Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը խիստ զայրացրել է Կոնդի բնակիչներին: Պատճառը Երեւանի ավագանուն ներկայացված նախագիծն է, ըստ որի՝ թիվ 1, 5 պոլիկլինիկաները եւ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ն միանալու են թ. 4 պոլիկլինիկային: Կոնդի բնակիչները դեմ են պոլիկլինիկաների օպտիմալացման ծրագրին և մտադիր են պայքարել մինչև վերջ՝ պոլիկլինիկան իրենց պահելու համար: Նրանց խոսքերով, այս միավորումն իրենց համար մի շարք անհարմարություններ է ստեղծելու, քանի որ կան հաշմանդամներ, ովքեր ի վիճակի չեն երկար ճանապարհ անցնել։ Բացի այս ուղիղ տրանսպորտային կապ չկա և առաջարկվող պոլիկլինիկա հասնելու համար նրանք ստիպված են լինելու գումար ծախսել, ինչը շատերը չունեն:
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու նախագծի հեղինակ, փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը չեն բարեհաճել անգամ բնակիչների հետ նախապես քննարկել պոլիկլինիկաների միավորման ծրագիրը:
Կոնդեցիները լսել են, որ պոլիկլինիկայի շենքը քաղաքային իշխանությունները ցանկանում են վերածել հյուրանոցի: Կոնդեցիների պատմելով՝ այս միավորման իրական հեղինակը Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Այս լուրն այնքան է զայրացրել բնակիչներին, որ նրանք վստահեցնում են, որ որեւէ դեպքում թույլ չեն տա Ավինյանի մտադրությունները կյանքի կոչել եւ պոլիկլինիկայի շենքը վերածել հյուրանոցի:
Ի դեպ, Կոնդում բնակիչները ստորագրահավաք են անցկացրել՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ խնդրել պարզել պոլիկլինիկաների միավորման նախագծի իրական պատճառը եւ իրավաչափությունը:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան