Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար, «Հանրապետական» կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը տվել է Դիմադրություն շարժման գնահատականը:
«Շարժումն արդեն մի շարք խնդիրներ լուծել է, կասեցրել Հայաստանի Հանրապետության համար մի շարք վտանգավոր զարգացումներ: Շարժումը ստիպում է իշխանություններին բանակցային իրենց թելադրված հակահայկական օրակարգերի հետ մեկտեղ՝ Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ անպայման որոշակի գործողություններ իրականացնել: Կարո՞ղ են, թե՞ չեն կարող. դա այլ հարց է: Շարժումը ստիպում է, որ դա ներկայացնեն որպես համաժողովրդական կարծիք, որովհետեւ բոլոր հարցումներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 85-86 %-ը խիստ կարեւորում է Արցախի կարգավիճակի հարցը, եւ Արցախը որեւէ կերպ չի պատկերացնում Ադրբեջանի կազմում: Իրենք էլ են դա լավ հասկանում, իրենց ներքին հարցումներն էլ են դրա մասին անընդհատ ասում: Եվ իրենք կանգնել են փակուղային, պատային իրավիճակի առջեւ: Շարժումը ուժով ցրել չեն կարող, որովհետեւ դա բերելու է ամբողջությամբ հակառակ էֆեկտի, ինչը շատ լավ հասկանում են: Դրանով ավելի են մեծացնելու հասարակության ըմբոստացած հատվածի դժգոհությունը, ավելի ցցուն են դարձնելու իրենց անկարողությունները, ավելի սրելու են ներքաղաքական՝ առանց այդ էլ ակնհայտ դարձած ճգնաժամը:
Եթե նկատել եք, նրանք վերջերս արդեն սկսել են խոսել ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու մասին: Դա ամենամեծ հիմարությունը կլինի, թեեւ սրանք շատ են արել: Դրանով իսկ, իրենք իրենց ձեռքով Սահմանադրական դատարանի միջոցով ոչ միայն կարագացնեն, այլեւ կփաստեն, որ Հայաստանի Հանրապետությունում ճգնաժամ է: Դրանից հետո որեւէ օրենք, իրավական ակտ, քաղաքական որոշում, ի սկզբանե, այլեւս լինելու է ոչ լեգիտիմ: Եթե հիմա այս իշխանությունները ոչ լեգիտիմ են արտաքին քաղաքականության մեջ, որովհետեւ հասարակության մի ստվար զանգված ասում է՝ ես համաձայն չեմ, ու դու չես ներկայացնում ինձ, հիմա նույնը տեղի է ունենալու նաեւ ներքին կյանքում, ներքին քաղաքական զարգացումներում:
Հիմա իշխանությունների ցանկացած գործողություն աշխատում է Հայաստանի Հանրապետության եւ իրենց իշխանավարման դեմ: Իսկ իշխանությունը մեր քաղաքական օրգանիզմի կարեւորագույն հատվածն է: Եվ մենք՝ որպես ընդդիմություն, երբեք չէինք ցանկանա, որ Հայաստանում իշխանությունը փչանա, կազմաքանդվի այն աստիճան, որ հետո դա վերականգնել չլինի: Եվ մենք ասում ենք՝ դուք փչացած եք, իշխանությունը, պետությունը, հասարակությունն էլ մի փչացրեք այն աստիճան, որ հետո այլեւս հնարավոր չլինի առողջացնել, նույնիսկ հնարավոր չլինի մաս-մաս հավաքել ու վերականգնել»,-ասելէ Արտակ Զաքարյանը:
ՄԻՋԱԴԵՊ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ԲԱՆՏՈՒՄ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2022 թվականի ապրիլի 5-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի պատժախցային տեղամասի թիվ 20 խցում հացադուլի եւ ջրադուլի մեջ գտնվող կալանավորված անձ Գեւորգ Աշոտի Սիմոնյանը, հանրային գործունեությամբ զբաղվող՝ ՔԲԿ ՊՈԱԿ «Արմավիր ստորաբաժանման» բուժքրոջ՝ Կարինե Ժիրայրի Աբրահամյանին, իր գործառույթային պարտականություններն իրականացնելիս, այն է՝ Գեւորգ Սիմոնյանին բուժօգնություն ցուցաբերելիս, նրա ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված սկսել է տալ ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ, այն է՝ սեռական բնույթի հայհոյանքներ, այդ կերպ վերջինիս հասցնելով ծանր վիրավորանք: Բացի այդ, Գեւորգ Աշոտի Սիմոնյանի կողմից, նույն օրը, նույն միջադեպի ժամանակ Կարինե Ժիրայրի Աբրահամյանի հետ սկսած վիճաբանության ժամանակ սկսել է նաեւ ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ, այն է՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել հանրային գործունեությամբ զբաղվող՝ ՔԲԿ ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման ղեկավար Գեւորգ Կարապետի Գեժոյանի հասցեին՝ այդ կերպ վերջինիս հասցնելով ծանր վիրավորանք: Գեւորգ Աշոտի Սիմոնյանին մեղսագրվում է ենթադրյալ հանցագործության կատարումը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այսպիսով՝ Գեւորգ Աշոտի Սիմոնյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Թությանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ զինված ուժեր գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, ՀՀ ՊՆ 2019թ. հունիսի 20-ի թիվ 723 Լ հրամանի համաձայն՝ պատասխանատու լինելով իրային ծառայության նյութական ունեցվածքի պաշարների կուտակման եւ պահպանության, իրային ծառայության մարտական եւ զորահավաքային պատրաստականության բարձրացման համար, նախապես խոստացել է իրացման միջոցով պարտակել Ալեքսան Կլազանցի եւ Տիգրան Պետրոսյանի կողմից զորամասի հաշվառման առկա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.726.000 ՀՀ դրա արժողությամբ «ՈՒՍՏ-55 » տեսակի թվով 6 վրանն: Վերջինիս հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել նաեւ Տիգրան Պետրոսյանը, որը զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի, պետհրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի պաշտոնը, եւ Ալեքսան Համլետի Կլազանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետհրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, մշտապես օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամ, Արմեն Թությանի օժանդակությամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021թ հուլիս ընկած ժամանակահատվածում շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակել են զորամասի հաշվեկշռում առկա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.726.000 ՀՀ դրա արժողությամբ «ՈՒՍՏ-55 » տեսակի թվով 6 վրան:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑՈՒՄ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 44-ամյա տղամարդու սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 9-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից, եւ տեղեկացվել, որ բուժօգնության է տեղափոխվել Երեւանի՝ 44-ամյա բնակիչ՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով, իսկ ժամեր անց հաղորդվել է, որ բուժօգնության տեղափոխված տղամարդը մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի Արարատ քաղաքի՝ 1966թվականին ծնված բնակիչ է:
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 00:30-ին, Բագրատունյաց փողոցում գումարային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի եւ Արարատ քաղաքի բնակչի միջեւ, որի ժամանակ վերջինս, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է 44-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են ականատես վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաեւ Արարատ քաղաքի բնակչին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: