ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջալալ Հարությունյանին կրկին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` օրերս Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին կրկին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն` հարցաքննության:

Ի դեպ նրան հարցաքննել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող տարբեր քրեական գործերի շրջանակում`հաշվի առնելով, որ նա եղել է ՊԲ հրամանատար:

Ի դեպ գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը կկասեցնի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործը: Շուրջ 2 տարվա ընթացքում նախաքննական մարմինը չի կարողացել հիմնավորել, թե Ադրբեջանի կողմից ով է իմացել Ջալալ Հարությունյանի գտնվելու վայրը կամ վերոնշյալ մեքենայում լինելու հանգամանքը և նախապատրաստել նրա սպանությունը: Ասել է թե՝ քրեական գործով այդպես էլ մեղադրյալ չի հայտնվել:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր և հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից:
Այնուհետեւ Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել)։

Ք.Մ




Լրահոս