ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական ԶՈՒ կողմից ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է, մեղմ ասած, անհամաչափ. ՀՀ ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը այսօր տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի (հունիսի 13-հուլիսի 8) շրջանակներում անցկացվող ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:

Իր ուղերձում Պաշտպանը բարձր է գնահատել Հատուկ զեկուցողի՝ արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ընդգծելով զեկուցողի մանդատն ամրապնդելու և ավելի շատ ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտությունը:

Պաշտպանը անդրադարձ է կատարել 2020 թ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության, այդ թվում՝ ծերերի և ռազմագերիների նկատմամբ իրականացված խոշտանգումների, արտադատական և ամփոփ մահապատիժների վերաբերյալ արձագանքին և նշել, որ համացանցով անգամ տարածվող նման ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է մեղմ ասած անհամաչափ ու անբավարար՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով այլ ընթացիկ հակամարտություններում արտադատական և կամայական մահապատիժների գործելակերպերրի համար:

Եզրափակելով ելույթը՝ Պաշտպանն ընդգծել է Հատուկ զեկուցողի կողմից տարածաշրջան ավելի շատ այցեր կատարելու հրամայականը՝ շեշտելով տեղում իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտությունը՝ որպես մանդատի արդյունավետ իրականացման երաշխիք։

Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների դերը տեղում իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար՝ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է Հատուկ զեկուցողի հետ գործընկերության իր պատրաստակամության մասին:




Լրահոս