Վերջերս Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բեմ բարձրացավ նոր ներկայացում: Ռեժիսոր Սամվել Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» պիեսի մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է դերասանուհի Արաքսյա Մելիքյանի հետ, ով մարմնավորում է մարմնավաճառի կերպարը:
Ըստ մեր զրուցակցի՝ անակնկալի է եկել, երբ ամուսինը, ով նույնպես խաղում է տրագիկոմեդիայում, հայտնել է, որ հենց նա է մարմնավորելու մարմնավաճառի կերպարը:
«Ամուսինս զանգեց եւ ասաց, որ որոշել են՝ մարմնավաճառ Վենոյի կերպարը ես խաղամ: Սկզբում թվաց՝ կատակ են անում: Միշտ ինքն է դեմ լինում նման կերպարներին եւ շատ անգամ նման կերպարներից հրաժարվել եմ, բայց այս անգամ, որ լուրջ խաղալու կերպար է, եւ իսկապես այդպես է: Կերպարը ծանր հոգեբանական եւ ողբերգական կերպար է, դու պետք է այնպես անես, որ հանդիսատեսը զգա, հասկանա կերպարի խորությունը, եւ ողբերգականի հետ մեկտեղ կոմեդիա կա, եւ հենց այդ էր պատճառը, որ լացն ու ծիծաղը մեկ տեղ պիտի կատարվեր»,-նշեց նա:
Դերասանուհու խոսքով՝ եթե վերերկրյա կյանքում մարդիկ փորձում են թաքցնել իրենց բացասական կողմերը, իսկ այ, քավարանում դա անհնար է:
«Առաջին օրերին, երբ կարդում էինք պիեսը, նույնիսկ այդ բառը չէի կարողանում ասել, թե ով եմ մասնագիտությամբ: Բայց բեմի վրա հանգիստ ստացվում է: Բացարձակ իրական, մարդկային ճակատագրեր են, որոնք հանդիսատեսին կհուշեն, թե մենք ինչի կարող ենք հանգել, եթե այդպես ենք ապրում: Ներկայացումը բարոյախրատական չէ, բայց քո ամեն ապրածի համար մտածելու առիթ է տալիս, թե հիմա անունը կդնենք քավարան, խիղճ, թե Աստված, դա արդեն թողնում ենք հանդիսատեսին»,-ընդգծեց դերասանուհին:
Նշենք, որ ներկայացման պրոդյուսերը Հարություն Բոգարյանն է, ռեժիսուրան եւ երաժշտական ձեւավորումն արել է Արթուր Սարիբեկյանը, բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է: Դերասանական կազմում են Վարդան Հովսեփյանը, Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Զաքարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Գրիգոր Բաղդասարյանը:
Լիդա Եղիազարյան