Զբոսաշրջային ոլորտի մասնագետները Հայաստանում ու Վրաստանում ցուցանիշների 90%-անոց վերականգնում են կանխատեսում` միաժամանակ նշելով, որ երկու երկրներում էլ նույն խնդիրներն են առաջացել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի քաղաքացիների ներհոսքի հետեւանքով:
Զբոսաշրջության փորձագետ, «Vizit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Վլադիմիր Գեւորգյանը խոսել է բնակարանների մեծ պահանջարկի մասին, ինչը բառի բուն իմաստով գների «տիեզերական» աճի է հանգեցրել, այդ թվում` տեղի բնակիչների համար:
«Մեզ մոտ սկսել են զանգվածաբար բնակարաններ վարձել, բարձրացել են ոչ միայն վարձակալության, այլեւ ծառայությունների գները։ Բոլոր ռեստորաններում, հանրային սննդի կետերում մեծ թվով հաճախորդներ կան, եւ այդ հաստատություններում գներն աճել են միջինը 10-20 տոկոսով»,- ասել է նա։
Նա դրական է գնահատել այն փաստը, որ ոչ զբոսաշրջային նպատակով եկող անձինք գումար են ծախսում մեր երկրում, ինչը դրական է ազդում ՀՆԱ-ի վրա։ Գեւորգյանը հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կկարողանա հասնել զբոսաշրջության՝ գոնե 2018-ի ակտիվության ցուցանիշներին, քանի որ այս տարի ԱՊՀ երկրների զբոսաշրջիկների շրջանում պահանջված ուղղություններից մեկն է դարձել։ Նա նաեւ նշել է, որ Վրաստանի ուղղությամբ զբոսաշրջային փաթեթների վերաբերյալ հարցումների աճ կա։
Վրաստանի GTA զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ, Վրաստանի կոնվենցիայի բյուրոյի անդամ, «Check-in Travel» տուրիստական ընկերության սեփականատեր Իյա Գեդեւանիշվիլին էլ ասաց, որ Վրաստանում իրավիճակը նույնն է, ինչ Հայաստանում, միայն մեկ վերապահումով, որ ՀՀ-ում սպասարկման մակարդակն ավելի լավն է: «Արտասահմանցիները շատ են, եւ նրանք ոչ թե զբոսաշրջիկներ են, այլ ԱՊՀ երկրների քաղաքացիներ, որոնք ժամանակավոր բնակություն են հաստատել երկրում»,- ասել է Գեդեւանիշվիլին: Ինչ վերաբերում է համավարակային սահմանափակումներին, ապա Վրաստանն արդեն հանել է դրանք։ Գլխավոր պարտադիր պահանջը մեկն է` դիմակ դնել բժշկական կենտրոններում եւ հասարակական տրանսպորտում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի առաջին եռամսյակում մեր երկիր է ժամանել 250 798 զբոսաշրջիկ, ինչը 3 անգամ շատ է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 2021 թվականի արդյունքներով` Հայաստան է ժամանել ընդամենը 816 660 զբոսաշրջիկ։ Հիմնական հոսքը ձեւավորել են Ռուսաստանից (375 930), Իրանից (85 310), Վրաստանից (57 713) եւ ԱՄՆ-ից (30 494) եկած զբոսաշրջիկները։ Զբոսաշրջային ակտիվության տեսանկյունից ամենահաջող ամիսը օգոստոսն է եղել. այդ ժամանակ Հայաստան է այցելել 143 168 զբոսաշրջիկ։ Ամենապասիվ ամիսը հունվարն է եղել, երբ մեր երկիր է այցելել ընդամենը 23 345 մարդ։
2016 թվականին Հայաստան է ժամանել 1 290 810 մարդ, 2017թ.-ին այդ ցուցանիշն ավելացել է՝ հասնելով 1 565 167-ի։ 2018թ-ին ՀՀ է այցելել 1 687 285, 2019-ին՝ 1 926 353 մարդ։
2020 թվականին կորոնավիրուսային համավարակի պատճառով այցելուների թիվը կրճատվել էր 6 անգամ՝ ընդամենը 375 216 մարդ:
Ն. Պ.
ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՐԹԵՎԵԿԵԼ
Շուռնուխ գյուղի բնակիչները մինչ օրս չեն կարողանում երթեւեկել կառուցվող այլընտրանքային ճանապարհով, քանի որ ճանապարհի հողային աշխատանքները չեն ավարտվել: Այս մասին ասել է գյուղապետ Հակոբ Արշակյանը: «Գորիս հասնելու համար մենք դեռեւս օգտվում ենք Մ2 ճանապարհից. գնում ենք Որոտան, ապա՝ Խոտ գյուղ: Այդպես նախկին 40 րոպեի փոխարեն մեկուկես ժամում ենք հասնում Գորիս»,- ասել է Արշակյանը: Նրա խոսքով՝ թշնամին վերջին ամիսներին սադրանքների չի դիմում, չի հրահրում: «Առաջվա համեմատ՝ հանգիստ են: Հնարավոր է՝ ինչ-որ մարտավարություն է, չեմ բացառում: Մեր բնակչությունն էլ հասկանում է իրավիճակը եւ հարմարվել է: Մեզ մոտ եթե խաղաղ բնակչություն չլինի, մեր տղաները ագրեսիվ կարող են լինել, բայց քանի որ ունենք ծերեր, կանայք եւ երեխաներ, սադրանքներ չեն լինում: Գյուղից հեռացել են միայն այն ընտանքիները, որոնք իրենց տները հանձնել էին թշնամուն: Նրանք այժմ վարձակալությամբ ապրում են Գորիսում եւ սպասում են փոխհատուցմանը, որպեսզի վերադառնան գյուղ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Գյուղապետը փոխանցել է, որ գյուղացիները շտապօգնության համար գնում են Կապանի հիվանդանոց, իսկ սննդի խնդիրը գյուղում լուծվել է: «Հիմա արդեն գյուղի խանութն աշխատում է, բայց հաճախ առաքիչները դժվարությամբ են այս ճանապարհներով գալիս, հիմնականում խանութի տերն է իր միջոցներով այլ ճանապարհով բերում սննունդը»,- ասել է Արշակյանը:
ՉԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԿԲԱՑԱՌՎԻ
Ծանուցումից խուսափող քաղաքացիների ծանուցումներն առաջարկվում է հրապարակել պաշտոնական կայքում։ Հրապարակումից 5 օր անց քաղաքացին կհամարվի ծանուցված։
Վարչական դատավարության մասին ծանուցված չլինելը պատասխանատվությունից չի ազատի։ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում այս փոփոխությունն են առաջարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Միքայել Թումասյանը։ «Մի շարք քաղաքացիներ երբեմն, օգտվելով այն հանգամանքից, որ օրենքը թույլ է տալիս շրջանցել վարույթը, եւ իրենք հասկանում են, որ վարչական սխալ են գործում, բայց այնպես են անում, որ ծանուցված չլինեն։ Այդ դեպքում վարչական վարույթը չի իրականացվում, ինչի արդյունքում պետությունն ու հասարակությունը տուժում են»,- ասել է Գ. Պապոյանը: Դրա համար նա ծանուցման նամակը պարզապես միտումնավոր չի ստանում: Ներկայացված օրինագծով նման դեպքերը բացառելու համար հեղինակներն առաջարկում են հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցումը տեղադրելուց 5 օր հետո քաղաքացուն համարել ծանուցված։ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ հայտնել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա նվազեցնել նաեւ պետության ծախսերը: Պատգամավորների առաջարկած կարգավորմամբ նախատեսվում է, որ եթե քաղաքացին հրաժարվել է ստանալ ծանուցումը, կամ նշված հասցեով ուղարկված առաքանին վերադարձվել է ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, կամ վարչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը, ապա այն ուղարկվում է տվյալներում առկա այլ հասցեով կամ տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Ո՛Չ ԿՈՂՄ, Ո՛Չ ԴԵՄ
«Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն ԱԺ-ին առաջարկել էին ընդունել հայտարարություն, որում, ի թիվս այլ դրույթների, նշվեր, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ հերթական նիստերում չի քննարկվել։ Այն, երեկ չընդգրկվեց օրակարգում, քանի որ նիստին ներկա 60 պատգամավորներից ոչ ոք կողմ չքվեարկեց այդ առաջարկին, բայց եւ դեմ քվեարկող չեղավ։
«Երրորդ բաժնում մեկ նախագիծ կա` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը։ Այն ընդգրկվել է երրորդ բաժնում, քանի որ գլխադասային հանձնաժողովը հարցը չի քննարկել եւ եզրակացություն չի ներկայացրել։ Նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար այս հարցը պետք է քննարկենք առանձին»,- նիստի օրակարգը ներկայացնելիս հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։ Քանի որ նախագծի հեղինակներն ու հիմնական զեկուցողը նիստին ներկա չէին, այն առանց քննարկման դրվեց քվեարկության։
Արդյունքում «զրո» կողմ, «զրո» դեմ ձայներով նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգում։ Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նիստերը բոյկոտել են, ու արդեն տեւական ժամանակ է, ինչ չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին։
Հիշեցնենք, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները մայիսի 25-ին առաջարկել էին «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը քննարկել ԱԺ արտահերթ նիստում, որը նշանակվել էր հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։ Ընդդիմությունն ԱԺ-ին առաջարկել էր ընդունել հայտարարություն, որում, ի թիվս այլ դրույթների, նշվեր, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», սակայն, դրանից հետո հայտարարել էր, որ արտահերթ նիստին չի մասնակցելու։
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆ ԱՆՓՈՓՈԽ Է
ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%: