թուրքիան եւ Ադրբեջանը բացահայտ հայտարարում են. «Մենք Երեւանի հետ խնդիրներ չունենք։ Մեր երկրները հանդես են գալիս Հայաստանի հետ նորմալ «բարիդրացիական» հարաբերությունների օգտին։ Եթե Երեւանը հաշվի առնի տարածաշրջանի իրողությունները, լավ արդյունքները հնարավոր կդառնան»»,- ասել է նա։
ԿՈՆԴԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ
Երեւանի ավագանու նախագիծը՝ թիվ 1, 5 պոլիկլինիկաները եւ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ն միացնելու թ. 4 պոլիկլինիկային, առաջացրել է այդ պոլիկլինիկաներից օգտվող բնակչության մեծամասնության զայրույթը։ Այս մասին հայնտում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Արագ արձագանքելով քաղաքացիների անհանգստությանը՝ իմ հանձնարարականով՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները այցելել են թիվ 1 պոլիկլինիկա, զրուցել բուժանձնակազմի, ինչպես նաեւ Կոնդի բնակիչների հետ, արձանագրել խնդիրները։
Պոլիկլինիկայի տնօրենի ժ/պ Ն. Դավթյանը նշել է, որ բուժանձնակազմի գլխավոր մտահոգությունը հաստիքների կրճատումն է, սակայն քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանի հավաստիացումներն այդ մասով իրենց լիահույս են արել։ Բուժաշխատակիցները մտահոգված են նաեւ իրենց բուժայցելուների՝ տեղաշարժով պայմանավորված անհարմարություններով, քանի որ ունեն հաշմանդամներ, որոնք ի վիճակի չեն երկար ճանապարհ անցնել։ Կոնդի բնակիչները դեմ են պոլիկլինիկաների օպտիմալացման ծրագրին։ Նրանց հիմնական մտահոգություններն են՝ տեղաշարժի խնդիր, ուղիղ տրանսպորտային կապի բացակայություն, ճանապարհածախս, որը շատերն ի վիճակի չեն վճարել։ Բացի այդ, նրանք մտավախություն ունեն, որ այս անհարմարությունները միտումնավոր են արվում բնակիչներին Կոնդից ինքնակամ հանելու համար։ Քաղաքապետարանից էլ նշում են, որ տեղյակ են բնակիչների մտահոգություններից, պարբերաբար ունենում են քննարկումներ վերջիններիս հետ, այդուհանդերձ գտնում են, որ նախագիծն անպայման կարդարացնի իրեն, եւ շատերը շնորհակալ կլինեն ծրագրի համար։ Ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է իրացվի բնակչի լսված լինելու իրավունքը, եւ բնակիչը նախապես պետք է տեղեկացված լինի իրեն վերաբերող որոշումների մասին»։
ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
Ուկրաինայի ներկայացուցիչները չեն հրավիրվել Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բանակցություններին, որոնց շրջանակում քննարկվել է Սեւ ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանումը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպմանը: «Ինձ չեն հրավիրել, արտաքին գործերի նախարարին էլ չեն հրավիրել: Խոսվում է, որ Թուրքիան կարող է միջնորդ լինել: Ես խոսել եմ Էրդողանի հետ, մենք խոսել ենք այս մասին»,- ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ ներկայումս թուրքական կողմը ձեւաչափ է փնտրում, թե ինչպես Ուկրաինայից «հացահատիկային միջանցքի» անվտանգության երաշխիքներ տրամադրի։ «Կարծում եմ՝ հենց դրա համար են նրանք հանդիպում ռուսների հետ, որպեսզի Ռուսաստանը երաշխիքներ տա Թուրքիային, որ նրա նավերին ոչինչ չի պատահի, բայց հանդիպման մանրամասներն ինձ անհայտ են», – հավելել է Զելենսկին։ Հիշեցնենք, որ այս շաբաթ աշխատանքային այցով Թուրքիա կժամանի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Կողմերը կքննարկեն Սեւ ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման հարցը։
ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. փետրվարի 26-ին Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, 2021թ. հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջանի ավագանու համամասնական ընտրությունների արդյունքներով ձեւավորված համայնքի ավագանու կողմից Դիլիջան համայնքի ղեկավար ընտրված Դավիթ Սարգսյանը հանրակրթական դպրոցների շրջանավարտներին շնորհավորել է ոչ թե դպրոցական «Վերջին զանգ»-ի, այլ վերջին դասի կապակցությամբ։ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական, ինտերնետային կայքում տեղադրված նրա ուղերձում նշված է. «Սիրելի՛ շրջանավարտներ, լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին դասն ազդարարող խորհրդանշական օրվա կապակցությամբ»։
2001-2006թթ. Դիլիջանի պետական քոլեջում սովորած, այն ավարտած, նախկինում լցակայանում որպես վառելիքի լցավորող աշխատած, ներկայումս Եվրոպական համալսարանում հեռակա սովորող 38-ամյա համայնքապետը իր անձնական գործում իր սեռական պատկանելիության վերաբերյալ գրել էր՝ արու։ Համայնքի ղեկավարը դպրոցների շրջանավարտներին մասնավորապես մաղթել է. «Գնահատե՛ք ու պահպանե՛ք այն արժեքները, որոնք սովորել եք դպրոցական տարիներին։ Լա՛վ տրամադրվեք նոր կյանքի նկատմամբ եւ բազմաթիվ հաջողություններ գրանցե՛ք»։ Վերջին զանգը տասնամյակներով դպրոցներում արմատավորված միջոցառում է, իր հստակ անվանումով, դեռ լավ է, որ Դիլիջան քաղաքը եւ շրջակա 6 գյուղերը միավորող համայնքի ղեկավարը շրջանավարտներին շնորհավորել է վերջին դասի, ոչ թե վերջին դասամիջոցի կապակցությամբ։
ԹԱՔՑՆՈՒՄ Է ՔՊ-ԻՑ ԼԻՆԵԼԸ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Իջեւանի տարածքային գրասենյակում կայացել են տարածքային խորհրդի անդամի եւ վերահսկողի ընտրություններ, տարածքային խորհրդի նախագահ է ընտրվել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Հ. Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերն է, նրա հարսանիքի քավորը, նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով 2019թ. սեպտեմբերի 12-ին նշանակվել է Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ. ապրիլի 8-ին՝ Տավուշի մարզպետ։ Ուշագրավ է, որ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված մարզպետ Հայկ Ղալումյանի կենսագրության մեջ նշում չկա նրա կուսակցական պատկանելիության մասին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ