«ՓՈՔՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՇԱՀՈՒՄ ԵՆ». ՄԱՐԶՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի հետ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է համայնքների խոշորացումից, ընդդիմության պահանջի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, խաղաղության օրակարգի ու այլ հարցերի շուրջ:

 

-Արմավիրի մարզում նոր խոշորացումներ սպասվո՞ւմ են:

-Վերջին խոշորացումն իրականացվել է 2021թ. դեկտեմբերի 5-ին, ամենայն հավանականությամբ, 5 տարի ժամկետով նոր խոշորացում չի նախատեսվում:

-Տարբեր գնահատականներ կան, որ դեռեւս նախկին իշխանություններից ժառանգած  այդ մոդելը նոր իշխանությունները, հնարավոր է, չեղարկեն՝ համարելով, որ դա արդյունավետ չէ, բայց, փաստորեն, այդպես չկարծեցին: Որպես խոշորացված համայնքի ներկայացուցիչ՝ ի՞նչ  կասեք: Ո՞րն է սրա արդյունավետությունը, փոքր համայնքները արդյոք չե՞ն տուժում:

-Փոքր համայնքները շահում են, որովհետեւ այն կենսական խնդիրները, որոնք տասնամյակներով կուտակվել են, եւ այլ պարագայում համայնքի ապարատն ու բյուջեն ի վիճակի չեն այդ խնդիրները լուծելու, դրանք, առաջիկա տարիներին խոշորացումը որպես գործիք օգտագործելով, լուծվելու են: Խոսքս ավելի պատկերավոր կարող եմ ներկայացնել օրինակներով. համայնքների զգալի մասի բյուջեն մինչեւ 50 մլն դրամ է. եթե  մանկապարտեզի տարեկան ծախսը 30 մլն դրամ է, հասկանալի է, չէ՞, որ գոյություն ունեցող բյուջեով գյուղերը դատապարտված էին մանկապարտեզ չունենալուն: Չասեմ հատուկ տեխնիկայի մասին, որոնք գյուղերի համար անհասանելի էր:

-Գյուղացիներն էլ հակառակ փաստարկներն են բերում, ասում են՝ իրենց տված հարկերով ինչու պետք է կողքի համայքնի համար ինչ-որ բան արվի: Պարզ է՝ սա գուցե այնքան էլ տրամաբանական մոտեցում չէ: Ո՞րն է Ձեր պատասխանը նրանց:

-Ես համաձայն չեմ, որ գյուղացիները այդպիսի դիտարկումներ ունեն:

-Մեզ հետ զրույցներում նման դիտարկումներ ունեցել են:

-Թույլ տվեք չհամաձայնել, որ նման դիտարկումներ կան: Խոշորացումը, որպես այդպիսին, նոր է Արմավիրի մարզում անցկացվել: Վստահ եմ, որ չի լինելու մի դեպք, երբ մարդիկ խոշորացմանը դեմ լինեն:

-Պարո՛ն Խուդաթյան, Արմավիրի մարզը սահմանակից է Թուրքիային, այստեղ գտնվում է Մարգարա համայնքը: Դուք ինքներդ ի՞նչ կարծիք ունեք, եթե բարիդրացիությամբ սահմանը բացվի, ի՞նչ հեռանկարներ կարող են լինել:

-Կարող են հեռանկարներ բացվել, բայց քանի որ դեռ բանակցություններ են  ընթանում, Ձեր թույլտվությամբ չպատասխանեմ:

-Իսկ տնտեսական, գյուղատնտեսական նշանակության, մարզի զարգացման,  ենթակառուցվածքներ բացվելու ի՞նչ հեռանկարներ կան:

-Դրանք տարբեր տարիներին տարբեր անգամներ բարձրաձայնվել են, ժամանակներ են եղել, որ մոտ է եղել սահմանը բացվելուն, բայց հասկանալի է, որ դրանք բանակցություններ են, որ դրանք կարող են անհաջող ընթացք ունենալ: Ամեն դեպքում, մարզը պատրաստ է ե՛ւ բացվելու, ե՛ւ չբացվելու պարագայում:

-Իսկ բնակիչները պատրա՞ստ են հարեւանություն անել:

-Այդ հարցին բնակիչները պետք է պատասխանեն:

-Դուք եք անմիջապես շփվում նրանց հետ:

-Երբեւէ այդ հարցը չի բարձրաձայնվել, եւ նման քննարկում չի եղել: Ոչ մտահոգություն են հայտնել եւ ոչ էլ չեն հայտնել:

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որդեգրել է խաղաղության դարաշրջանի դիսկուրսը: Ո՞րն է Ձեր պատկերացումը դրա մասին:

-Խաղաղությունն այն միջավայրն է, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը զարգանա: ՀՀ-ի զագացումն առանց դրա պատկերացնել հնարավոր չէ: Կարծում եմ՝ այս մտքի հետ հակառակվողներ չկան:  Ո՞ւմ համար պարզ չէ, որ խաղաղության զարգացում պետք է լինի:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՈՂԸ ԿՊԱՏԺՎԻ

ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության գործողությունների կապակցությամբ հերթական գրությունն էի հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին։ Կից ներկայացրել էի համապատասխան հղումներ ոստիկանության ծառայողների կողմից անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելիս բռնի ուժի գործադրման ենթադրյալ հանգամանքների վերաբերյալ։

 

Դատախազին էի ներկայացրել նաեւ ահազանգ առ այն, որ ոստիկանության ծառայողներն առեւանգել են ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանին՝ չտալով որեւէ օրինական հիմնավորում։ Խնդրել էի ԱԺ պատգամավորին բերման ենթարկելու դեպքի առնչությամբ նշված գրությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ հանձնարարել իրավասու մարմիններին քննության առնել ոստիկանության ծառայողների գործողությունները եւ համապատասխան ընթացք տալ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություն, համաձայն որի՝ իմ գրությամբ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք, առերեւույթ անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, բռնության գործադրմամբ՝ ձեռքերից եւ ոտքերից քաշելով, պարեկային ավտոմեքենայով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին փաստացի բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թադեւոս Էդիկի Ավետիսյանին, որի հետեւանքով վերջինիս պատճառվել է ֆիզիկական ցավ։

ՀԿԳ քննիչի պաշտոնակատարը ծանուցում է, որ իմ գրության առթիվ նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, այն վարույթ ընդունելու եւ նախաքննություն կատարելու մասին։

Հետեւողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին եւ ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով»:

 

 

 

 

2.7 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԿՈՆՅԱԿ Է ԳՆԵԼ

Հայաստանի խորհրդարանը 72 շիշ 20 տարեկան կոնյակ է գնել: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ ազգային Ժողովը կոնյակի ձեռքբերման համար պայմանագիր կնքել է «Վինո Վինո» ընկերության հետ հունիսի 3-ին եւ յուրաքանչյուր կոնյակի համար վճարել է 37 հազար 880 դրամ, այսինքն՝ 72 շիշ կոնյակի համար խորհրդարանը պետական միջոցներից ծախսել է 2 մլն 727 հազար 360 դրամ գումար: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Նաիրի» կոնյակների հնեցումը 20 տարի է, տարողությունը՝ 0.7 լիտր:

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում խմելու ջրի նմուշները չեն համապատասխանում նորմերի պահանջներին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Ծնունդով վարդենիսցի պատգամավորը մոտ 6 ամիս է, ինչ ահազանգում է ջրի որակի եւ բնակիչների՝ խմելու ջրից թունավորման մտավախությունների մասին: Ջրի խնդրի հարցով պատգամավորի պաշտոնական գրություններին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ վերջին անգամ այս տարվա հունվար եւ փետրվար ամիսների 1-ին տասնօրյակում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել: Իսկ, ահա, Ջրային կոմիտեից էլ հայտնել են, որ այդ բնակավայրերը չեն գտնվում «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում: Այս պատասխաններից հետո Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն աշխատել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հետ: Ի դեպ, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից Վարդենիս համայնքի ղեկավարին տրվել է Կարգադրագիր՝ 30-օրյա ժամկետում արձանագրված խախտումները վերացնելու համար։ Մի կողմից՝ պատգամավորն է ահազանգում ջրի որակի մասին, մյուս կողմից՝ բնակիչներն են՝ խմելու ջրից թունավորման մտավախություններով: Գեղարքունիքի մարզպետը վտանգավոր ոչինչ չի տեսնում: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց նաեւ, որ «Վեոլիա ջուր» ընկերությանը խնդրել է ջրի նմուշառում վերցնել:

Բայց ուշագրավն այն է, որ մարզպետը «Վեոլիա ջուր» ընկերությանը նոր է խնդրել նմուշառում վերցնել ջրից այն դեպքում, երբ պատգամավորն այս խնդրի մասին բարձրաձայնում է արդեն մոտ վեց ամիս:

 




Լրահոս