ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 28

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե Հայաստանում գնաճ չի լինելու։ Նա, մասնավորապես, նշում էր. «Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլեւ հինգ տարվա հորիզոնով մենք գնաճային ռիսկեր չունենք»: Սակայն ինչպես շատ այլ հայտարարությունների դեպքում, այս անգամ եւս Փաշինյանի հայտարարություններն իրականություն չդարձան, եւ այսօր ահագնացող տեմպերով գնաճ ունենք, ու այդ մասին են փաստում անգամ վիճակագրական թվերը։ Երեկ այդ նույն իրավիճակի մասին է խոսել  նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Մենք մայիս ամսին Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության եւ ընդհանուր մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց պետք է հասկանանք, որ 9 տոկոս գնաճը, սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,-ասաց Գալստյանը: Ստացվում է` Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ամբողջապես Երեւանի քաղաքապետ է աշխատում դե ֆակտո: Չնայած Երեւանի դե յուրե քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, բայց, օրինակ, Ավինյանն անձամբ է որոշում, թե որ վարչական շրջանում ով է թաղապետ նշանակվելու: «Ավինյանի անմիջական միջնորդությամբ են նշանակվել Աջափնյակի, Արաբկիրի, Կենտրոնի, Դավիթաշենի համայնքապետերը՝ Կամսար Բաբինյանը, Արամ Ազատյանը, Սամվել Ղուկասյանը, Ռոման Համբարձումյանը: Իր շնորհիվ թաղապետներ նշանակվող անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, որ Երեւանի ավագանու՝ 2023-ին անցկացվելիք ընտրություննների ժամանակ թաղապետներն էլ իրեն պետք է օգնեն, որ քաղաքապետ ընտրվի,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով։- Հիմնականում, այսպես ասած, թաղային հեղինակությունների հարող անձանց կամ ընտրություններին «ձայն բերող» անձանց հետ է համագործակցում»: Եթե անգամ Ավինյանի Facebook-ի էջին ուշադիր հետեւենք, ապա կտեսենք՝ այս պահին էլ ասես ոչ պաշտոնապես, բայց Երեւանի քաղաքապետն է եւ, օրինակ, խոսում է Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի կառուցումից, ծրագրերից եւ այլն: Ըստ մեր զրուցակցի՝ «նախկինների» բանեցրած մեթոդները մերժող, այժմ փաստացի նույն ձեռագիրը բանեցնող Ավինյանի գործերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խառնվում: «Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է քաղաքապետի ընտրության թեմայից ու Ավինյանին ասել. «Ինչ ուզում ես, արա՛ կամ մի՛ արա, հաջորդ քաղաքապետը դո՛ւ պետք է լինես»: Ավինյանն էլ մյուս բոլոր զբաղմունքները թողել ու հիմնովին այդ գործին է լծվել»,- հավելեց մեր զրուցակիցը:

 

 

 

«Հայաստանի իշխանություններին մենք հորդորում ենք հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ մասնավորապես թույլ տալով բոլոր քաղաքացիներին խաղաղ կերպով արտահայտել իրենց դիրքորոշումները եւ լրագրողներին՝ իրականացնել իրենց աշխատանքն առանց միջամտության»,- «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել դեսպանատուն՝ ուղղելով հետեւյալ հարցերը. 1. Հետեւե՞լ եք հունիսի 3-ին՝ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ տեղի ունեցած բռնության դեպքերին, երբ բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ի՞նչ տեսակետ ունեք: 2. Արդյոք ժողովրդավարական չափանիշների մե՞ջ է մտնում առանց զգուշացնելու, առանց հրապարակային նախազգուշացման հատուկ միջոց կիրառելը: 3. Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում սկսված ներքաղաքական լարվածության ելքը, որի պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: 4. Ինչպե՞ս եք գնահատում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, որոնց առնչությամբ համացանցում տարաբնույթ տեսանյութեր կան: Այս հարցերին ի պատասխան՝ դեսպանատնից  ստացել ենք գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ. «Բողոքի խաղաղ ակցիաները բաց քաղաքական համակարգի տարրերից են։ Մենք լիարժեք սատարում ենք խոսքի ազատության եւ խաղաղ հանրահավաքների հիմնարար ազատությունների իրացման իրավունքը: Բոլոր կողմերին հորդորում ենք պահպանել խաղաղ ընթացքը եւ հարգել իրավունքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը։ Տեղյակ ենք, որ կառավարությունը որոշ իրավապահների կողմից ոչ համաչափ ուժի կիրառման հետ կապված քննություններ է սկսել։ Մենք ողջունում եւ խրախուսում ենք նման չարաշահումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված կառավարության ջանքերը»։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում կասկածներ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործը ԱԱԾ-ում դոփում է տեղում, եւ նախաքննական մարմինը, ըստ էության, շահագրգռվածություն չունի այս գործը առաջ տանելու եւ առանձնատան վաճառքի առեղծվածը բացահայտելու: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հետաքրքրվելով, թե հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք առանձնատան գնորդ Նարեկ Նալբանդյանը հրավիրվել Է ԱԱԾ եւ հարցաքննվել, ինչ է բացահայտվել առանձնատան վաճառքի գործով, եւ այս ժամանակահատվածում ինչ ապօրինություններ է բացահայտել ԱԱԾ-ն, ինչ փուլում է գտնվում քրեական գործը։ Ի պատասխան մեր գրավոր հարցադրումներին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ, փոխգնդապետ Լ. Թաթոյանը հայտնել է. «Հայտնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված քրեական գործով Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ եւ հարցաքննվել: Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, իսկ հայցված մյուս տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չեն»: Ասել է թե՝ նախաքննական մարմինը, հղում անելով նախաքննական գաղտնիքին, մեր մյուս հարցադրումներին չի պատասխանել: Եթե ԱԱԾ-ն այս երկու ամսվա ընթացքում որեւէ բան բացահայտած լիներ առանձնատան վաճառքի գործով, ապա կհայտներ, ինչը հիմք է տալիս կարծելու, որ իրավապահների մտավախությունը տեղին է, որ նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործը ծածկադմփոց են անում քննչական այդ մարմնում:

 




Լրահոս