Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օրերս Սանկտ-Պետերբուրգ է մեկնել ու մետրոյի մասին պայմանագիր ստորագրել։
Ըստ իր Facebook-ում հրապարակված տեղեկատվության` նա ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։
«Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները», -ասված է նրա տարածած հաղորդագրության մեջ։
Տիգրան Ավինյանը, որ 2021- ի խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի կաբինետում պաշտոն չի ստացել ու մինչև այժմ էլ որևէ պաշտոն չի զբաղեցնում, չգիտես ինչ տրամաբանությամբ գործուղումների կամ հանդիպումների գնում, փաստաթղթեր ստորագրում։ Հետաքրքիր է` փաստաթղթի տակ նրա ստորագրության դիմաց ի՞նչ է գրված` Երևանի՝ ՔՊ-ի սրտի ապագա քաղաքապե՞տ, նախկին փոխվարչապե՞տ, թե՞ անգործ մնացած Ավինյան։ Երևի միայն Փաշինյանի կառավարության ժամանակ կարող է պատահել, որ պաշտոն չունեցող անհատը պետության անունից հանդիպումների մեկնի։ Հուսանք` վաղը, մյուս օրը Փաշինյանի փոխարեն Ալիևի հետ բանակցելու չի մեկնի։