ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 129 տուժողից խարդախությամբ շուրջ 140 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

 

Քննչական կոմիետի փոխանցմամբ՝ մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են կարեւոր հանգամանքներ, այդ թվում՝ խարդախության կատարման մեխանիզմները, տուժողների շրջանակը եւ պատճառված վնասի չափը: Պարզվել եւ հիմնավորվել է, որ 32-ամյա տղամարդը 2019թ. հուլիսից մինչեւ 2021թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ թվով 9 եւ դեռեւս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախ իր կողմից հիմնադրված եւ տնօրինվող վարկային ընկերության, ապա իր կողմից փաստացի հիմնադրված, սակայն առանց պետական գրանցման 19 տարբեր անվանումներով իբրեւ վարկային կազմակերպություններ ներկայացվող գրասենյակների անունից Facebook.com սոցիալական ցանցում գրանցված էջերի միջոցով համացանցով թիրախային գովազդի միջոցով տարածել է շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ:

Հիշյալ հայտարարությունների հիման վրա իրենց դիմած եւ վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրել են իբրեւ վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպություն հանդիսացող, նախապես Երեւան քաղաքի տարբեր հասցեներում վարձակալված գրասենյակներ, որտեղ ներկայացրել են, թե, իբր, ցածր տոկոսներով միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից եւ վարկային կազմակերպություններից վարկային գումարների ուղղակի կամ անուղղակի ձեւով, այն է՝ վերջիններիս անվամբ ապառիկ եղանակով ապրանքներ ձեռք բերելու, դրանք վաճառելու եւ գումարը տրամադրելու եղանակով ստացումը:

Այնուհետեւ հաճախորդներին ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային եւ առեւտրային կազմակերպություններ եւ չարաշահելով վերջիններիս վստահությունը՝ վերցրել են նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները, խաբեությամբ ներկայացրել, թե, իբր, անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո միայն ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն չեն տրամադրել եւ հափշտակել են: Քննությամբ պարզվել է նաեւ, որ 32-ամյա տղամարդը եւ խմբի մյուս անդամներն իրենց հանցավոր գործունեության ընթացքում օգտագործել են նաեւ խաբեության այլ եղանակներ. մասնավորապես՝ իրենց դիմած քաղաքացիներից պարզել են վերջիններիս անձնական տվյալները եւ նրանց անվամբ վճարային համակարգում գրանցել հաշիվներ, որոնց միջոցով վարկային ընկերություններից մեկից առցանց ստանալով վարկային գումարներ, չարաշահելով քաղաքացիների վստահությունը՝ գումարները նրանց չեն տրամադրել, եւ հասանելիություն ունենալով գրանցված հաշիվներին՝ կանխիկացրել եւ հափշտակել են: Բացի այդ, իրենց դիմած անձանց ուղեկցել են ՀՀ բանկերից մեկի տարբեր մասնաճյուղեր, խաբեությամբ հաճախորդներից ստացել են վերջիններիս անուններով բացված Mobile Banking ծառայության մուտքի տվյալները, որոնց միջոցով բանկից առցանց ստացել են վարկային գումարներ, սակայն չարաշահելով քաղաքացիների վստահությունը՝ գումարները նրանց չեն տրամադրել, եւ փոխանցելով այլ անձանց հաշիվների՝ հետագայում կանխիկացնելու եղանակով հափշտակել են դրանք: Քննությամբ պարզվել է, որ հանցավոր խմբի գործողություններից տուժել է 129 անձ, որոնցից խարդախությամբ հափշտակվել է ընդհանուր 140.246.430 ՀՀ դրամ գումար։ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննություն ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։

Ն. Պ.

 

 

 

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐԵԼ 

Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Վահե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 2-ը գտնվելով Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում, ձեռք է բերել պայթուցիկ նյութ հանդիսացող անծուխ վառոդի զանգվածներ, որոնք մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235.1 հոդվածի 1-ին մասով։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ: Վ. Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որպես քրեական գործով իրեղեն ապացույցներ առկա են 1 կգ, 1.02 կգ, 5.08 կգ եւ 5.1 կգ քաշով անծուխ վառոդի զանգվածներ։ Սույն քրեական գործով դատավարությունը մայիսի 2-ից  ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում։

 

 

 

ԶՈՐԱՆՈՑ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻՆ

Շուրջ մեկ ամիս է, ինչ Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում՝ խորհրդային տարիներին գործած փոքր օդանավակայանի տարածքում, ռուսական զինուժի համար զորանոցի կառուցման նպատակով նախապատրաստական աշխատանքներ են կատարվում։ Ներկայումս աշխատանքները դադարեցված են, սակայն նախկին օդանավակայանի տարածքում մեծ քանակությամբ շինանյութ է կուտակված։ Շինարարության համար  Բերդի համայնքապետարանի կողմից  շինթույլտվություն չի տրվել, զորանոցի համար նախատեսված տարածքը պատկանում է պետությանը։ Այգեպարի բնակիչները չգիտեն, թե ինչ առաքելությամբ են գյուղում մնալու ռուս զինվորականները, որոնց նրանք խաղաղապահներ են կոչում։ Հայաստանի անկախանալուց հետո՝ ավելի քան 30 տարի, Տավուշի սահմանագոտին հսկել են Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերի  զինծառայողները, եւ նրանք այդ գործը արել են հավուր պատշաճի։ Նման մի զորանոց կառուցելու համար էլ  հողատարածք է հատկացվել, այդ  տարածքի հողից նմուշ է վերցվել Նոյեմբերյան խոշոր համայնքի  սահմանամերձ Ոսկեպար գյուղում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին հարակից գոտում։ Ռուսական զինուժի համար Այգեպարում եւ Ոսկեպարում զորանոցների կառուցումը կարող է կապված լինել առաջիկայում նախատեսվող  սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հետ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

11 ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԳՈՐԾԸ

2015-ից 2018 թվականին օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում  հարուցված, հետագայում ՀԿԳ-ում քննված քրեական գործով 11 մեղադրյալի գործը դատարանում է։ Մեղադրյալի կարգավիճակում են Անուշ Գարսանցյանը, Անի Մխիթարյանը, Ալբերտ Վիրաբյանը, Լիանա Կարապետյանը, Իդա Խաչատրյանը, Ռազմիկ Աբրահամյանը, Արշակ Ջերջերյանը, Արամ Շահբազը, Քրիստինե Նարինյանը, Լենա Հայրապետյանը, Անուշ Բադալյանը։ Քրեական գործը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին եւ միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, «Երեւանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին, բժշկին եւ թարգմանչին՝ ՀՀ ՔՕ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

 

 

ԲԱՎԱՐԱՐԵՑ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Նախկին փոխվարչապետը Ֆրանսիայում մասնակցելու է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի 3-րդ մասի աշխատանքներին։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը թույլ տվեց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանին հունիսի 19-25-ը մեկնել Ֆրանսիա։ Նման միջնորդություն նիստի սկզբում ներկայացրել էր Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։ «Դատարանը որոշեց թույլ տալ Արմեն Գեւորգյանին հունիսի 19-25-ը մեկնել Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի 3-րդ մասի աշխատանքներին մասնակցելու համար»,-նշել է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Նշենք, որ Գեւորգյանն անցնում է կաշառք ստանալու եւ անօրինական ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու քրեական գործով։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 




Լրահոս