ՈՐՔԱ՞Ն ՈՒՆԵՑՎԱԾՔ Է ԿՈՒՏԱԿԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը: Այս անգամ անդրադարձել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերին:

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ դրամական միջոցները կազմել են 1800 դոլար, 790 հազար դրամ: Այդ տարի նա որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որն ընդհանուր կազմել է 10 մլն 44 հազար դրամ: Իսկ, ահա, «Երկրի հակառակ կողմը» գրքից ստացած եկամուտը կազմել է 3 մլն 919 հազար դրամ:

2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ վարչապետը 4 մլն 550 հազար դրամով վաճառել է 2011 թվականի արտադրության Hundai Sonata մակնիշի ավտոմեքենան: Այդ տարեվերջին դրամական միջոցները կազմել են մոտ 320 դոլար, 3 մլն 333 հազար դրամ: Կանխիկ գումարը կազմել է 1800 դոլար եւ 790 հազար դրամ: Վարչապետի՝ 2019 թվականի եկամուտը կազմել է 11 մլն 644 հազար դրամ աշխատավարձը եւ «Անտարես»-ի հրատարակած «Երկրի հակառակ կողմը» գրքից ստացած 2 մլն 406 հազար դրամը:

2020 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ վարչապետի բանկային հաշվին տարեվերջին առկա է եղել 1 մլն 64 հազար դրամ եւ 56 դոլար: Նույն տարում վարչապետը ամսական ստացել է 1 մլն 36 հազար դրամ աշխատավարձ:

ArmLur.am-ը վարչապետի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ տարեսկզբին նրա բանկային ավանդը կազմել է 2 մլն 550 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 3 մլն 15 հազար դրամ: Տան եւ ավտոմեքենայի մասին տեղեկություն չկա նշված հայտարարագրում: Բանկային հաշվին առկա մնացորդները կազմել են 3 դոլար եւ 27 հազար դրամ, կանխիկ դրամը՝ 790 հազար դրամ եւ 1800 դոլար: Տպավորություն է, որ վարչապետը, 2018 թվականից սկսած, իր կանխիկ դրամը չի ծախսում:

Կինը՝ Աննա Հակոբյանը, ունի 2 բնակարան, երկուսն էլ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Ունեցած շարժական գույքը թվով երեքն են՝ Renault, Nissan, Vaz մակնիշի ավտոմեքենաները։ «Մեր տպարանը» ընկերությունում Աննա Հակոբյանի առեւտրային ներկայացվածությունը 50 տոկոս է կազմում։ Բանկային հաշիվներին առկա մնացորդը կազմել է 90 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 1000 դոլար։ Վարչապետի կինը 2021 թվականին երկու վայրից աշխատավարձ է ստացել՝ «Մեր տպարան»-ից՝ 446 հազար դրամի չափով, եւ «Դարեսկիզբ»-ից՝ 2 մլն 842 հազար դրամ։ Ունեցած վարկերի, փոխառությունների մայր գումարի մնացորդը 2021 թվականի վերջին կազմել է 1 մլն 305 հազար դրամ: Հայաստանի վարչապետի ընտանիքից միայն կինն է ծախսերի հայտարարագիր ներկայացրել, ըստ որի՝ հանգստի համար կատարած ճանապարհածախսերը, կեցության ծախսերը կազմել է 3 մլն դրամ:

Վարչապետի որդին ոչինչ չունի՝ ո՛չ անշարժ գույք եւ ո՛չ էլ ավտոմեքենա, համենայնդեպս, այդպես նշված է 2021 թվականի տարեկան հայտարարագրում: 2021 թվականի վերջին բանկային հաշվին առկա է եղել 3292 դրամ: Կանխիկ դրամ չունի: Մեկ տարվա մեջ երեք վայրից աշխատավարձ է ստացել՝ «Ակոտեք» ընկերությունից ստացել է 170 հազար դրամ, «Webiz Georgia» ընկերությունից՝ 1100 դոլար, իսկ «Սվետլանա Մովսիսյան» ԱՁ-ի կողմից՝ 67 հազար դրամ:

Վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի 2021 թվականի եկամուտը սեփական աշխատավարձն է եղել, որը ամսական կազմել է 557 հազար դրամ։ Վարչապետի դուստրն աշխատավարձ ստացել է Digitain LLC ընկերությունից։ Բացի այս, նախորդ տարվա ընթացքում Մարիամ Փաշինյանը կանխիկ դրամ չի ունեցել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԿՄԵԿՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրել է, որ Բաքվում ակնկալվում են Լավրովի հանդիպումներն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Ակնկալվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը՝ համաձայն փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների»,- հայտնել է Զախարովան: Նա նշել է նաեւ, որ նախարարները քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային ակտուալ հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին:

 

 

 

ԿԱՐԻՔ ՉԿԱ

Երեկվանից օտարերկրյա զբոսաշրջիկները Վրաստան մուտք գործելու համար այլեւս կարիք չեն ունենա պարտադիր պատվաստում անցնել COVID-19-ի դեմ կամ ՊՇՌ թեստ հանձնել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վրաստանի կառավարությունը չեղարկել է երկիր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կորոնավիրուսային սահմանափակումները։ Ըստ Վրաստանի կառավարության՝ երկրից ժամանող ցանկացած անձ (անկախ քաղաքացիությունից) որեւէ երկիր մեկնելիս ազատվում է COVID-19-ի դեմ պատվաստման կամ այցից առաջ բացասական ՊՇՌ թեստը հաստատող փաստաթղթեր տրամադրելու պարտավորությունից եւ ինքնամեկուսացումից:

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի պաշտպանի միջնորդությունը։ Քրեական հետապնդումը Գեւորգյանի նկատմամբ չի դադարեցվի։ Դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում որոշումը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

 

 

ՆՈՐ ՄԵՔԵՆԱ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Կառավարության ապարատի տրամադրության տակ այս պահին գտնվում է 900 ծառայողական ավտոմեքենա: Այս մասին խորհրդարանում 2021թ. պետ բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ նշել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա նաեւ նշել էր, թե կառավարությունը նախատեսում է աստիճանաբար արդիականացնել ավտոպարկը՝ ստանդարտ ավտոմեքենաները փոխարինելով էլեկտրական մեքենաներով։ Մինչ կառավարությունը կսկսի փոխարինման գործընթացը, նկատենք, որ «պադավադապետության» դեմ բողոքող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ծառայողական մեքենաների թիվը շարունակում է շատ լինել:

Միեւնույն ժամանակ անձամբ Նիկոլ Փաշինյանը եւս պարբերաբար թարմացնում է իր ավտոպարկը: Մասնավորապես,  նրան սպասարկող մեքենաների մեջ նոր Toyota Hiace մակնիշի միկրոավտոբուս է հայտնվել։ Այն, ինչպես հասկացանք, փոխարինում է նախկինում առկա Volkswagen Multivan մինիվենին, որը տեղափոխում էր ԱԱԾ-ի դիմակավորված հատուկ ջոկատայիններին։ Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը մինչեւ իր պաշտոնավարման ավարտը մոտ 10 տարվա հնության Mercedes S-Class-ով էր շրջում, իսկ Փաշինյանն իր գալու հաջորդ տարին 2 նոր զրահապատ Mercedes S-Class գնեց՝ մոտ կես միլիոն դոլար արժողությամբ։

 

 

 

ԿԱՊՎԱԾ ՉԷ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կերպ կապված չէ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Միեւնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ գործարկումը եւ համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության բարձրացմանը եւ միջադեպերի կանխմանը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»,- ասել է նա։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել հանձնաժողովի նիստի անցկացմանը մոտ ապագայում. «Այս պահին Ռուսաստանը ժամկետների վերաբերյալ առաջարկների է սպասում հայ եւ ադրբեջանի գործընկերներից»։

 

 

 




Լրահոս