ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ՉԻ ԴՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառուցողական եւ անկեղծ». այսպես գնահատեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։

 

Համատեղ ասուլիսի ժամանակ Միրզոյանն ասաց՝ քննարկել են ինչպես երկկողմն հետաքրքրություն ներկայացնող, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր՝ շեշտելով՝ առանցքում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը։

Առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը.

Միրզոյանը վերահաստատեց Երեւանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հասնելու ուղղությամբ՝ առանցքային համարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության եւ բոլոր իրավունքների ապահովման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։

ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահության կողմից, նշել է ԱԳ նախարարը՝ շեշտելով՝ Հայաստանը շահագրգռված է ատիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձեւաչափի գործունեությունը։

 

Խաղաղապահ առաքելություն

Խոսելով խախաղապահ առաքելությունից՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց՝ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճիակի է վերականգնելու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն՝ մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Փառուխ գյուղ ներխուժմամբ։

Հայ ռազմագերիների

վերադարձի հարցը

Հրատապ համարելով հայ ռազմագերիների վերադարձը՝ Միրզոյանը նշեց՝ ռազմական գործողությունների ավարտից գրեթե երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը եւ հրաժարվում վերադարձնել գերիներին՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ։

Կոմունիկացիաների

ապաշրջափակում

Օրակարգում էին նաեւ տարածարջանի կոմունիկացիաների ապաշրջափակման, ինչպես նաեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերը։

«Տարածշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություն ստեղծել, այդ թվում՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լոգիստիկ կապը։ Հուսով ենք, որ փոխվարչապետերի մակարդակով հանձնաժողովը դրական արդյունք կգրանցի», – ասաց Միրիզոյանը։

Մինսկի խմբի ձեւաչափ

Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված բանակցային ձեւաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը։ «Բնականաբար, այսօրվա մեր քննարկման առանցքում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը։ Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության եւ բոլոր իրավունքների ապահովման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման առանցքային կետերը», – հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը` հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության եւ  Ռուսաստանի Դաշնության ղեկավարներն իրենց վերջին հայտարարությամբ հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը` նրա միջազգային մանդատին համապատասխան։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո խոսել է նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան շնորհակալ է Ռուսաստանից՝ տարածաշրջանում 3+3 ֆորմատին աջակցելու, Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։ Չավուշօղլուն նշել է՝  տարածաշրջանում մնայուն խաղաղության համար կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համընդգրկուն խաղաղության պայմանագրի ստորագրումը։

 

 

 

 

ՎԱՐԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ

Հայաստանում սուր շնչառական վարակները չեն նահանջել: Ըստ մասնագետների՝ մեր երկիրը գտնվում է սեզոնային սուր շնչառական վարակների ակտիվության շրջանում, որոնց համար խոցելի խումբ են համարվում երեխաները: Մուրացան համալսարանական հիվանդանոց մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի խոսքով՝ վերջին ամիսներին ակտիվությունը պահպանվում է բարձր մակարդակի վրա, որը կապված է շնչառական խնդիրներով հիվանդների բավական արտահայտված հոսքի հետ: Մասնագետից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված սուր շնչառական վարակների տարածվածությունը հենց այս սեզոնին: Մասնագետը հորդորեց ջերմիջեցնողներն անկանոն չօգտագործել: Նրա խոսքով՝ պետք է օգտագործել տարիքին եւ մարմնի զանգվածին համապատասխան մանկական օշարակներ կամ մոմիկներ: Ընդ որում՝ պետք չէ անցնել թուլյլատրված չափաքանակը: Մուրացան համալսարանական հիվանդանոց մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի խոսքով՝ այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ այս երեխաների շերտը, որոնք չէին շփվել այս վիրուսների հետ, շփվեն ձեռք բերեն կայուն հակամարմիններ, իմունիտետ ձեւավորվի այս վիրուսների նկատմամբ, եւ հիվանդացությունը կիջնի:

 

 

 

 

ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԸ ՉԵՆ ԼԻՑՔԱՎՈՐՎԻ

Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: «Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցն աշխատում է եւ վերասարքավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչեւ օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում»,-ասված է նախարարության հաղորդագրությունում։ Երեւանում եւ մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն:

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԲԱԺՆԻ ՊԵՏԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների շրջանակում, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նույն բաժնի գլխավոր մասնագետ Կարապետ Սիմոնյանի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում Արուսյակ Բաղրամյանի օգտին ակնհայտ, ապօրինի անգործության համար վերջինիցս անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք: Կարապետ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների շրջանակում հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նույն բաժնի պետ Արմեն Սիմոնյանի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում Արուսյակ Բաղրամյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար վերջինիցս անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք: Արուսյակ Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար պաշտոնատար անձանց՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետ Արմեն Սիմոնյանին եւ նույն բաժնի գլխավոր մասնագետ Կարապետ Սիմոնյանին տվել է խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք:

 

 

 

12 ՎԱՐՈՒՅԹ

Տնտեսական մրցակցության հանձնաժողովն իր տարեկան հաշվետվության մեջ անդրադարձել է երշիկեղենի շրջանառությանը եւ ուսումնասիրություն է իրականացրել: Պարզվում է՝ երշիկեղենի բաղադրության մեջ օգտագործվել են փաթեթավորման վրա չմակնշված բաղադրիչներ՝ կարտոֆիլի օսլա, սոյա, կենդանական ու բուսական սպիտակուց եւ այլն: Երշիկեղենի փաթեթավորման վրա մակնշվել են դրանց բաղադրության մեջ չօգտագործված բաղադրիչներ՝ տավարի միս, հավի միս, հայկական կոնյակ եւ այլն: ArmLur.am-ը ՏՄՊՊՀ-ից տեղեկացավ, թե որ ընկերություններն են խախտում կատարել եւ սպառողներին մոլորեցրել: Դրանց թվում է «Աթենք», «Առդելիկատես», «Միթ Ֆուդ», «Էլիտ Պռոտ», «Նաթֆուդ», «Բեկոն Պրոդուկտ», «Արմ Միթ», «Լումա», «Բաբիկ 90 ԱԿ», «Ցարիցինո» ընկերությունները: Ստացվում է, որ տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին եւ երշիկեղենի փաթեթվածքների վրա մակնշել են թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկություններ, ինչի արդյունքում սպառողները կարող են ապակողմնորոշվել. կամ մակնշման մեջ բացակայել են տեղեկություններ, ինչը սպառողներին հնարավորություն չի տվել ամբողջական պատկերացում կազմել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հանձնաժողովը հարուցել է 12 վարույթ՝ 10 տնտեսավարող սուբյեկտի մասով, վարույթն ընթացքի մեջ է, 2 տնտեսվարող սուբյեկտ ընդունել է իրավախախտում կատարելու փաստը:




Լրահոս