Կառավարությունը մտադիր է փոխհատուցում տալ 44-օրյա պատերազմի ժամանակ վնասված ավտոմեքենաների սեփականատերերին: Նշենք, որ ռազմական դրության ժամանակ ավտոմեքենաների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ նախագիծը պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել:
Տեղեկացնենք, որ 2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են ավտոմեքենաներ, որոնք ռազմական գործողությունների ժամանակ վնասվել են:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 17 ավտոմեքենաներից 4-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 2-ը՝ կրել են այնպիսի վնաս, որը հնարավոր չէ վերականգնել օգտագործելու համար, 11-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են շահագործվել: Ավելին, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով դրական եզրակացություն է կայացվել թվով 17 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 31 մլն 103 հազար դրամի չափով: Ի դեպ, այս գումարը կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կփոխանցի վնասված գույքի սեփականատերերին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Ս.Հ.