ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական եւ դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քննվող քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, Դոն Պիպո մականվամբ Ա.Ա.-ն (Արթուր Ասատրյան) եւ նրա կնոջ ազգական Կ.Ղ.-ն Վաղարշապատ քաղաքում ստեղծել եւ ղեկավարել են հանցավոր համագործակցություն, որի կազմում մասնակցություն ունենալու եւ կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերիմներին:

 

Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու եւ կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով հիմնել են իբրեւև պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերություն եւ աշխատանքի անցնելու պատրվակով անձամբ եւ իրենց մտերիմների միջոցով տարբեր անձանց առաջարկել են որպես պահնորդ աշխատանքի անցնել նշված ընկերությունում՝ նախապատվությունը տալով մարզիկներին:

Քրեական գործով հիմնավորվել է, որ հավաքագրված մասնակիցները, որոնց թվում նաեւ Սենսեյ Արթուր մականվամբ հայտնի Ա.Հ.-ն, Վաղարշապատ քաղաքի գյուղատնտեսական շուկայում փաստացի տնօրինչական լիազորություններով օժտված Ա.Մ.-ն եւ պահնորդական ծառայություններ մատուցող Վ.Գ.-ն, ինչպես նաեւ այլ անձինք ընդգրկվել եւ մասնակցել են ստեղծված հանցավոր համագործակցությանը, անվերապահորեն կատարել են հանցավոր համագործակցության ղեկավարների ցուցումներն ու հրահանգները, այդ թվում՝ ծանր եւ առանձնապես հանցագործություններ կատարելու:

Հանցավոր համագործակցության ղեկավարների եւ դրան մասնակցող անձանց կողմից դիտարկված նպատակներին տարբեր եղանակներով, այդ թվում՝ տարբեր տեսակի զենքերի եւ ռազմամթերքի գործածմամբ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելով հասնելու համար հանցավոր համագործակցությանն ընդգրկված անձինք կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական եւ ոչ մարտական հրազեններ, փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով՝ պահել են տարբեր վայրերում:

2021թ. մարտին Վաղարշապատ քաղաքի բնակիչներ Հ.Գ.-ի, Ա.Դ.-ի, Լ.Դ.-ի եւ Ա.Ա.-ի հարաբերությունները լարվել են: Վերջինս, համաքաղաքացիներին հրապարակայնորեն պատժելու եւ նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով տարված, 2021թ. մարտի 14-ի երեկոյան իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների, պահնորդների ու այլ անձանց հետ Վաղարշապատում գործող ռեստորանային համալիրում հանդիպել է Հ.Գ.-ի, վերջինիս մտերիմների եւ ինքնությունները չպարզված շուրջ 40 այլ անձանց հետ:

Հանդիպման ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած ու կրած հրազեններով եւ ռազմամթերքով երկուստեք զինված խմբավորումների կազմում ընդգրկված մի քանի տասնյակ անձինք կռվի են բռնվել միմյանց հետ, տարբեր տրամաչափի հրազեններից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ, ինչի արդյունքում միջադեպին մասնակիցներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել:

Կատարվածից հետո Ա.Ա.-ն համախոհներին հանձնարարել է դեպքից առաջ նրանց տրամադրված ատրճանակների հետքերը վերացնել, դեպքին մասնակից եւ ներկա գտնված անձանց հրահանգել է փոխել ու թաքցնել դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները եւ, տեւական ժամանակ աշխատանքի չհաճախելով, թաքնվել իրավապահներից:

Նշված, ինչպես նաեւ Ռ.Ս.-ի եւ Ա.Ա.-ի եղբոր սպանության, դրան հաջորդած դեպքերից հետո Կ.Ղ.-ն եւ Ա.Ա.-ն մեկնել են Հայաստանի Հանրապետությունից, որից հետո հանցավոր համագործակցության ղեկավարի դերակատարությունը ստանձնել է վերջիններիս հավատարիմ եւ համախոհ Ա.Հ.-ն:

Ա.Ա.-ի եւ նրա կողմնակիցների հետ թշնամական հարաբերություններ ունեցող, կատարված սպանությունների մեջ մեղավոր անձանց եւ նրանց համախոհների հետ հաշվեհարդար տեսնելու, նրանց սպանելու միջոցով իր նպատակին հասնելու համար, հանդես գալով Ա.Ա.-ի անունից, խոշոր գումարի դիմաց Ա.Հ.-ն Ռուսաստանի Դաշնությունում եւ Հայաստանի Հանրապետությունում պատվիրել է սպանել, իրենց համոզմամբ, հիշյալ սպանությունները կատարած Հ.Գ.-ին, վերջինիս եղբայր Վ.Գ.-ին եւ Ա.Պ.-ին:

Այդ նպատակով Ա.Հ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր երկու ծանոթների հետ գումարի դիմաց սպանություններն իրականացնելու շուրջ եւ սկսել վերջիններիս մարզել: Որոշ ժամանակ անց նրանք հայտնել են, որ հրաժարվում են իրագործել նախկինում ստանձնած սպանությունների կատարումը, որի արդյունքում հանցավոր համագործակցության անդամների կամքից անկախ հանգամանքներով հանցագործություններն ավարտին չեն հասցվել:

Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ կետերով, 223-րդ հոդվածի 3-րդ մասով, Ա.Մ.-ին՝ 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Վ.Գ.-ին՝ 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Որոշումներ են կայացվել հանցավոր համագործակցության պարագլուխներ Ա.Ա.-ին եւ Կ.Ղ.-ին 235-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 223-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:

Բացի այդ, հանցավոր համագործակցության եւս մեկ անդամ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 223-րդ հոդվածի 2-րդ մասով, երկուսը՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեկը՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

2.2 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՀԱՏՎԱԾ ԸՆԿՈՒԶԵՆԻ

Ուժեղացված վերահսկողության արդյունքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շիկահող համայնքի հարակից տարածքում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22 խմ ընկուզենի տեսակի ծառ, որի՝ շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2.200.000 դրամը։ Նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանություն։

 

 

 

ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

Եվրոպացիները փորձեցին քարանձավային մեթոդով ցույց տալ իրենց շարքերի միասնությունը՝ արգելելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի թռիչքը Սերբիա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԾՈՑփ ՁԹ-ի եթերում: Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի միջազգային կոնտակտներն արգելափակել հնարավոր չէ: Հունիսի 6-7-ը ծրագրված էր Լավրովի այցը Բելգրադ: Կիրակի հայտնի էր դարձել, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել ռուս նախարարի ինքնաթիռի համար: Լավրովը  հայտարարել է, որ Մոսկվան եվրոպական մի շարք երկրների որոշումը համարում է աննախադեպ եւ անմիտ:

 

 

 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԻՑ

Հունիսի 6-ին ավարտվեց  հանրակրթական դպրոցների  տարբեր առարկաների ուսուցիչների   կամավոր ատեստավորում անցնելու համար նրանց կողմից հայտեր ներկայացնելու  ժամկետը։

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Տավուշի մարզի  դպրոցների  ուսուցիչներ, որոնք  դժգոհել են սեպտեմբերին կայանալիք ուսուցիչների կամավոր ատեստավորումից։ Նրանք ասում են՝ ինչու բարձր աշխատավարձ ստացող նախարարները, Աժ պատգամավորները, համայնքների ղեկավարները  կարող են հիմնավոր կրթություն չունենալ կամ չտիրապետել իրենց բնագավառին, իրենց աշխատանքին, սակայն նրանց ատեստավորում չի անցկացվում, իսկ ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչներին  քիչ թե շատ  նորմալ աշխատավարձ ստանալու համար առաջարկվում է ատեստավորում անցնել։ Ուսուցիչները դժգոհում են, որ հիմնական դպրոցների ուսուցիչները ատեստավորում են անցնում  ավագ դպրոցների ծրագրով, որին հիմնական դպրոցների ուսուցիչները լավ չեն ծանոթ։ Նրանք նաեւ դժգոհ են, որ ատեստավորումը դպրոցներում պառակտում է մտցնելու, քանզի նույն դասաժամի համար ատեստավորված եւ չատեստավորված ուսուցիչները տարբեր աշխատավարձ են ստանում։ Բազմաթիվ ուսուցիչներ մտավախություն ունեն, որ ատեստավորմանը մասնակցելու, քննությունը ձախողելու  դեպքում իրենք  իրենց  գործընկերների  եւ աշակերտների շրջանում կխայտառակվեն, այդ պատճառով էլ   ռիսկի չեն դիմում,  չեն մասնակցում ատեստավորմանը։ Ուսուցիչներ էլ կան, որոնք կարծում են, թե ուսուցիչների կամավոր ատեստավորումը   իշխանության կողմից ուսուցիչներին  հանրության  աչքում հեղինակազրկելու նպատակ ունի, որպեսզի   իշխանությունը  ժողովրդին ասի՝  մենք ցանկանում ենք իրենց աշխատավարձը բարձրացնել, սակայն իրենք հրաժարվում են ատեստավորում անցնելուց։

Ուսուցիչները հայտնեցին, որ Տավուշի մարզում շատ ուսուցիչներ պատրատվում են լքել  հանրակրթական դպրոցները, նրանք  այլ գործի են  անցնելու։ Ըստ նրանց՝ կամավոր ատեստավորում անցնում են հիմնականում  տարբեր առարկաների կրկնուսույցները, ովքեր աշակերտներին վճարի դիմաց  կրկնուսուցություն անելու գործընթացի ժամանակ՝ տարիների ընթացքում, ամեն տեսակ շտեմարաններին, ծրագրերին լավատեղյակ են։

Մանկավարժները վստահ են, որ ուսուցիչների մասնագիտական որակավորումը բարձրացնելու ճիշտ միջոցը ոչ թե ատեստավորումն է, այլ մանկավարժական բուհերում ընդունելության համար խիստ չափանիշներ, ընդունելության բարձր միավորներ սահմանելը, որովհետեւ մանկավարժական բուհեր սովորաբար ընդունվում են դպրոցների ոչ բարձր առաջադիմությամբ շրջանավարտները, որոնք հնարավորություն չունեն այլ բուհեր ընդունվելու։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս