Ֆրանսիայում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Ըստ նախնական տվյալների՝ նախագահ Էմանուել Մակրոնի իշխող «Միասին» դաշինքը հաղթել է՝ ստանալով ձայների շուրջ 38,57 տոկոսը, այսինքն՝ 245 մանդատ։ Սակայն միևնույն ժամանակ Մակրոնի դաշինքը կորցրել է մեծամասնությունը։ Խորհրդարանի ստորին պալատի նկատմամբ վերահսկողության համար դաշինքը պետք է ստանար 289 տեղ 577-ից։
Երկրորդ տեղում է հայտնվել Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած ձախակողմյան ուժերի կոալիցիան՝ ստանալով ձայների 31,6 տոկոսը՝ 131 մանդատ։
Երրորդ հորիզոնականում է հայտնվել Մարին Լե Պենի «Ազգային միություն» կուսակցությունը, որը հավաքել է ձայների 17,3 տոկոսը և խորհրդարանում կունենա 89 մանդատ։
Հանրապետականները հավաքել են ձայների 6,98 տոկոսը։
Միևնույն ժամանակ Մակրոնի բլոկը ներկայացնող շատ պատգամավորներ պարտվել են իրենց շրջաններում։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ սրա հետևանքով Մակրոնի համար շատ ավելի բարդ կլինի իրականացնել իր բարեփոխումները, ինչպիսիք են օրինակ՝ կենսաթոշակային տարիքի բարձրացումը, հարկերի կրճատումը և պետական նպաստների համակարգի բարեփոխումը։