Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Ապարանում հնչած կրակոցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

Հաշվի առնելով

1. Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում կյանքի իրավունքի կարևորությունը, առանց որի երաշխավորման անիմաստ է խոսել մարդու այլ իրավունքների արդյունավետ պաշտպանության մասին,

2. Մամուլում հրապարակված տեղեկությունները, որ Ապարանում 3 անձի սպանության և 4 անձի վիրավորվելու պատճառները կարող են լինել քաղաքական տարաձայնությունները,

3. Այն, որ կրկին ըստ մամուլի հաղորդագրությունների՝ հանցագործությունը կատարվել է ինքնաձիգի միջոցով, որը հաստատվելու դեպքում լուրջ հարցեր է առաջացնում ապօրինի զենքի շրջանառության հիմնախնդիրների և անձանց կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում,

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` հետևողական եմ լինելու այս սահմռկեցուցիչ հանցագործության քննության ընթացքին և կոչ եմ անում պատկան մարմիններին իրականացնել գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ քրեադատավարական կանոնների խիստ պահպանմամբ, որի արդյունքում ոչ միայն կպատժվեն բոլոր մեղավորները, այլև իրենց պատասխանները կստանան հասարակության մոտ առկա գործի քաղաքական ենթատեքստին վերաբերող բոլոր հարցերը»,-գրել է Թովմասյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին  կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:

Նշվում է, որ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։




Լրահոս