«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում երեկվանից ակտիվորեն քննարկվում է Ապարանի կրակոցների հարցը: Մասնավորապես, կոնկրետ բարձրացվել է իրավապահների անգործության կամ իրավիճակին չտիրապետելու հարցը:
Բանն այն է, որ, պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ապարանում միջադեպի մասնակիցները մի քանի օր շարունակ խնդիրներ են ունեցել միմյանց հետ, տարբեր տեղերում հանդիպել, հաշիվներ են պարզել, եւ վերջնարդյունքում տեղի է ունեցել մարդասպանություն: Ակտիվորեն քննարկվում է, թե որ մարմնի որ ղեկավարի անգործության պատճառով տեղի ունեցան կրակոցներ, ինչու իրավապահ համակարգի ներկայացուցիչներին չի հաջողվել մի քանի օր շարունակ ընթացող բախումները վերահսկել, որ իրավիճակն այդպիսի հանգուցալուծում չունենար:
Հիշեցնենք, որ հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը եւս ծանր է: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 32-ամյա տղամարդն է իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում