ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 29

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019-ի սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ սահմանապահ գյուղերի կյանքն ու այնտեղի բնակիչների առօրյան ոչ միայն իրեն, այլ նաեւ իր ընտանիքի համար է կարեւոր ու առաջնային: Վստահեցնում էր՝ սահմանապահ համայնքների երեխաներն ու, առհասարակ, բնակիչները մշտապես զգալու են կառավարության ուշադրությունը: «Սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների «Վերջին զանգի» «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում: Շրջանավարտների համար ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արամ MP3-ը, Սեւակ Ամրոյանը, Նարե Գեւորգյանը, «Դետք» խումբը, DJ Smoke-ը։ Համանման միջոցառում իրականացվել է նաեւ նախորդ տարի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ եւ կառավարության ֆինանսավորմամբ՝ վարչապետի հիմնադրամից ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ այցելել են երեւանյան զվարճանքի կենտրոններ, այգիներ, թանգարաններ։ Այս տարի սեպտեմբերի 1-ին մենք՝ ես ու Աննան, այցելել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին։ Վերջին՝ որպես 100-րդ փաստ՝ սա եմ ընտրել՝ ցույց տալու համար մեր առանձնահատուկ վերաբերմունքը սահմանապահ գյուղերի նկատմամբ, եւ այդ վերաբերմունքը շարունակվելու է»,- հպարտորեն հայտարարում էր վարչապետ Փաշինյանը: 2019-ից ուղիղ մեկ տարի անց, սակայն, առ այսօր ՀՀ սահմանամերձ գյուղեր վարչապետ Փաշինյանը, կարելի է ասել, չի այցելել՝ առաջին հերթին անվտանգային նկատառումներից ելնելով: ՀՀ պետական սահմանը, որ 44-օրյա պատերազմից հետո երկարել է 410 կմ-ով, հսկել ու շարունակում են հսկել հողից կառչած, քարից հաց քամող ու իրենց եզերքին հավատարիմ գյուղացիները, որոնք, որպես կանոն, ի տարբերություն պետպաշտոնյաների՝ մեծ-մեծ չեն խոսում: Փաշինյանը, որ խոստանում էր, թե սահմանապահ համայնքները մշտապես իր ուշադրության տակ են լինելու, պատերազմից հետո այնպիսի թիկնազորով է շրջում, որ նրան անգամ մենք՝ լրագրողներս չենք կարողանում հարց ուղղել մի քանի մետր հեռավորության վրա, էլ ուր մնաց թե շրջանավարտների հետ «Վերջին զանգ» նշի: Սահմանապահ համայնքների բնակիչները նախկինի նման մտածում են՝ ինչպես մարել գյուղատնտեսական նշանակության ծախսերի համար վերցրած վարկերի տոկոսները, ինչպես պարատանյութ գնել, իրացնել մթերքը, երբ դաշտ գնալ, որ հակառակորդի թիրախում չհայտնվեն, կամ ինչպես անել, որ վայ-հարեւանը անասուններին չգողանա տանի: Սրան զուգահեռ՝ Փաշինյանի կառավարությունը շարունակում է խելացի անասնագոմերի, էժան պարարտանյութերի ու այլնի մասին խոսել, այնինչ այդ ամենից գյուղացիների կյանքը չի հեշտանում: Հետեւաբար Փաշինյանի՝ սահմանամերձ համայնքների բնակիչների նկատմամբ առավել ուշադիր լինելու մասին հայտարարությունը հերթական սուտն էր:

 

 

 

 

Մայիսի 28-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնել է Եվրոպա՝ «Լիվերպուլ»-«Ռեալ» ֆուտբոլային թանկարժեք խաղը դիտելու: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, թե այդ օրերին «Լիվերպուլ»-«Ռեալ» խաղի տմսերի գինը հասել է մինչեւ 7000 եվրո արժողության: Ո՞ւմ հաշվին է ՊԵԿ նախագահը գնացել Եվրոպա: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցերի պարզաբանման համար դիմել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ խնդրելով հայտնել. 1. Ի՞նչ արժեքով եք տոմսը ձեռք բերել, որպեսզի դիտեք ֆուտբոլային խաղը: 2. Ո՞վ է գնել այդ տոմսը, եւ ո՞ւմ հետ եք գնացել: 3. Ինչքա՞ն գումար եք ծախսել այդ ճանապարհորդության համար: Ի պատասխան՝ ՊԵԿ գլխավոր քարտուղարից ստացել ենք գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ. «ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն արձակուրդում գտնվելու ընթացքում արտերկրում ներկա է գտնվել նշված ֆուտբոլային թիմերի հանդիպմանը: Տոմսը ձեռք է բերվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով,  ում կողմից էլ ստացվել է հանդիպմանը մասնակցելու առաջարկը: Տոմսի արժեքը կազմել է 490 եվրո, որը հավաստվում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հավելվածի միջոցով (առանց նշված հավելվածի հնարավոր չէ մուտք գործել խաղադաշտ): Ռուստամ Բադասյանը մեկնել է ընտանիքի անդամի հետ: Ճամփորդության եւ այլ ծախսերի առանձին հաշվառում չի վարվել, բոլոր վճարումները կատարվել են բանկային քարտերով»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի որդիներն ու ամուսինը Հայաստանում չեն բնակվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին «լուսավորականը» դեռ մի քանի տարի առաջ է հեռատես գտնվել ու զավակներին հանել երկրից: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, առաջին հերթին նրանց բանակից ազատելն է, քանի որ Թանդիլյանի որդիներն արդեն նախազորակոչային տարիքի են ու պետք է հաշվառում անցնեն: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Հովհաննիսյանը՝ նշելով. «Մանե Թանդիլյանի որդիները ուսումը շարունակելու նպատակով ժամանակավորապես գտնվում են արտերկրում։ Ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Հայաստան՝ օրենքով սահմանված կարգով անցնելով պարտադիր զինվորական ծառայություն»։ Փաստորեն, «Ապրելու երկիր» անունն ունեցող կուսակցության համահիմնադիրը Հայաստանն իր զավակների համար ապրելու երկիր չի համարում՝ գերադասելով նրանց ապահով վայրում՝ օվկիանոսից այն կողմ պահել:

 

 

 

Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, կարելի է ասել, մղվել է երկրորդ պլան, եւ օրենքների մոտարկումը դանդաղել է: Ինչպես հայտնի է, 2021թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության ՍԵՊԱ-ի համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերին, իսկ դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 1-ից:  Բարեփոխումների օրակարգը ներառում է մոտ 30 ոլորտ եւ ունի 350 գործողություն, որոնք պետք է այդ երեսուն ոլորտները մոտեցնեն եվրոպական չափանիշներին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոպական չափանիշներին մոտարկման գործընթացը դանդաղել է: Դա է պատճառը, որ, մեր տեղեկություններով, այժմ փորձագիտական խումբ է սկսելու գործել՝ փորձելով ակտիվացնել այդ գործընթացը: Փորձագիտական խմբում ներգրավված են լինելու նաեւ ներկայացուցիչներ Եվրոպայից եւ սկսելու են անցկացնել թրեյնինգներ համապատասխան կառույցների ներկայացուցիչների շրջանակներում, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ կազմակերպել այդ գործընթացը: Թե որքանով այդ ամենն այժմ կհաջողվի, դժվար է ասել, սակայն հետաքրքիր է, որ «նախկինների» օրոք ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրը, որի մասին հաճախ բարձրաձայնում եւ որը կարեւոր են համարում իշխանությունները, մղել են երկրորդ պլան եւ չեն զբաղվում դրանով:

 




Լրահոս