ՖԱՆՏԱՍՏԻԿ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիքը սիրում են՝ այն ճանաչելով, երկիրը սիրում են՝ այն շենացնելով…»։ Հենց այս խոսքերով կյանքում առաջնորդվեց եւ հայրենիքին անձնուրաց նվիրվեց եւ հերոսաբար զոհվեց ֆանտաստիկ Գեւորգ Արշակյանը:

 

Այս ֆենոմենալ մարդու անուն ազգանունը դեռ շատ երկար կհնչի երիտասարդների շուրթերին, քանի որ նրա հիմնադրած «Գիտելիքի դպրոց»-ը ուղիղ շարունակությունը պետք է լինի նրա թողած գործի: Չնայած երիտասարդ տարիքին՝ Գեւորգը կարողացավ ուրույն հետք եւ ժառանգություն թողնել գալիք սերնդին:

ArmLur.am-ի հետ զրույցում Գեւորգի մտերիմ ընկերներից Էլինա Արիստակեսյանը պատմեց, որ նրա երազանքն էր՝ Մատաղիսը, որտեղ նա անցկացրել էր պարտադիր ժամկետային ծառայությունը, դարձնել զբոսաշրջության կնետրոն. «Միշտ ասում էր, որ Մատաղիսի թագավորությունը պետք է դառնա բոլորինը, աշխարհը պետք է տեսնի եւ ճանաչի մեր հողի բերկրությունը: Միշտ այնքան կատակներ էր անում, այնքան շատ պատմություններ պատմում, եւ միշտ՝ ժպիտով: «Երազում էր՝ գիտելիքի դպրոց բացեր Տաթեւի վանական համալիրում, ինչպես մեր հոգեւոր հայրերն էին արել եւ կրթության հիմքը դրել: Չգիտեմ, շատ եմ հուզվում, առանց Գեւի շատ դժվար է, մենք շատ ենք կարոտում նրան»:

Գեւորգ Արշակյանն անմնացորդ երազում էր տեսնել Հայաստանն աշխարհում ամենահզորը. «Երազում եմ, որ մի օր հպարտորեն ասեմ՝ ես միացյալ ու անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ. եւ իմ անձնագիրն ամենահզորը լինի աշխարհում։ Ես իմ բոլոր գործերն այժմ փորձում եմ ծառայեցնել այս երազանքիս իրականացմանը»:

Իսկ Պերճուհի Ավանեսյանի խոսքով՝ Արշակյան Գեւը եղել է համալսարանի ուսանողների կուռքը:

«Երբ նոր էի ընդունվել, բոլորն ասում էին՝ Արշակյան Գեւին ճանաչու՞մ ես, տեսե՞լ ես նրան: Ես զարմանում էի՝ ո՞վ է, որ այդքան սիրելի է բոլորի կողմից: Անհամբեր սպասում էի, թե երբ պետք է նրան տեսնեմ. եւ երբ բախտ վիճակվեց նրան ճանաչելու, հասկացա, թե ինչու էին նրան այդքան շատ սիրում».-նշեց նա:

Հիշեցնենք, որ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Գեւորգ Արշակյանը գերազանց սովորել ու ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության, ապա՝ Իրավագիտության ֆակուլտետները, այնուհետեւ՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: 2020 թ. օգոստոսին ավարտել է ժամկետային զինվորական ծառայությունը, որից հետո ընդունվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում» բաժնի մագիստրատուրա, սակայն պատերազմի լուրը լսելուն պես մեկնել է Արցախ։ 2020 թ. նոյեմբերին Շուշիի մատույցներում վիրավորվել է եւ անմահացել:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Հիմնադրման 85-ամյակի առթիվ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հանդես կգա համերգային ծրագրով:

 

Երեկոյին, որը տեղի կունենա հունիսի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հանդիսատեսը կվայելի երգչախմբի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումները՝ հայտնի տենորներ Պերճ Քարազյանի եւ Հայկ Թոնգուրյանի մասնակցությամբ։

Տոնական երեկոյին կհնչեն Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ ստեղծագործությունները։

Գրեթե 90 տարի ամբողջ աշխարհում մեծ համբավ վայելող երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: Մինչեւ 1939 թվականը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էր նրա հիմնադիր Թաթուլ Ալթունյանը:

1939 թվականից մինչեւ 1944 թվականը, ինչպես նաեւ 1954-1960 թվականներին երգչախումբը ղեկավարել է Արամ Տեր-Հովհաննիսյանը:

1961-ի սեպտեմբերից մինչ օրս երգչախմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը:

Իր հարուստ պատմության ընթացքում երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» (1969թ.), այնուհետեւ՝ «Վաստակավոր կոլեկտիվ» կոչմանը (1975թ.): 2012-ին երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ եւ հայտնի դասական այլ կոմպոզիտորների՝ մեծաթիվ հռչակավոր ստեղծագործությունների կատարմամբ: Երգչախմբի նվաճումներից էին ԽՍՀՄ երգչախմբերի մրցույթի առաջին մրցանակը: Խմբի ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում արժանացել է Գրան պրիի:

Երգչախումբը բազմաթիվ միջազգային մրցանակների է արժանացել, իսկ օտար պարբերականները մշտապես ընդգծել են երգչախմբի եւ նրա գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյանի մասնագիտական բարձր մակարդակն ու աչքի ընկնող նվաճումները: Երգչախումբը հանդես է եկել Փարիզի, Լոնդոնի, Պրահայի, Նյու Յորքի, Բոստոնի, Դետրոյթի, Լոս Անջելեսի, Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում: Կանադայում թողարկվել են երգչախմբի «LITURGIE ARMENIENNE», իսկ Մոսկվայում «LITURGY of KOMITAS» ձայնասկավառակները:

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է

Իսպանական «Վալենսիան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակեց 44-ամյա իտալացի Ջենարո Գատուզոյին՝ կնքելով երկու տարվա պայմանագիր. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հունիսի 3-ին «Վալենսիան» հեռացրել էր Խոսե Բորդալասին, որի ղեկավարությամբ՝ թիմը Իսպանիայի առաջնությունում գրավեց 9-րդ տեղը, Իսպանիայի գավաթի խաղարկությունում հասավ եզրափակիչ, սակայն պարտվեց «Բետիսին»։ Ջենարո Գատուզոն անցած ամռանը պայմանագիր էր կնքել իտալական «Ֆիորենտինայի» հետ, սակայն ակումբի ղեկավարության հետ տրանսֆերային ռազմավարության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով՝ երկու շաբաթից հեռացել էր պաշտոնից։ Նախկինում նա գլխավորել է նաեւ իտալական «Պիզան», «Միլանը» եւ «Նապոլին»։

 

 

 

ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԿԱՐԻԵՐԱՆ

Ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է դադարեցնել իր երաժշտական կարիերան, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով երգչի խոսքերը Vory-ին, որն աշխատել է Ուեսթի «Donda» սկավառակի վրա։ Երգչի խոսքով՝ հիփ-հոփ աստղը ցանկացել է մեկ տարով հրաժարվել նոր երաժշտական թողարկումներից։ «Նա փորձում է գլուխ հանել սեփական խնդիրներից։ Նա իմ սիրելի տեսակն է, ես նրանից շատ բան եմ սովորել»,- ասել է Vory-ն։ Նա հավելել է, որ Ուեսթն այս պահին չի ցանկանում խոսել իր հետ։ Նրանք շփվում են Ուեսթի լավագույն ընկերոջ եւ օգնականի միջոցով։

 

 

 

3 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Լոնդոնի «Արսենալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը վերադարձավ ֆրանսիական «Լիոն»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ Ակումբի մամուլի ծառայությունը նշում է, որ 31-ամյա ֆուտբոլիստն ունեցել է բազմաթիվ առաջարկներ, սակայն նախընտրել է վերադառնալ հարազատ ակումբ։ Ալեքսանդր Լյակազետը «Լիոնի» ակադեմիայի սան է, գլխավոր թիմում անցկացրել է 8 մրցաշրջան՝ 275 խաղում խփելով 129 գոլ։ 2017թ, հունիսին «Լիոնը» Լյակազետի տրանսֆերը վաճառել էր «Արսենալին»՝ 60 միլիոն եվրոյով։

 

 

 

ՏՐԱՆՍՖԵՐԻ ԳՈՐԾԱՐՔ

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոն» կնքել են Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան՝ Օրելիեն Տչուամենիի տրանսֆերի գործարքը: Հունիսի 13-ին Ֆրանսիայի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլում պատասխան հանդիպումը կանցկացնի Խորվաթիայի թիմի դեմ։ Դրանից հետո Տչուամենին բուժզննում կանցկացնի Արքայական ակումբում եւ կկնքի երկարաժամկետ պայմանագիր։ Ավարտված ակումբային մրցաշրջանում Տչուամենին մասնակցել է 50 հանդիպման, խփել 5 գոլ։

 




Լրահոս