Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը վաղուց է եղել ՀՀ իրավապահների եւ ՊՆ ղեկավար կազմի թիրախում: Բանն այն է, որ իրավապահ համակարգը, ինչպես նաեւ ՊՆ ղեկավար կազմը արձանագրել է բոլոր այն ՊՆ պաշտոնյաների անունները, որոնք ստորագրած են եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտնի հայտարարության տակ: 2021 թվականի փետրվարի 25-ին Օնիկ Գասպարյանը պահանջեց ՀՀ վարչապետի հրաժարականը, որին միացան ԶՈՒ պաշտոնատար մի շարք անձինք՝ հայտարարելով, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով հայրենիքն ու Արցախը: Եվ ահա, այս աղմկահարույց հայտարարությանը միացել է նաեւ այս պահին ԱԱԾ-ի կողմից ձերբակալված ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Հիշեցնեք, որ այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Ըստ նախաքննական մարմնի՝ Արմեն Հարությունյանը, օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ:
Միևնույն ժամանակ պարզվել է, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները:
Քնար Մանուկյան