Հայաստանն ու Իրանը որոշել են այս տարվա օգոստոսի 10-11-ը խոհարարական համատեղ փառատոն անցկացնել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ Նավասարդի տոնին։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչներից «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Սեդրակ Մամուլյանի խոսքով փառատոնին ներկայացվելու են հենց Նավասարդին բնորոշ կերակրատեսակներ եւ խաղեր, որոնք երկու պետությունների մշակութային ժառանգության մեջ կան եւ ցույց են տալիս մեր նախաքրիստոնեական խոհանոցը:
«Կարծում եմ սա շատ լավ առիթ եւ հնարավորություն է երկու ազգերին հարաբերվելու, շփվելու, եւ փոխանակելու մեր մշակութային ժառանգությունով, պատմությունով, այսինքն՝ շփումը մշակույթի դաշտում էլ ավելի է խորանալու, այն ինչին մենք ցանկանում ենք խթանել: Ապա այս փառատոնը հետագայում այցեքարտն է լինելու այլ մշակութային զարգացումների, փոխայցելությունների, մշակույթի ճանաչման»,-ընդգծեց նա:
Հարցին՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են գտնվելու փառատոնին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հրավերներ կլինեն իհարկե մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, Կառավարությանը, իսկ կգան, թե ոչ ես չգիտեմ եւ ընդհանրապես մարդկանց մոտ նման միջոցառումները կայացած են համարում, երբ բարձրաստիճան պաշտոնյա է ներկա գտնվում, բայց մենք այդ կարծիքին չենք: Արդեն 13 տարի նման միջոցառումներ ենք իրականացնում խոհարարական: Այս անգամ էլ մե՛ր երկրում, մե՛ր երկրի ղեկավարությանը հրավիրելու ենք եւ շատ ուրախ կլինենք, որ ներկա գտնվեն»:
Հավելենք, որ Մամուլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանը վերսկսել է բանակցությունները նաև Թբիլիսիի իր գործընկերների հետ` հայ–վրացական առաջին խոհարարական բաթլը կազմակերպելու համար։
Լիդա Եղիազարյան