«ՆՊԱՏԱԿԸ ԽԱՆԳԱՐԵԼՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այն տեսակետին է, որ ընդդիմադիրների մտահոգությունը տարիներով թալանածը փրկելն է։ ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ նրանք շտապում են մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ կորցնելու բան ունեն։

 

-Խորհրդարանն արդեն մեկ տարի է՝ աշխատում է: Ընտրություններից մեկ տարի է անցել, ի՞նչ գնահատական կտաք մեկ տարվա հայացքով:

-Ես այդ հարցին պատրաստ չեմ պատասխանելու. աշխատանքային մթնոլորտ է:

-Արդյունավե՞տ էր, թե՞ ոչ: Ընդդիմադիրները վերջին ժամանակահատվածում չէին գալիս խորհրդարան, Ձեր գործընկերներից շատերն էլ հաճախ գործուղումների էին կամ մեկումեջ բացակայում էին: Կողքից նայելով՝ ի՞նչ եք կարծում, խորհրդարանը լա՞վ է աշխատել:

-Այս գործուղումներն աշխատանք են, ոչ թե ուղեւորություններ: Խորհրդարանական դիվանագիտությունն ակնհայտորեն ակտիվացած է, որը պետք է ողջունել, որովհետեւ խորհրդարանի խնդիրն էր իր դիվանագիտական դաշտում աջակցել  գործադիրին, որն անում է խորհրդարանը:

-Այդ գործուղումները «վոյաժ» են անվանում: Ի՞նչ կասեք:

-Դե հիմա շատերը շատ բան լավ չեն պատկերացնում. նորմալ է: Մարդկանց թվում է, թե դա ուղեւորություն է, բայց դա ծանր աշխատանք է, որովհետեւ ամեն մի ուղեւորություն ենթադրում է համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ քննարկումներ, ընդ որում՝ ամեն ինչ չի ասվում: Եվ, իհարկե, ցավալի է, որ ռեւանշիստները չեն մասնակցում այդ քննարկումներին, որովհետեւ դա անհրաժեշտ աշխատանք է Հայաստանի Հանրապետությանն օգնելու առումով: Կարելի է ասել, որ խորհրդարանական դիվանագիտության առումով բավականին արդյունավետ աշխատանք է իրականացվում: Խորհրդարանի հաջորդ աշխատանքն օրենքներ ընդունելն է, ռեւանշիստների բացակայությունը մեզ թույլ է տալիս օպերատիվ աշխատել, որովհետեւ նրանք, որպես կանոն, ոչ թե մասնակցում են արդյունավետ օրենք ընդունելու համար, այլ նպաստում են խանգարելուն, տապալելուն:

-Այդպես հե՞շտ է, խանգարող չկա՞:

-Ոչ թե հեշտ է, այլ ավելի արդյունավետ է: Խորհրդարանի աշխատանքը, կարող է, հեշտ է թվում, բայց այդպես չէ: Օրինակ՝ հիմա նիստ է, չէ՞, ընթանում, բայց մենք 14 օր աշխատում ենք, հետո 4 օր նիստ ենք անում: Այդ 4 օրվա աշխատանքը մարդիկ չեն տեսնում: Մենք քննարկումներ, բանավեճեր, բախումներ ենք ունենում, կառավարության հետ համաձայնեցումներ ենք անում: Օրենսդիր աշխատանքով եւս կարծում եմ, որ նկատում ենք, որ արդյունքներ կան: Ունենք տասնյակ պատգամավորներ, որոնք բավականին հաճախ տարբեր հեռուստաալիքներով հարցազրույցներ են տալիս: Ես հետեւում եմ եւ ասեմ, որ բավականին բովանդակալից, հետաքրքիր, ըստ էության, խոսում են, ձեւ չկա, անկեղծ խոսում են: Այսինքն՝ հանրության հետ երկու տեսակի կապ կա՝ մեդիայի միջոցով եւ ընդունելությունը: Պատգամավորները խորհրդարանում հանդիպում են ընտրողների հետ, եւ, ինչու չէ, ակտիվ են նաեւ հանդիպումները բնակավայրերում: Միշտ էլ կարելի է ավելի լավ աշխատել, այնպես չէ, որ շատ լավ են աշխատում, բայց խորհրդարանի աշխատանքն իր արդյունքները տալիս է, եւ ցավալի է, որ, ի դեմս ընդդիմության, մենք ստացանք ռեւանշիստների  մի խումբ, որոնց նպատակն է, ինչպես ժողովուրդն է ասում, թալանի պաշտպանությամբ զբաղվել:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՄԵՐԺՎԵԼ Է

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Տպավորություն է, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը մերժել են նաեւ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դիտարկելով այն որպես նախկինների ժառանգություն:

 

Օրերս Ազգային ժողովում հանդիպել եմ «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի եւ ծրագրի փորձագետների հետ: Ողջունել եմ, որ ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է համաձայնագրի իրականացման հարցը, քայլեր է ձեռնարկում այն կյանքի կոչելու համար, քանի որ դրա իրականացումը շատ կարեւոր է Հայաստանի համար: Համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի նոյեմբերին, եւ տարիներ է, ինչ փոշոտվում է դարակներում: Տպավորություն է, որ ներկա իշխանությունը, նախկիններին մերժելով, մերժել է նաեւ մինչ հեղափոխությունը կնքված միջազգային այս համաձայնագիրը:

Այս համաձայնագրով նոր օրենքները պետք է մշակվեն՝ համաձայնագրի պահանջներին համապատասխան, մինչդեռ, ինչպես նշել եմ հանդիպման ընթացքում, այսօր ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք չեն բխում համաձայնագրի սկզբունքներից: Այդպիսիններից է, օրինակ, հենց ծանր վիրավորանքը քրեականացնող օրինագիծը:

Այս համաձայնագրում հստակ նշված է նաեւ, որ կողմերն ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքների վրա՝ հաշվի առնելով նաեւ կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությանը, իսկ այս ուղուց մենք ինքներս վաղուց շեղվել ենք:

Հավելել եմ, որ անհրաժեշտ է ոչ թե ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համաձայնեցնել Հայաստանի իրավիճակին, այլ Հայաստանում առկա իրավիճակը փորձել համաձայնեցնել ժողովրդավարության սկզբունքներին. պետք է ոչ թե փորձել հարմարվել հայաստանյան իրականությանը, այլ Հայաստանը տանել ժողովրդավարացման ճանապարհով: Միկելե Դինելին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա նշել է, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ իրականացնելու օրենքների մոտարկման գործողությունները: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հանձն է առել իրականացնելու համաձայնագրով նախատեսված պահանջները: Նշել եմ, որ իմ լիազորությունների շրջանակում պատրաստակամ եմ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել համաձայնագրի իրականացման գործընթացին»:

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ԾԵԾԻ ԳՈՐԾԸ

Օրերս Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կինը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով. «Ռուստամ Բաքոյանն ինձ ասել է՝ ինչ ուզում ես, հրապարակիր, մեր դեմ խաղ չկա»: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով. «Երկու բան ունեմ ասելու՝ նախ՝ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, երկրորդը՝ գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է: Ես դիմել եմ, ինձ կտեղեկացնեն, գործն արդեն ուսումնասիրում են, թե իմ ասածով է: Այսքանը կարող եմ ասել»: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ դատախազությունը Ազգային ժողովի պատգամավորի գործը ուղարկի ոստիկանություն, որպեսզի նյութեր նախապատրաստեն եւ  հիմքեր լինելու դեպքում կա՛մ քրեական գործ հարուցեն, կա՛մ մերժեն քրեական գործի հարուցումը: Դիմեցինք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն տեղեկությունը պարզելու համար, որտեղից հայտնեցին՝ ուսումնասիրման փուլում է, որոշ հանգամանքների պարզման ուղղությամբ աշխատանք է տարվում, որից հետո պարզ կլինի, թե ինչ լուծում է տրվելու:

 

 

 

ԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԵՂՏՈՏ ԵՆ

Երեւան քաղաքի վարչական շրջաններում այսօր այնքան աղբամաններ կան, որոնք երբեւիցե չեն եղել, բայց, չնայած սրան, չենք դադարում տեսնել տարատեսակ աղբով լցված աղբամաններ, աղբամանների շուրջն է աղտոտված: Սա նշանակում է, որ Երեւանի որոշ վարչական շրջաններում աղբահանությունը վատ է կազմակերպվում: ArmLur.am-ը այս խնդրի շուրջ չի դադարում երեւանցիներից ստանալ դժգոհություններ: Օրինակ՝ նմանատիպ ահազանգեր ստացել ենք Մալաթիա-Սեբաստիա եւ Կենտրոն վարչական շրջանների բնակիչների կողմից: ArmLur.am-ը երեւանցիների դժգոհությունները փոխանցեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին, սակայն քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ մայթերին, ստորգետնյա անցումներում աղբ թափում են հենց քաղաքացիները:

Տեղեկացնենք, որ Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում, աղբարկղերից, աղբամաններից դուրս աղբ կուտակելու համար քաղաքացին կարող է տուգանվել մինչեւ 200 հազար դրամի չափով:

 




Լրահոս