«Թող շարունակեն քննադատել, Աստված իրենց հետ, ես ավելացնելու բան չունեմ այս թեմայի շուրջ. դա որեւէ կապ չունի Սունդուկյան թատրոնի հետ: Մարդիկ են, սխալվել են, դիմել ենք, ասել ենք՝ հանեք, հանել են, եւ հենց քննադատությունների համար էլ հանդես եկանք հայտարարությամբ»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ անդրադառնալով թատրոնի պաստառներից մեկը շուրջ առաջացած աղմուկին:
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ համացանցում տարածվում ու քննադատության է ենթարկվում Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի պաստառներից մեկը, որում պատկերված են մերկ դերասաններ, եւ նրանց մարմնի որոշ հատվածներ ծածկված են լավաշով:
Հավելենք, որ հանրության քննադատությունների ահռելի ֆոնին Սունդուկյան թատրոնը հանդես էր եկել հայտարարությամբ. «Հունիսի 7-ին համացանցում տարածվող գովազդային պաստառի կապակցությամբ հարկ ենք համարում մանրամասնել.
ա) քննարկվող ներկայացումը, իհարկե, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի հետ որեւէ առնչություն չունի,
բ) երբ պայմանագրային հիմունքներով թատրոնում տեղի են ունենում այլ թատերախմբերի կամ ստենդափային ներկայացումներ, դրանց համառոտ նկարագրերը եւ գովազդային պաստառները համաձայնեցվում են թատրոնի հետ։ Տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին, հետեւաբար պաստառի էսքիզը չի ներկայացվել եւ չի ստացել թատրոնի համաձայնությունը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարդան Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել էր՝ այս արհեստածին աղմուկին զուգընթաց՝ մայիսի 26-ին, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում իրարանցում էր. պատճառը արդեն իսկ բոլորիս հայտնի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» պատմական դրամայի մեծ պրեմիերան էր:
«Ունեցանք փայլուն պրեմիերա, մեծ ներկայացում: Կարծում եմ` շատ ստացված եւ հզոր ներկայացում էր, մեր մայրաքաղաքին բնորոշ հոգեբանություն ունեցող ներկայացում էր, շատ թանկ եւ հարուստ»,-ArmLur.am-ի հետ զրույցում մեծ ոգեւորությամբ նշեց մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ հավելելով, որ այս թատերաշրջանի վերջին ներկայացումը կլինի հունիսի 19֊ին, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու թատրոնի առաջատար դերասաններին, ինչպես նաեւ նոր դեմքերի։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՖԻՖԱ-ն, ի թիվս այլ բաների, մշտական հիմքով հաստատել է այն կանոնը, ըստ որի՝ թիմերը կարող են 5-ական փոխարինում կատարել խաղերի ընթացքում։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր է մաքուր խաղային ժամանակ սահմանելու մի քանի տարբերակ քննարկել եւ փորձարկել։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ջանի Ինֆանտինոն: Դոհայում կայացել է Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային խորհրդի (IFAB) 136-րդ ընդհանուր ժողովը՝ Ինֆանտինոյի նախագահությամբ, որտեղ մշտական հիմունքներով հաստատվել է այն կանոնը, ըստ որի՝ թիմերը կարող են խաղերի ընթացքում հինգական փոխարինում կատարել: «Մյուս հարցերը, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք IFAB-ի հետ, կապված են խաղային ժամանակի հետ, հիմնականում՝ մաքուր ժամանակի։ Հարկավոր է հասկանալ, թե ինչպես գտնել այդ խնդրի լուծումը։ Մենք կսկսենք մի քանի տարբերակից, որոնք կքննարկվեն եւ կփորձարկվեն»,- ասել է Ինֆանտինոն: Նա նշել է, որ այդ հարցում թերահավատներ կգտնվեն, սակայն IFAB-ը բաց է խաղի բարելավման ցանկացած առաջարկի համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ
Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի «Սթարմուս VI» միջազգային փառատոնը, որը նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին եւ կրում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը։ «STARMUS-VI»-ի շրջանակներում Հայաստան են այցելելու շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ, տիեզերագնացներ, երաժշտության եւ արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, երաժշտության ու արվեստի աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը Երեւանում եւ մարզերում։ «Սթարմուս» միջազգային փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները եւ նպատակ ունի ոգեշնչել, կրթել գիտնականների նոր սերունդ՝ խթանելով նորը բացահայտելու մղումը:
ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ է նվաճել Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել կապանցի Գոռ Բեգլարյանը՝ հեռացատկում գրանցելով լավագույն արդյունքը՝ 7, 59 մ: 800 մ վազքում Երվանդ Մկրտչյանը 1:50.79 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Էլլադա Ալավերդյանը՝ 800 մ վազքում գրանցելով 2:13.38 արդյունք: Գայանե Չիլոյանն էլ 400 մ վազքում 55,64 արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Հայ մարզիկները ոչ պաշտոնական հաշվարկով զբաղեցրել են թիմային 5-րդ տեղը: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված է եղել 15 մարզիկ՝ 8 տղա եւ 7 աղջիկ: Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը շուրջ 15 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել, այդ թվում՝ Վրաստանից, Կիպրոսից, Մալթայից եւ Մոնտենեգրոյից: Հայաստանի աթլետիկայի հավաքականը հունիսի 18-19-ը կմասնակցի Բալկանյան երկրների առաջնությանը:
ԱԿՈՒՄԲ ՉԻ ԸՆՏՐԵԼ
Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը դեռ չի ընտրել հաջորդ ակումբը։ «Ես դեռ որոշում չունեմ իմ ապագայի վերաբերյալ։ Գիտեմ, որ կան հնարավոր տարբերակներ, բայց պետք է հասկանալ, թե որն է համապատասխանում իմ նպատակներին։ Ապագա ակումբի ընտրությունը պետք է կատարեմ ֆիթնեսի մարզիչներիս հետ։ Պետք է հասկանանք, թե որ տարբերակը կլինի լավագույնը, որպեսզի նոյեմբեր-դեկտեմբերին աշխարհի առաջնությունում լինեմ լավագույն մարզավիճակում։ Իմ հաջորդ ակումբի կարգավիճակը մեծ նշանակություն չի ունենա։ Զգում եմ, որ չեմ կորցնի որակներս»,- Բեյլի խոսքը մեջբերում է Sport.es-ը։ Ուելսի հավաքականը 1958 թվականից հետո առաջին անգամ հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ Բեյլի ծառայություններով հետաքրքրված են Ուելսի «Կարդիֆ Սիթին», անգլիական «Նյուքասլ Յունայթեդը», իսպանական «Խետաֆեն», ամերիկյան ակումբներ։
ՏԵՂ ՉԻ ՀԱՏԿԱՑՆԻ
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին թիմի պաշտպան Ժերար Պիկեին հայտնել է, որ նոր մրցաշրջանում նրան տեղ չի հատկացնի մեկնարկային կազմում։ Չավին որոշումը հիմնավորել է ֆուտբոլիստի բազմաթիվ վնասվածքներով, պրոֆեսիոնալ աշխատանքին խանգարող բազմաթիվ գործոններով Պիկեի կյանքում։ Ակումբը նաեւ համարում է, որ ծանր ֆինանսական պայմաններում Պիկեի աշխատավարձը չափազանց բարձր է։ Այդուամենայնիվ, Պիկեն «Բարսելոնայից» հեռանալու մտադրություն չունի։