ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը չի կարճվի։ ԲԴԽ-ն մերժեց՝ վարույթը կարճելու մասին Վարդազարյանի ներկայացուցչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիքոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։
Սակայն նկատենք, որ ԲԴԽ նիստին Վարդազարյանը և նրա ներկայացուցիչը չեն ներկայացել, Գագիկ Ջհանգիրյանը նախ ներկայացրեց կարգավորումները՝ ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման ընթացակարգը, ապա տեղեկացրեց, որ երկու միջնորդություն է ներկայացվել՝ վարույթը կարճելու, ինչպես նաև՝ նիստը հետաձգելու վերաբերյալ։
Նիստերի քարտուղարը հրապարակեց կարճման միջնորդությունը։
ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշում կայացրեց՝ միջնորդությունը մերժելու մասին, ինչից հետո քննարկվեց երկրորդ միջնորդությունը՝ հետաձգման վերաբերյալ, որի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ փաստաբան Արամ Օրբելյանը Սյունիքում պետք է մասնակցի այլ դատական նիստի, հետևաբար, մասնակցել չի կարող։ Խորհուրդը մերժեց այս միջնորդությունը նույնպես։
ArmLur.am-ը կապ հաստատեց Ռուբեն Վարդազարյանի հետ, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր զանգերին: Ավելի ուշ մեր զանգերին պատասխանեց մի կին, որը ներկայացավ, որ իր կինն է եւ հայտնեց, որ Ռուբեն Վարդազարյանն արդեն երկու օր է ինչ զարկերակային ճնշումով պառկած է եւ այս պահին քնած է եւ հոդորեց մեզ ավելի ուշ կապ հաստատել նրա հետ:
Ք. Մ.