Երշիկ արտադրող երկու ընկերություն է տուգանվել: Նշենք, որ հարուցվել է թվով 12 վարույթ՝ սպառողների մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հիմքերով։ «Ջրվեժ մսամթերքի կոմբինատ» ՍՊ ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք 4 մլն 207 հազար դրամի չափով։ Իսկ «Բարի Սամարացի» ընկերությունը գործի ընթացքում պահանջված տեղեկատվությունը չի տրամադրել, որի համար նշանակվել է տուգանք՝ 4 մլն 154 հազար դրամի չափով։
ArmLur.am-ը գրել էր, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզել էր, որ երշիկեղենի բաղադրության մեջ օգտագործվել են փաթեթավորման վրա չմակնշված բաղադրիչներ՝ կարտոֆիլի օսլա, սոյա, կենդանական ու բուսական սպիտակուց և այլն: Բացի այս, երշիկեղենի փաթեթավորման վրա մակնշվել են դրանց բաղադրության մեջ չօգտագործված բաղադրիչներ՝ տավարի միս, հավի միս, հայկական կոնյակ և այլն: Ավելին, պարզվել է, որ երշիկեղենի բաղադրության մեջ օգտագործված մսային բաղադրամասերի զանգվածային բաժինը կազմել է 5-60 տոկոս, իսկ նշված երշիկեղենի փաթեթավորման վրա որպես մսամթերքի խումբ մակնշվել է «մսային»։
Մրցակցության պաշտպանության Հանձնաժողովից տեղեկացանք, թե որ ընկերություններն են խախտում կատարել եւ սպառողներին մոլորեցրել: Դրանց թվում է «Աթենք», «Առդելիկատես», «Միթ Ֆուդ», «Էլիտ Պռոտ», «Նաթֆուդ», «Բեկոն Պրոդուկտ», «Արմ Միթ», «Լումա», «Բաբիկ 90 ԱԿ», «Ցարիցինո» ընկերությունները: ArmLur.am-ը կապ հաստատեց ցանկում առկա «Աթենք» մսամթերքի ընկերություն եւ հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ խախտում են կատարել եւ ինչու են սպառողին խաբել: Սակայն «Աթենք մսամթերք» ընկերությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ ինչ նշված է մակնշման վրա, նույնն էլ բաղադրության մեջ է: «Բոլորի՝ փոքր, մեծ արտադրողների անունները կան նշված, բայց որոշակիություն չկա: Հիմա մեր արտադրանքի մակնշման վրա գրված է հայկական կոնյակ, վստահեցնում եմ այն բաղադրության մեջ եւս կա: Չի եղել դեպք, երբ մակնշման վրա գրված լինի տավարի միս, բայց բաղադրության մեջ այն բացակայի: Մեր ընկերությունը որեւէ իրավախախտում չի արել, եթե խախտում ենք արել, թող մեզ ինֆորմացիա տան այդ մասին»,- ArmLur.am-ին փոխանցեցին «Աթենք» ընկերությունից:
Ս.Հ.