ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՏՈՒՆ Է ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիրը՝ սկսած 2019 թվականից մինչեւ 2021 թվականը ներառյալ: 

 

Այսպես, պատգամավորի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ թվով 8 անշարժ գույքի համատեղ սեփականատեր է, թվով 5 հողամաս, 5-ն էլ գտնվում են Քուչակ գյուղում, որոնք ձեռք են բերվել 2005 եւ 2006 թվականներին: Բացի այս, պատգամավորն ունի նաեւ անհատական բնակելի մեկ տուն, մեկ ավտոտնակ եւ հողին ամրակցված մեկ շինություն, որոնք եւս գտնվում են Քուչակում: Սրանք եւս ձեռք են բերվել 2005 եւ 2006 թվականներին:

Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ ՔՊ-ական պատգամավորն ունի երկու ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության UAZ մեքենա, որը պատգամավորին նվիրել են 2016 թվականին: Գուցե նա այն գնել է, բայց հայտարարագրում ձեւակերպված է որպես նվիրատվություն: Իսկ 2013 թվականի արտադրության Toyota ավտոմեքենան Ասատրյանը գնել է 2016 թվականին: 2019 թվականին Ասատրյանը 1 մլն դրամով վաճառել է 1985 թվականի արտադրության Kamaz բեռնատարը:

ArmLur.am-ը, ուսումնասիրելով 2019 թվականի տարեկան հայտարարագիրը, պարզեց, որ նրա բանկային հաշվին տարեսկզբին առկա է եղել 1 մլն դրամ, որը տարեվերջին դարձել է 8 մլն 918 հազար դրամ: Այն, ի դեպ, գոյացել է իր աշխատավարձից՝ Ազգային Ժողովից ստացած: Նույն տարում Ասատրյանի կանխիկ դրամի չափն էլ է աճել. տարեսկզբին ՔՊ-ական պատգամավորն ունեցել է 100 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 5 մլն դրամ:

2020 թվականի տարեկան հայտարարագրում Ասատրյանի անշարժ գույքի քանակը պահպանվել է. 8-ն է: Ավտոմեքենաները երկուսն են՝ 2016 թվականին ձեռք բերված Toyota-ն եւ UAZ-ը: Բանկային հաշվին 2020 թվականի սկզվին առկա է եղել 227 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 258 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը 1 մլն դրամից դարձել է 1 մլն 500 հազար դրամ: ՔՊ-ական պատգամավորի՝ խորհրդարանից ստացած աշխատավարձը կազմել է 7 մլն 789 հազար դրամ, այսինքն՝ ամսական 649 հազար դրամ:  Նա նաեւ ՀՀ առեւտրային բանկերից մեկից ստացել է 389 հազար դրամի չափով փոխառություն՝ վարկ:

Պարզվում է՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում ՔՊ-ական պատգամավորի կյանքում դրական փոփոխություն է տեղի ունեցել. նա բնակարանատեր է դարձել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա սեպտեմբերին 30 մլն 399 հազար դրամով կամ 72 հազար դոլարով բնակարան է գնել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում: Գործարքի մյուս կողմը «Նորիկ-70» ընկերությունն է:

Բանկային հաշվին 2021 թվականի սկզբին առկա է եղել 258 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 614 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը 1.5 մլն դրամից դարձել է 700 հազար դրամ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորը բանկերից մեկից նախորդ տարի 27 մլն 350 հազար դրամ փոխառություն՝ վարկ է ստացել, իսկ 7 մլն 244 հազար դրամ էլ աշխատավարձն է կազմել: Ստացվում է, որ ՔՊ-ական պատգամավորը բնակարանը գնել է վարկով:

Պատգամավորի կինը՝ Կարինե Գեւորգյանը, ոչինչ չունի՝ ո՛չ անշարժ եւ ո՛չ էլ շարժական գույք: Բանկային հաշվին 2021 թվականի սկզբին ունեցել է 92 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 153 հազար դրամ: Պատգամավորի կնոջ կանխիկ դրամը տարեսկզբին 500 հազար դրամից դարձել է 900 հազար դրամ: Նրա աշխատավարձը կազմել է 876 հազար դրամ, որը ստացել է Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցից: Ի դեպ, Մաթեւոս Ասատրյանը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է այս մարզադպրոցի տնօրենի պաշտոնը:

Պատգամավորի հետ համատեղ բնակվող չափահաս անձի՝ Մնացական Ասատրյանի ներկայացրած 2020 թվականի հայտարարագրում նշված է, որ ունի UAZ, GAZ մակնիշի ավտոմեքենաներ: Բացի այս, նա 2020 թվականի հոկտեմբերին 2 մլն դրամով գնել է 2009 թվականի արտադրության BMW ավտոմեքենա: Մեզ հայտնի դարձավ, որ Մնացական Ասատրյանի կանխիկ դրամը 2020 թվականի սկզբին կազմել է 20 մլն դրամ, որը տարեվերջին դարձել է 19 մլն դրամ: Թե որտեղից Ասատրյանին 20 մլն դրամ, հայտարարագրում նշված չէ: Հուսանք՝ Ասատրյանները մի օր հանրությանը կպարզաբանեն 20 մլն դրամի առաջացումը: Բացի այս, նա բանկերից մեկից ստացել է 1 մլն դրամի չափով փոխառություն:

Ս.Հ.

 

 

 

ԱՆԿՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Դիլիջանի ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Ղազարյանից «Ժողովուրդ» օրաթերթիը հետաքրքրվեց ազգային պարկում միջատների դեմ քիմիական պայքարի հետեւանքով խլուրդների զանգվածային անկման մասին, որի վերաբերյալ ահազանգել էին բնապահպանները։ Ա. Ղազարյանի խոսքով՝ Դիլիջանի ազգային պարկում խլուրդների մեծաթիվ անկում չի եղել, սատկել է ընդամենը 2 առանձնյակ, որի պատճառն այն է, որ հորդ անձրեւներ են տեղացել, խլուրդները կույր են, բներից դուրս գալով՝ հորդ անձրեւին զոհ են գնացել։

 

 

 

ՊԱՏՃԱՌԸ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱ՞ՂՆ Է

2022թ. հունիսի 3-ին Իջեւան քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 2005թ.-ին ծնված աղջկա դի՝ կախված վիճակում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել են դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Իջեւան քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ Իջեւանի ավագ դպրոցի 11-րդ դասարանցի աղջկա մահվան պատճառ կարող էր լինել համակարգչային խաղը, որը վերջում մասնակցին դրդում է ինքնասպանության։ Ծանոթների վկայությամբ՝ բնավորությամբ ինքնափոփ աղջիկը շատ ժամանակ է անցկացրել համակարգչով։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել Տավուշի մարզի բնակիչ, ՊՆ զորամասերից մեկի սպա, կոչումով մայորը, որը, հայտնելով իր անձնական տվյալները, սակայն չցանկանալով, որ դրանք հրապարակվեն, փոխանցել է, որ 2018թ. իշխանափոխությունից հետո զորամասերում ստուգումներ են իրականացվել, տարբեր խախտումների փաստերով քրեական գործեր են հարուցվել, այդ թվում՝ իր հանդեպ։ Քանի որ իր դեմ ցուցմունք տվածն իր վերադաս հրամանատարն էր, ինքը 2020թ. մայիսին, հրամանատարի դրդմամբ, ստիպված գրել է տեղափոխման վերաբերյալ դիմում ու մեկնել Արցախ: 44-օրյա պատերազմի ընթացքում սպան աչքի է ընկել, նրան տրված ծառայողական բնութագրում նշված է, որ նա մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բարձր պատասխանատվություն, իր պարտականությունները եւ առաջադրված խնդիրները կատարել է բարեխղճորեն եւ պարտքի զգացումով։ Արցախի զորամասը կազմալուծել են, սպան այժմ ծառայում է Հայաստանում: Իր վերաբերյալ քրեական գործով անցած 2 տարվա մեջ 3 նիստ է կայացել, նիստերը պարբերաբար հետաձգվում են, այդ գործով դատավոր է փոխվել: 2022թ. մայիսի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դրամական պարգեւատրման մասին հրաման է արձակել, որի 2-րդ կետով միանվագ դրամական պարգեւատրում չի հաշվարկվում այն անձանց, որոնք կարգապահական տույժեր ունեն, ում նկատմամբ քրեական մեղադրանք է առաջադրված, ծառայողական քննություն է կատարվում եւ այլն: Սպան դժգոհ  է, որ զրկվել է դրամական պարգեւատրումից, խախտվել է պատերազմի մասնակից զինծառայողի իր իրավունքը. չէ՞ որ, ըստ անմեղության կանխավարկածի, եթե ենթադրյալ հանցանքը ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, անձը մեղավոր չի համարվում: Սպան այդ  կապակցությամբ դիմել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԳՅՈՒՂԻ ԲՈՒԺԿԵՏԸ՝ ԱՀԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Բարեկամավանը Տավուշի մարզի ամենահեռավոր, Ադրբեջանին սահմանակից գյուղն է. այն Նոյեմբերյան քաղաքից գտնվում է 33 կիլոմետր հեռավորությամբ։ Բարեկամավանի վարելաhողերի, խորհարքների, արոտավայրերի մեծ մասը գտնվում է ադրբեջանական զինուժի գնդակոծության թիրախում, մնացած  քիչ  վարելահողերն էլ չեն ոռոգվում։ Գյուղում խմելու ջրի պակաս կա, Բարեկամավանի խորքային երկու հորերից մղիչ պոմպերի միջոցով մատակարարվող  ջուրը որակյալ չէ, այն կավային բաղադրություն ունի։

Անցյալ ուսումնական տարում ընդամենը 13 աշակերտ ունեցած Բարեկամավանի միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգումը 2020 թվականից  կիսատ է մնացել. այն նորոգվում էր Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում ապրող բարեկամավանցիների հանգանակած գումարներով։ Բարեկամավանից ահազանգում են, որ գյուղի բուժկետի շենքը սարսափելի վիճակում է։

2005 թվականին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ,  «Վորլդ Վիժն» եւ «Ապավեն համայնքներին» կազմակերպությունների միջոցով բուժկետը վերանորոգվել, կահավորվել եւ վերազինվել  է։

2020 թվականին  ուժեղ  քամիների հետեւանքով բուժկետի շենքի տանիքը փլվել է, դրանից հետո տանիքի մի մասը վերանորոգել են, սակայն տանիքի կեսը բաց է մնացել, տեղացած ձյան եւ անձրեւներից հետո ջուրը լցվում է շենքից ներս։ Շենքի անկյունների վերեւում սնկեր են աճել, բորբոսնած, հակասանիտարական, վատթար վիճակ է։  Բուժկետի ներսում պատերը խոնավ են, պատերի ծեփը շատ տեղերում թափված է։ Պատի ծեփը թափվել  է նաեւ  շենքի ճակատային մասում։

Այդպիսի անմխիթար պայմաններում են սահմանամերձ գյուղի բնակիչները բուժօգնություն եւ խորհրդատվություն ստանում, բուժկետի դեղամիջոցները եւ բժշկական պարագաները՝ պահպանվում։  Նման  վատթար, անտանելի   պայմաներում է ամեն օր աշխատում բուժկետի  աշխատողը, որը  կարող է  այդտեղ զանազան  հիվանդություններ ձեռք բերել։ Բարեկամավանի բնակիչները բուժկետի շենքի ահավոր վիճակի մասին համացանցում  ահազանգել են ՀՀ առողջապահության նախարարություն, նախարար Անահիտ Ավանեսյանին, ինֆեկցիոն  հիվանդությունենրի ազգային կենտրոն, Տավուշի մարզպետարան, որի ենթակայության ներքո է գործում Բարեկամավանի բուժկետը։ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար պետական բյուջեից ավելի քան 68 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել, սակայն Բարեկամավանի բուժկետի շենքը նորոգելու համար պետական բյուջեից գումար  չեն  տրամադրել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս