ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ 3 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը,  խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները՝ մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Արդյունքում՝ 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Բացի այդ, ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր, նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու:

 

Ապա, օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել եւ իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռեւս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք եւ ամբողջական պայմաններ, ինչպես նաեւ նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում՝ 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:

Նշված գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետեւանքներ: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչպես նաեւ՝ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության եւ պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա.Կ.-ին: Վերջինիս նկատմամբ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է: Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաեւ նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: Վերոնշյալ անձանց վերաբերյալ՝ անջատված մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ քրեական գործի հետ ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Անջատված մյուս մասով քրեական գործի նախաքննությունը դեռռւս շարունակվում է:

Ն. Պ.

 

 

 

Ո՞Վ Է ՔՆՆԵԼՈՒ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՔՐԳՈՐԾԸ

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2015-2018 թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով 11 մեղադրյալի մասով նախաքննությունը:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոգրյալ կազմակերպությունների ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին եւ միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, «Երեւանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին, բժշկին եւ թարգմանչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Եվ, ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Լեո-Պարոնյան փողոցների ավտոճանապարհին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ավտոմեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու քրեական գործով արդեն իսկ հաստատված է, որ վրաերթը տեղի է ունեցել վարորդի մեղքով։ Այս մասին դեռեւս օրեր առաջ հայտնել էր տուժող Սոնա Մնացականյանի՝ իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը՝՝ նշելով, որ իր համար հատկապես զարմանալի է, որ վիճարկվում է հղի, դժվարությամբ տեղաշարժվող կնոջ հուսահատ տեղաշարժը՝ վրաերթից փրկվելու նպատակով, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել։

Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել, նախաքննական մարմնին միջնորդել են դեպքի վայրի շրջակայքի անձանց հարցաքննել, ասել է թե` ականատեսներին պահանջում են հարցաքննել: Արդյունքում՝ ArmLur լրատվականը դիմեց ՀՀ քննչական կոմիտե հասկանալու համար, թե ինչ են արել նրանք այդ միջնորդության մասով. ի պատասխան՝ կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ տվյալ դեպքի վայրում եղած ականատես վկաներն այս օրերին հրավիրվում են Քննչական կոմիտե հարցաքննության եւ սահմանված կարգով հարցաքննվում են:

Հավելենք, որ արդեն իսկ ստացվել է նաեւ դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, որով հիմնավորվում է վարորդի մեղքը: Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին՝ Լեո-Պարոնյան փողոցների հատվածում: Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը ու հեռացել դեպքի վայրից: ՔԿ-ն, սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ: Հետագայում գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել, որոնք մերժվել են։ Այդուհանդերձ, Արամ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Նավասարդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է։ Քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ ArmLur.am-ը առաջիկայում այլ մանրամասներ եւս կներկայացնի:

 

 




Լրահոս