«Հայաստանում մայիս ամսին գնաճը կազմել է 9%, ինչը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության համար»,- ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվեց՝ տարադրամի արժեզրկման պատճառով շատ տնտեսվարողներ՝ արտահանողներ, վերամշակողներ, զբոսաշրջային ընկերություններ, ՏՏ ոլորտի տնտեսվարողներ եւ այլն, դրսում պայմանագրեր ունեն կնքված, հիմա լուրջ խուճապ է նրանց մոտ. ի՞նչ սպասեն, եւ եթե դրամն այդքան արժեւորվել է, ինչո՞ւ գնաճը չի մեղմվում, այլ հակառակն է տեղի ունենում։ Մարտին Գալստյանն ի պատասխան ասել է՝ 9% գնաճը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության եւ ընդհանուր մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով. «Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սակայն պետք է հասկանանք, որ սպառողական գների ինդեքսի 9% աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է։ Փոխարժեքը ձեւավորվում է շուկայում առաջարկի-պահանջարկի հիման վրա, այսինքն՝ ԿԲ-ն որեւէ ազդեցություն փոխարժեքի ձեւավորման վրա չունի, որովհետեւ ԿԲ-ն ազդեցություն է ունենում այն դեպքում, երբ ԿԲ-ն արտարժույթ վաճառեր։ Մենք արել ենք հակառակը. տարվա ընթացքում մոտ 100 միլիոն դոլարին համարժեք արտարժույթ ենք ձեռք բերել շուկայից, ու դա արել ենք մեր մանդատի ներքո։ Մենք ինտերվենցիաներ արել ենք միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել ենք շուկայական մեխանիզմների որոշակի խեղաթյուրումներ»։ Գալստյանը նշեց՝ փոխարժեքը ձեւավորվում է շուկայում ազատ առաջարկի եւ պահանջարկի հիման վրա, ԿԲ-ին հորդորում են՝ արհեստական մտնի շուկա, միջամտի եւ արժեզրկի ազգային արժույթը, որը միգուցե կօգնի տնտեսվարողների որոշակի խմբին, մասնավորապես՝ արտահանողներին. «Բայց պետք է հասկանալ, թե դրա համար ով է վճարելու։ Դրա համար վճարելու է լայն հասարակությունը, որովհետեւ փոխարժեքն այսօր պայմանական լինի այսօրվա փոխարժեքից որոշակի բարձր, կունենանք գնաճի շատ ավելի բարձր մակարդակ։ Սա անխուսափելիորեն հանգեցնելու է մեր հայրենակիցների կենսամակարդակի ավելի նվազման, մասնավորապես՝ այն հայրենակիցների, ովքեր տնտեսապես շատ զգայուն են»։
Նա մանրամասն ներկայացրեց խնդիրը եւ հնարավոր լուծումները՝ իրենց հնարավոր ազդեցությամբ, եւ ասաց, որ խնդրի լուծումներից մեկը, որ հաճախ լսում է, եւ հասարակության մոտ էլ կարծիք կա, թե ճիշտ կլինի՝ ԿԲ-ն փոխարժեքը ֆիքսի. «Եթե մենք հիշում ենք նաեւ ավելի երկար տեւած այն շրջանը, երբ ազգային արժույթը արժեզրկվում էր, մեզ էլի հորդորում էին ազգային արժույթ արժեւորենք, որովհետեւ հակառակ ազդեցությունն էր տեղի ունենում։ Այսինքն՝ ԿԲ գործիքակազմն ազդում է ամբողջական պահանջարկի վրա եւ չունի նյուանս մոտեցումներ՝ ազդելու այս կամ այն խմբի շահերը սպասարկելու տեսանկյունից։ Եթե մենք արհեստական արժեզրկենք դրամը ու մեր մանդատին դեմ գնանք, մտնենք շուկա, ձեռք բերենք արտարժույթ, մենք կբախվենք գնաճի եւս մեկ ալիքի հետ, որը կհարվածի բոլորին»։
ԿԲ նախագահի խոսքով՝ միջազգային լավագույն փորձը հուշում է՝ նման իրավիճակներում շատ կարեւոր է սեկտորային քաղաքականությունների իրականացումը, այսինքն՝ կան սեկտորներ, որոնք ստեղծված իրավիճակում տուժում են կամ որոշակիորեն ունեն մրցունակության անկում, այդ սեկտորներին պետք է տրվի որոշակի օժանդակություն, եւ դա կարող է լինել կառավարության կողմից որոշակի քաղաքականության ներքո՝ հավելյալ սուբսիդիաներ, որոշակի հարկերի նվազման կամ այլ օժանդակության հնարավորություն։
«Պետք է հասկանանք՝ գնաճն իր հետ բերում է հավելյալ հարկային եկամուտներ, եւ հավելյալ եկամուտների վերաբաշխման միջոցով միգուցե պետք է նաեւ արձագանքենք ստեղծված խնդրին»,-ասել է նա:
Ն. Պ.
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) 2021թ. հետազոտությունը։ Հարցման տվյալների հավաքագրման ժամանակահատվածն ընդգրկել է 2021թ. դեկտեմբերի 18-ից մինչեւ 2022թ. փետրվարի 4-ը։ Տվյալները հավաքագրվել են դեմ առ դեմ հարցազրույցների մեթոդով։ 2021թ. հետազոտության համաձայն՝ հայաստանցիների միայն 17%-ն է կարծում, որ երկրի ներքին քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է գնում. 44%-ի կարծիքով ուղղությունը սխալ է: Հեղափոխությունից հետո (2019թ. տվյալներով) հարցվածների 67%-ն էր համարում, որ երկրի ներքին քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Հարցին՝ ինչպիսի սպասելիքներ ունեիք 2018 թվականի հեղափոխությունից, հարցվածների 11 տոկոսը նշել է, որ ոչ մի սպասելիք չունի, 7 տոկոսն ասել է, որ սպասելիքները բացասական են եղել, բնակչության 82 տոկոսն էլ նշել է՝ դրական: Հարցին՝ որքանով են արդարացվել հեղափոխության հետ կապված սպասելիքները, 2021-ին բնակչության 56 տոկոսը պատասխանել է, որ քիչ են արդարացվել կամ բոլորովին չեն արդարացվել, իսկ 44 տոկոսը հայտնել է, որ լիովին կամ մասամբ արդարացվել են:
Համեմատության համար նշենք, որ այս նույն հարցին 2019 թվականին 76 տոկոսն էր նշել՝ լիովին կամ մասամբ արդարացվել են, եւ միայն 24 տոկոսը՝ քիչ են արդարացվել կամ բոլորովին չեն արդարացվել: Ըստ հետազոտության՝ հայաստանցիների 39%-ը կարծում է, որ արցախյան հարցում նպատակը պետք է լինի կորսված տարածքների վերադարձը։ Մոտ 30%-ի կարծիքով՝ պետք է վերականգնել նախկին ԼՂԻՄ տարածքը, իսկ 25%-ը մտածում է, որ պետք է պահպանել այսօրվա ստատուս քվոն։
7.