ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում ակտիվորեն քննարկում են եւ դատապարտում ռեժիսոր, դերասան Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2. հատուցում» հեռուստասերիալում առկա այն դրվագը, որտեղ կերպարներից մեկը իր նկարով մարմնավորել է խաչված Հիսուս Քրիստոսին:

 

ArmLur.am-ը աղմկահարույց դրվագի հետքերով փորձեց կապ հաստատել հեռուստասերիալի ռեժիսոր Գոռ Վարդանյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ մեր հարցերին կպատասխանի ֆիլմը ամբողջովին դիտելուց հետո. «Սպասեք ֆիլմի 24 սերիան կավարտվի, մամուլի ասուլիս կտամ եւ Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»:

Ի դեպ, նշենք, որ աղմկահարույց դրվագի ցուցադրությունից հետո արձանագրություն է կազմել եւ դատապարտել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը. «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը  վերջին օրերին բազմաթիվ բողոքներ եւ հարցումներ է ստանում «Երկիր մեդիա» հեռուստածրագրով ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2. հատուցում» սերիալի ցուցադրության կապակցությամբ։ Սերիալի բովանդակությունը ակտիվ քննարկվում է նաեւ համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում։

Այդ կապակցությամբ ՀՌՀ հանրության հետ կապերի բաժինը լիազորված է ներկայացնել հետեւյալ պարզաբանումը.

հանձնաժողովի կողմից արդեն իսկ կազմվել է արձանագրություն՝ ակտիվ քննարկման առիթ դարձած դրվագի մասով: Վերոնշյալը համապատասխանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի՝ 2021 թվականի հուլիսի 1-ի «Անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109 Ա որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետին, այն է՝ նսեմացնում եւ վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաեւ Հայաստանում գրանցված եւ գործող այլ կրոնական կազմակերպություններին։

Հավելենք նաեւ, որ թեպետ այս պահին արձանագրությունը կազմվել է նշված դրվագի կապակցությամբ, սակայն ֆիլմի ցուցադրված սերիաները եւ անոնսները թույլ են տալիս եզրակացնել, որ սերիալը կարող է խախտել նույն որոշման մեկ այլ նորմ. անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն տեսալսողական հաղորդումները, որոնք նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձեւերի, խոսելաձեւերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների եւ կենսակերպի ռոմանտիզացիային։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ԵՐԵՎԱՆԸ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ»

Օրերս Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի «Երեւանը արցունքներին հավատում էր» ֆիլմի պրեմիերան։ Գեղարվեստավավերագրական ժանրի այս ֆիլմը հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին է: Ի դեպ, սա առաջին ֆիլմն է, որը գեղարվեստորեն անդրադառնում է Հայաստանի ամենաարյունալի էջերից մեկին:

 

«Հոկտեմբերի 27-ն իմ կյանքի, մանկության ամենադառը վիզուալ պատկերներով օրն է: Այնքան էի դիտել այդ կադրերը, որ առաջին դասարանում, աշակերտական սեղանին նստած, ինձ թվում էր՝ շուտով դռան ետեւից դուրս կգան ինչ-որ զենքերով մարդիկ եւ կսկսեն կրակել մեզ վրա…Անգամ արդեն որոշել էի, որ հենց ահաբեկիչները ներս մտնեն, պառկելու եմ…Այս ամենն այնքան էր տարիների ընթացքում կուտակվել իմ մեջ, որ մի օր պայթեց եւ դարձավ ֆիլմ»,- Armlur.am-ի հետ զրույցում նշում է ռեժիսոր Հայկ Բաբայանը:

Նրա խոսքով` առաջին հայացքից կարող է թվալ, թե ֆիլմը չունի դրամատուրգիա, մինչդեռ դրամատուրգիան բավական ամուր մեխված է ֆիլմի ամեն մի դետալում:

«Իմ ռեժիսուրան իր մեջ կրում է անհնազանդության մասնիկ: Ռեժիսորը մտածող մարդ է: Մտածել նշանակում է կասկածել, իսկ կասկածամտությունը բխում է անհանգստությունից: Ֆիլմում սկզբից մինչեւ վերջ փոթորկվում է իմ անհանգիստ հոգին: Բազմաթիվ բաներ թաքնված են դետալների, կոդերի, երկխոսությունների մեջ»,- ասում է ռեժիսորը:

Հայկ Բաբայանը նաեւ հավելում է, որ բավական նուրբ այս թեման ստիպել է իրեն եւ ստեղծագործական թիմի մյուս անդամներին անընդհատ փոխել սցենարը, իսկ վերջաբանը փոխվել է ավելի քան 20 անգամ:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս