ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ ԵՎ ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Թանկյանը ամբողջ աշխարհի հանդիսատեսի համար կթողարկի իր նոր ժողովրդական-դասական Amber երգը գալիք չորեքշաբթի՝ հունիսի 8-ին։ Երգը Թանկյանի մայրենի լեզվով է, որի համար հիմք է հանդիսացել նրա հայրենիքը: Երգի վերնագիրը՝ Amber-ը, որը նշանակում է «ամպեր», ունի այլաբանական համատեքստ:

 

Թանկյանը բացատրում է. «Amber-ը գրվել է 2017 թ.-ին, երբ իմ ընկերներ Ատոմ եւ Արսինե Էգոյանների եւ Էրիկ Նազարյանի հետ այցելեցի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններում դիտորդներ հանդիսանալու համար որպես «Արդարություն՝ հանուն Հայաստանի» կոալիցիայի անդամ: Քվեատուփին չհասած՝ ընտրությունների ճարպիկ գողությունից այնքան էի ցնցված, որ ի պատասխան գրեցի այս երգը։

Երգի խոսքերն այսօր ավելի ակնառու են, քանի որ հայերը պառակտված են քաղաքականապես եւ սոցիալապես՝ հաջորդելով 2020թ.-ի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վրա ավերիչ հարձակմանը եւ այդ երկու բռնապետական ռեժիմների հետ բանակցությունների շարունակական հակազդեցությանը: Amber-ի ուղերձը դեպի միասնությունն ու ներդաշնակությունն է, որոնք հայ ազգի միակ եւ իսկապես հզոր ուժերն են»:

Երգի վերջնական տարբերակը ավարտին է հանձնվել 2022թ.-ին։ Թանկյանի կատարումի հետ մեկտեղ երգը ներառում է մեկ այլ հայ նշանավոր երգչի՝ Սեւակ Ամրոյանի վոկալը։ Ամրոյանին հայրենիքում եւ ողջ Սփյուռքում մեծարում են հայկական ավանդական եւ ժամանակակից ժողովրդական հոգելից հնչյունների համար:

Սեւակ Ամրոյանին Amber երգի վերջնական տարբերակում ընդգրկելու իր որոշման վերաբերյալ Թանկյանն ասում է. «Սեւակի ձայնը եզակի ուժ ունի՝ մեզ վերադարձնելով դեպի մեր ժողովրդի հայրենի հողերը: Ես սիրով լսում էի նրա երգերը, որոնցից էր «Յարխուշտա»-ն, այնպես որ, նրան հանդիպելուց ի վեր մեծ ակնկալիքով սպասում էի միասին աշխատելուն»:

Ամրոյանը, որը բնակվում է Երեւանում, մեծացել է՝ ականատես լինելով Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանի զարգացող ժողովրդավարության բարձունքներին եւ վայրէջքներին:

Թանկյանի հետ համատեղ Amber-ը երգելու իր որոշման մասին խոսելիս նա ասում է. «Բնականաբար, Սերժ Թանկյանին լսել եմ դեռ մանկուց ու միշտ հպարտությամբ:

Ծանոթանալով Սերժի հետ՝ հասկացա, որ աշխարահռչակ լինելուց բացի, նա լավ հայ է ու բացառիկ հայրենասեր:

Ես շատ ուրախ եմ մեր համագործակցության համար ու շնորհակալ Սերժին, որ «Ամպեր» երգը միասին ենք ասօր երգում: Ինձ համար մեծ պատիվ է»։

Երաժշտական տեսահոլովակը (ռեժիսոր՝ Հրագ Եդալյան) ներկայացնում է Թանկյանին եւ Ամրոյանին, որոնք կադրի երկու կողմերում երգում են իրենց մասերը, մինչ մի երիտասարդ տղա (Դարեն Չիլինգիրյան) էկրանի կենտրոնում է՝ էսքիզների ալբոմը ձեռքին: Երբ տեսահոլովակը զարգանում է, տղան սկսում է թերթել էսքիզների ալբոմը՝ բացահայտելով ձեռագիր արտահայտություններ եւ հայերեն երգի խոսքերին համահունչ բովանդակալից պատկերներ: Երբ Amber-ը հասնում է իր կրեշենդոյին, տղան սկսում է ճմրթել էսքիզների ալբոմի էջերը եւ գցել գետնին: Մինչ երգի վերջին նոտաներն են հնչում, տեսախցիկը ցած է իջնում՝ ցույց տալու, որ ճմրթված էջերը ձեւավորվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քարտեզը։

Թանկյանն իր անձնական եւ մասնագիտական կարիերայի ընթացքում պայքարել է բազմաթիվ հասարակաքաղաքական հարցերի արդարության համար ամբողջ աշխարհում՝ հաճախ կիրառելով երաժշտությունը որպես գործիք՝ ոգեշնչելու եւ միավորելու մարդկանց ձայները խոհուն փոփոխությունների համար։ Amber-ը հանդիսանում է այս երկարատեւ ջանքերի ամենանոր էջը։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԸ

Անկանխիկ վճարումները նախընտրող Visa-քարտապանների համար «Ամերիաբանկ»-ը հայտարարում է «Անկանխիկ ամառ» գովազդային վիճակախաղը` հնարավորություն ընձեռելով բացահայտելու Հայաստանի մարզերից մեկը: Հունիսի 6-ից մինչեւ օգոստոսի 31-ը, «Ամերիաբանկ»-ի Visa Classic կամ Visa Gold քարտերով կատարելով յուրաքանչյուրը նվազագույնը 5.000 ՀՀ դրամի չափով 22 անկանխիկ վճարում, բանկի քարտապանները կստանան 300.000 ՀՀ դրամ գումարով 22 նվեր քարտերից մեկը հաղթելու հնարավորություն: Նվեր քարտը կարող է օգտագործվել բանկի կողմից հրապարակված ցանկի հյուրանոցներից մեկում հանգստի համար: Նշված պայմանները կատարելու դեպքում հաճախորդն իր էլ. փոստին կամ բջջային հեռախոսահամարին կստանա անհատական կոդ, որով կարող է մասնակցել վիճակախաղին: Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով «Ամերիաբանկ»-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման ընթացքում, իսկ հաղթող ճանաչված համարները կհրապարակվեն «Ամերիաբանկ»-ի պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում մինչեւ 2022 թ. սեպտեմբերի 30-ի ժամը 23:59-ը:

 

 

 

 

ԿԱՅԱՑԵԼ Է «ԲՆՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի եւ գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով եւ հնարավոր է եղել ավարտել հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Այս ֆիլմը Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանած «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է: «Բնություն» ֆիլմի ուշադրության կենտրոնում կրկին մարդու եւ իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է: Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի եւ Տիգրան Համասյանի երաժշտությունը: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում՝ Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի  հիմնադրամի նախաձեռնությամբ: «Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հանրահայտ New York Film Festival փառատոնում 2021 թվականի սեպտեմբերին։ Վերջինիս հաջորդեց եվրոպական պրեմիերան Ամստերդամում դոկումենտալ կինոյի միջազգային  թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանը կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար արժանացել է նաեւ Life achievement award հատուկ մրցանակի:

Երեւանյան պրեմիերայի կապակցությամբ հատուկ ժամանելու են Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի գեղարվեստական տնօրեն Էրվե Շանդեսը եւ ZKM Filminstitut-ի հիմնադիր Անդրեյ Ուջիկան։

Կինոդահլիճ մուտքն ազատ է, հրավիրատոմսերով տեղերն են միայն պարտերի 1-ից 8-րդ կարգը:

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիոն Մանեն ցանկանում է տեղափոխվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»։ Այդ մասին ֆուտբոլիստի գործակալ Բյորն Բեզեմերը հայտնել է լիվերպուլյան ակումբի ղեկավարությանը։ Այս շաբաթ «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը կմեկնի Անգլիայի Մանեի տրանսֆերի հարցով «Լիվերպուլի» հետ բանակցելու. հաղորդում է Sport Bild-ը։ «Բավարիան» 30-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է մոտ 30 միլիոն եվրո, սակայն «Լիվերպուլը» չի ընդունել առաջարկը։ 2016-ին անգլիական ակումբը Մանեի համար «Սաութհեմփթոնին» վճարել էր 41 միլիոն եվրո։ Այս ընթացքում Մանեն գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում մասնակցել է 269 հանդիպման, խփել 120 գոլ, կատարել 48 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը մեկնաբանել է 1։1 հաշվով ոչ-ոքի արդյունքը Գերմանիայի հետ խաղում։ Թիմերը հանդիպել էին Ազգերի լիգայում։ «Տոտենհեմի» հարձակվողի գոլի շնորհիվ Անգլիան խուսափեց պարտությունից։ Քեյնը 88-րդ րոպեին արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։ «Սիրում եմ գոլ խփել, հատկապես՝ ազգային թիմում։ Ամեն անգամ ուրախանում եմ, երբ կարողանում եմ օգնել հավաքականին։ Դա է ամենագլխավորը։ Հաճելի է, որ դարձյալ գրավեցի մրցակցի դարպասը։ Նախքան այդ երկու գոլային պահ ունեի. մեկ անգամ Գերմանիային փրկեց դարպասաձողը, հետո էլ գերազանց սեյվ կատարեց Նոյերը։ Արդեն մտածում էի, որ ոչինչ չի ստացվի»,- Քեյնի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։ 28-ամյա ֆուտբոլիստն այդ գոլի շնորհիվ դարձավ Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների երկրորդ ռմբարկուն՝ 50 գոլ։ Նա գերազանցեց լեգենդար Բոբի Չարլթոնի ցուցանիշը՝ 49 գոլ: Ռեկորդակիրը Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ուեյն Ռունին է, որը ազգային թիմում անցկացրել է 119 խաղ, խփել 53 գոլ։

 

 

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը 8 մարզիկ եւ 7 մարզուհի կներկայացնի հունիսի 11-ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանի ղեկավարությամբ թիմում կլինեն հեռացատկորդներ՝ կապանցի Գոռ Բեգլարյանը, երեւանցիներ Արտակ Համբարձումյանը,  արագավազորդներ Գայանե Չիլոյանը, Ռազմիկ Մկրտչյանը. հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Հունիսի 10-ին Մալթայում  Հայաստանի պատվիրակությանը կմիանա նաեւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։  Հունիսի 10-ին Չեռնոգորիա կմեկնի կապանցի Արշամ Սարգսյանի ղեկավարած  թիմը։ Վանաձորցի մարզիչ Գոհար Նազարյանից բացի, խմբում են նաեւ Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ Կապանի 6 մարզիկներ: Նրանք կմասնակցեն Բալկանյան երկրների մինչեւ 18 տարեկանների առաջնությանը:




Լրահոս