Այս օրերին Հայաստանի Հանրապետությունից պատվիրակություն է գործուղված Կատարի Պետություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Մասնավորապես, պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:
Ողջունելով վարչապետ Փաշինյանին` Կատարի էմիրը բարձր է գնահատել Հայաստանի եւ Կատարի միջեւ ձեւավորված բարիդրացիական հարաբերություններն ու փոխվստահությունը` ընդգծելով, որ կատարական կողմը շահագրգիռ է զարգացնել ու ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահություն հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի հայ-կատարական համագործակցությանը, այդ թվում` տնտեսության եւ հումանիտար ոլորտներում:
Հայաստանի վարչապետն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը:
Կողմերը կարեւորել են հարաբերությունների զարգացումը հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ու օրակարգով նախատեսված հանդիպումները կնպաստեն ներդրումների եւ առեւտրաշրջանառության ոլորտներում կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
Հայաստանի վարչապետը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։
Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության եւ Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետեւ երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարեւորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը եւ ընդգծել երկու բարեկամ երկրների միջեւ բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը: Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի ու Կատարի միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ուստի անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Վարչապետը կարեւորել է գործարար կապերի զարգացումն ու խորացումը եւ Կատարի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան` հայ գործընկերների հետ քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:
Նիկոլ Փաշինյանը եւ Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին քննարկել են տնտեսության, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, առեւտրաշրջանառության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաեւ կրթության, այդ թվում` ուսանողների փոխանակման, գիտության, առողջապահության եւ մշակույթի բնագավառներում գործակցության հնարավորություններին: Հանդիպման արդյունքներով՝ Հայաստանի եւ Կատարի վարչապետների ներկայութամբ երկու երկրների միջեւ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ Կատարի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին ստորագրել են Հայաստանի եւ Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Փաշինյանի հետ Կատար էին մեկնել նաեւ կառավարության այլ անդամներ: Օրինակ՝ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին ստորագրել են մայրաքաղաքներ Երեւանի եւ Դոհայի միջեւ քույր քաղաքների հռչակման համաձայնագիր: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ Կատարի կրթության, բարձրագույն կրթության եւ դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ստորագրել են Հայաստանի եւ Կատարի միջեւ կրթության, բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Կատարի առողջապահության նախարար տիկին Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին ստորագրել են ՀՀ եւ ԿՊ միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության պայմանագիր:
Ն.Հ.
ՎՍՏԱՀ Է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է` «Դիմադրություն» շարժումը կհասնի ցանկալի արդյունքների: «Արդյունքների մասին կլսեք վաղը չէ մյուս օրը»,-ասել էր նախագահ Սարգսյանը: Ի՞նչ են լսելու շարժման աջակիցներն ու մասնակիցները. ArmLur.am-ի հարցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ հուսով է՝ ինչ-որ փոփոխություն կլինի, ապա շարունակեց՝ դրա մասին առաջիկա հանրահավաքի ժամանակ իր ելույթում կհայտարարի շարժման համակարգող, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Նմանատիպ պատասխան մեզ նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը տվեց: Դատելով «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի՝ օրերս արած հայտարարությունից՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ 3-րդ նախագահը նկատի է ունեցել շարժման կողմից որդեգրվելիք նոր մարտավարությունը, ինչի մասին էլ գուցե վաղվա՝ հունիսի 14-ի հանրահավաքին կհայտարարվի: Սաղաթելյանը, նշենք, «ՓաստԻնֆոյին» տված հարցազրույցում նշել էր. «Շարժումը փոխում է ռազմավարությունը, եւ եղանակային շոգ պայմաններից ելնելով՝ կլինի գործողությունների նոր մարտավարություն, քայլերի նոր ծրագիր»։
ՓՈԽԱՐԻՆՈՂՆԵՐ՝ ԲԵՂԼՈՅԱՆԻՆ
Ազգային ժողովի խորհրդի նիստում մի քանի որոշումներ կկայացվեն, եւ փոփոխություններ կկատարվեն բարեկամական խմբերի եւ միջխորհրդարանական հանձնաժողովների կազմերում: Բարեկամական խմբերի կազմում մասնավորապես Անուշ Բեղլոյանին են փոխարինելու այլ պատգամավորով: Ինչպես հայտնի է, վերջինս հանդիսանում է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, եւ նրան բարեկամական խմբերում կփոխարինեն այլ պատգամավորներ: Օրինակ՝ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբում նրան կփոխարինի Հակոբ Ասլանյանը, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբում՝ Արսեն Թորոսյանը՝ դառնալով խմբի ղեկավար: Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբում նրան կփոխարինի Գայանե Եղիազարյանը, որը պատգամավորական մանդատը ստացել է հենց նրա փոխարեն: Բացի այդ, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) Անուշ Բեղլոյանին կփոխարինի Միքայել Թումասյանը, իսկ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում էլ՝ Գեւորգ Պապոյանը:
ԱԶԱՏՎԵԼ Է
Տաթեւիկ Ռեւազյանն ազատվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնել է Ռեւազյանը: «Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին»,- նշել է նա:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արամ Վարդեւանյանի եւ Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել ենք ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ: Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին եւ դրանով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում: Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ»:
ՎԵՐՆԱԽԱՎԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Սամվել Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել։ Բանն այն է, որ, ըստ մեղադրանքի, նա, անձանց հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է Նիկոլ Վովայի Փաշինյանի, Արայիկ էդուարդի Հարությունյանի, Ալեն Ռոբերտի Սիմոնյանի, Հռիփսիմե Տարիելի Հունանյանի արժանապատվությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ տարածել է անձանց վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր:
ԿԽՈՇՈՐԱՑՎԵՆ
Նախորդ շաբաթ խորհրդարանն ընդունեց ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, ինչը ենթադրում է, որ Հայաստանի` արդեն իսկ խոշորացած մի քանի բնակավայրեր նորից կխոշորանան՝ ձեւավորելով ավելի մեծ համայնքներ։ Այս տարվա ՏԻՄ ընտրություններին զուգընթաց, որ նախանշված է սեպտեմբեր-հոկտեմբերին, ՀՀ 4 մարզերի խոշորացված համայնքները նորից կփնջվեն։ Համայնքների խոշորացման ծրագիրը 2016-ին է երեւան բերվել, ու հենց այդ թվականին էլ պիլոտային ծրագրով առաջին համայնքներն են խոշորացել։ Նախկին իշխանությունների մշակած այս ծրագիրը նույնպես, ի թիվս մի շարք այլ նախագծերի, մերօրյա իշխանավորների կողմից բազմիցս է քննադատվել։ Քննադատություններն անցյալում են մնացել, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ ջանասիրությամբ կյանքի է կոչում ՀՀԿ-ի առաջ քաշած ծրագրերը։ Ավելին՝ ՔՊ-ական բոլոր համայնքապետերը միաբերան պնդում են, թե խոշորացումից փոքր համայնքները միայն օգուտ են քաղում։