Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահութամբ դատավոր Մարտին Արզումանյանի, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ թողնելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Նրա փոխանցմամբ՝ իրենք Վերաքննիչ բողոք կներկայացնեն։
Նշենք՝ Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրան կալանքի տակ պահելու որեւէ հիմք առկա չէ։ Նրանք դատարանում հայտարարել էին, որ Ասլանյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունք չկա։ Գործով մեղադրող դատախազի այն պնդմանը, թե Ասլանյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, պաշտպաններն առարկել էին՝ նշելով, որ քրեական գործի հարուցման պահին Ասլանյանը գտնվել է ազատության մեջ եւ չի խոչընդոտել քննությանը։ Դատարանում ելույթով հանդես էր եկել նաեւ Մամիկոն Ասլանյանը։ Նա ասել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ եւ որ քրեական արդարադատության հետ որեւէ առնչություն չունի։ Նա հույս էր հայտնել, որ դատարանն արդարացի որոշում կկայացնի եւ իրեն ազատ կարձակի։ Դատարանի բակում էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ՝ ի աջակցություն Մամիկոն Ասլանյանի։ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաեւ համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ընտրություններ, մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորի ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիր» (9 մանդատ), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։
Ստացված ձայներից առավելագույն՝ 38.70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։
Ն. Հ.
ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐ ԿԱՆԵՆ
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական 2 հայցադիմումներն ընդունվել են վարույթ: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն այդ հայցադիմումներով պահանջ է ներկայացրել դատարանին «Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից եւ նրան փոխկապակցված, ընտանիքի անդամ հանդիսացող 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
l Երեւան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող 7 բնակարանները, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող գույքը (որոշների դեպքում՝ դրանց 84-ից 94%-ը), իսկ անհնարինության դեպքում՝ այդ գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 702.472.355 ՀՀ դրամ,
l Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 2 հողամասը (մեկը՝ մասնակի), Երեւան քաղաքի Պ. Պռոշյան փողոցում գտնվող ավտոկայանատեղին, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում եւ Պ. Պռոշյան փողոցում գտնվող 2 շինությունները, իսկ անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 535.699.753 ՀՀ դրամ,
l շարժական 3 գույքը (ավտոմեքենաներ, որոնցից մեկի 79.47%-ը), անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 27.745.000 ՀՀ դրամ,
l 2 ՍՊ ընկերության բաժնեմասերը՝ մեկի դեպքում՝ 1/2 բաժնեմասի 84.92%, մյուսի դեպքում՝ 50% մասնաբաժինները,
l 29.847.801 ՀՀ դրամ, որպես լուծարված ՓԲԸ բաժնեմասի ձեռքբերման գումար,
l նդհանուր 272.240.034 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում Փ. Յայլոյանի եւ նրա երկու որդիների օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում կատարվող ուսումնասիրությունների արդյունքում դատարան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումների ներկայացման գործըթնացը շարունակվում է:
ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ՔՐԳՈՐԾՈՎ
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը կալանավորվել է: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազ Կորյուն Ներսիսյանը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, որի քրեական գործով շոշափվում է նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի անունները: Դիմեցինք Բարձրագույն դատական խորհուրդ՝ հասկանալու համար, թե ԱԱԾ-ն արդյոք դիմել է ԲԴԽ դատավորների մասով: Ի պատասխան հայտնեցին՝ նախաքննություն է ընթանում, եւ այս փուլում որեւէ մեկնաբանություն չունեն: Ի դեպ, ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով շոշափվող, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի հայրը՝ էդիկ Հովհաննիսյանը, նախկինում աշխատել է ԱԱԾ-ում եւ եղել է Արմավիրի մարզի ԱԱԾ վարչության պետը: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն.Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ.Գ.-ի եւ Ն. Ա.-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն.Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։ Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ. Ն.-ն եւ առերեւույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
4.400.000 ԴՐԱՄ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: Առեւտրի կենտրոնում գործող տարադրամի փոխանակման կետից ավազակությամբ գումար հափշտակելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 12-ին՝ ժամը 23:26-ին: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 12-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, դիմակավորված անձը, նռնակով զինված, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել առեւտրի կենտրոնում գործող տարադրամի փոխանակման կետ, քաշել նռնակի օղակը եւ աշխատակցի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է տարադրամի փոխանակման կետում առկա, նախնական տվյալներով, 4.400.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը եւ դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: