Հունիսի 7-ին լրացավ Քննչական կոմիտեում ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի միջադեպի մասով նյութերի նախապատրաստման ժամկետը: Armlur.am-ը դիմել էր Քննչական կոմիտեի լրատվական բաժին՝ հասկանալու համար, թե, ի վերջո, ինչ որոշում կայացվեց, հարուցվեց քրեական գործ, թե ոչ: Ի պատասխան՝ լրատվական բաժնից մեզ հայտնեցին. «ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի եւ նրա աշխատակցի կողմից առեւերույթ հակաօրինական արարքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումների կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել եւ հիմնավորվել է, որ 2022թ. մայիսի 02-ին Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի հատման մասի մոտակայքում լրագրող Նարե Գեւորգյանի, օպերատոր Արման Ղարաջյանի եւ մյուս կողմից Սարգիս Հովհաննիսյանի ու Էդգար Պապինյանի միջեւ միջադեպը սկսվել է այն պահից, երբ Ս.Հովհաննիսյանը բջջային հեռախոսազրույց ունենալու ընթացքում պահանջել է խոսափողը հեռացնել իրենից եւ չնկարահանել, սակայն Նարե Գեւորգյանն այդ պահանջին որեւէ կերպ չի արձագանքել, ավելին՝ շարունակել են նկարահանել եւ հարցեր տալ, ինչից հետո միայն Սարգիս Հովհաննիսյանը Նարե Գեւորգյանի ձեռքում առկա խոսափողը հրել է մի կողմ:
Միաժամանակ պարզվել է նաեւ, որ Էդգար Պապինյանը, MediaHub.am լրատվական կայքի օպերատոր Արման Աշոտի Ղարաջյանի կողմից դեպի ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը մոտենալն ու վերջինիս տեսանկարահանելը կանխելով, ցանկացել է բացառել Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքային բնույթի խոսակցության հրապարակումը, այսինքն՝ վերջինիս գործողությունները բացառապես հետապնդել են Սարգիս Հովհաննիսյանի՝ ՀՀ օրենսդրությամբ պաշտպանվող հեռախոսային խոսակցության գաղտնիությունն ապահովելու նպատակ: ՀՀ սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության եւ գաղտնիության իրավունք»:
ՀՀ սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ (…)»:
Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ՀՀ սահմանադրության եւ դրանից բխող՝ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համատեքստում Սարգիս Հովհաննիսյանի եւ մյուս անձանց՝ իրենց չտեսանկարահանելու պահանջն անհրաժեշտ է դիտել բացարձակ իրավաչափ եւ արձանագրել, որ նման պահանջ ստանալուց հետո լրագրողը պարտավոր էր դադարեցնել իր գործողությունները՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցազրույցի եւ նկարահանման նախաձեռնությունը եղել է միակողմանի: Նման պայմաններում լրագրող Նարե Գեւորգյանի եւ օպերատոր Արման Ղարաջյանի գործողությունները եղել են ոչ օրինաչափ, հետեւաբար Սարգիս Հովհաննիսյանի եւ Էդգար Պապինյանի գործողություններում բացակայում են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Հովհաննիսյանի կողմից Ա. Ղարաջյանին ոտքով հարվածելու վերաբերյալ որեւէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, վերջինս հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ պատճառաբանելով, որ հարվածից մարմնական վնասվածք չի ստացել, իսկ համաձայն դատահետքաբանական եւ դատաապրաքագիտական համալիր փորձաքննության եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված տեսախցիկի արտաքին մակերեսների հետազոտությամբ հետքեր եւ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը հանցակազմի բացակայության հիմքով մերժելու մասին»:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին գրել էինք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին ծանուցում է ուղարկելու նախաքննական մարմին ներկայանալու եւ միջադեպի մասով բացատրություն տալու համար: Ինչպես տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում: Բացատրությունները լսելուց, ապացույցներն ու հիմքերը ուսումնասիրելուց հետո նախաքննական մարմինը կորոշի` հարուցել քրեական գործ դեպքի առթիվ, թե ոչ: ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Ղալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի դեմ։ Այդ դեպքի առնչությամբ բոլոր փաստերը Քննչական կոմիտեում են, եւ դժվար է պատկերացնել, թե ինչ հիմքով պետք է քրգործի հարուցումը մերժվի նախաքննական մարմնում. հանցակազմն ակնհայտ է: Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էր նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ԵՆ ՊԱՐԶՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 8-ամյա երեխայի նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների մի շարք հանգամանքներ. այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը, 2022թ. մայիսի 27-ին գտնվելով ոչ սթափ վիճակում, տեղեկանալով նույն բնակավայրում բնակվող երեխայի ծնողների՝ տնից բացակայելու մասին, օգտվելով այդ հանգամանքից, անառակաբարո գործողություններ է կատարել մանկահասակ` 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ, սակայն հարեւանուհին, լսելով երեխայի՝ օգնություն կանչելու եւ լացի ձայները, օգնության է հասել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի ներկայացուցիչ: 58-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական եւ դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ 58-ամյա տղամարդը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատամամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Նախօրեին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձինք վիճում են: Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության տեղափոխված 17-ամյա պատանին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում անծանոթ անձը դանակահարել է իրեն: Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայում նկատել են, որ վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը դանակով խփել է մյուսին եւ դիմել փախուստի: Պարեկները հետապնդել են նրան եւ Կորյունի փողոցում բռնելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: 16-ամյա պատանին տվել է խոստովանական բացատրություն: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:
ՄԵՐԺԵԼ Է
Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նշենք, որ Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, «ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ»։
Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Տիգրանի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2021 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման տարում 183 եւ ավելի օր անձի հետ համատեղ բնակվելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալը: Հիշեցնենք, որ Ավանեսյանն ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ ազատվել էր Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: