2021Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի աշխարհի տնտեսություններում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում վերականգնման միտումներ են նկատվել։ Այս մասին Ազգային ժողովում՝ 2021թ. պետական բյուջեի կատարողականի մասին հարցի քննարկման ժամանակ, ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

 

Նախարարի խոսքով՝ համավարակից եւ ղարաբաղյան պատերազմից հետո տնտեսությունը 2021 թվականին մտել է վերականգնման փուլ։ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 5,7 տոկոս։

Տնտեսական աճը, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, հիմնականում տեղի է ունեցել՝ ի հաշիվ աճի սպասարկումների ոլորտի։ «Հայաստանի արդյունաբերությունը եւ շինարարությունը նույնպես առաջընթաց են գրանցել՝ նպաստելով տնտեսական աճին, մինչդեռ անկումը գյուղատնտեսությունում բացասաբար է անդրադարձել տնտեսության աճի վրա»,- նշել է ֆինանսների նախարարը։ Միեւնույն ժամանակ սպառման աճը Հայաստանում կազմել է 3,7 տոկոս։ Ընդ որում՝ արտահանումն ավելացել է 16,5, ներմուծումը՝ 10,9 տոկոսով:

Հաշվետու տարվա ընթացքում տնտեսական աճի կանխատեսումները մի քանի անգամ վերանայվել են։ Փաստացի գրանցվել է 5,7 տոկոս աճ։

«Ամբողջ տարի նկատվել է բարձր գնաճային ֆոն։ Միջին գնաճը կազմել է 7,2 տոկոս։ Այս գործոնը նկատվում է նաեւ ընթացիկ տարում։ Այնուամենայնիվ, գնաճը նկատելի է ամբողջ աշխարհում ինչպես անցած, այնպես էլ այս տարի»,- ընդգծել է Խաչատրյանը։

Բացի այդ, աշխատանքի շուկայում, 2020թ. համեմատ, նկատվել են դրական տեղաշարժեր։ Մասնավորապես, նկատվել է միջին աշխատավարձի բարձրացում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ Միջին աշխատավարձը 2021թ., 2020թ. համեմատ, ավելացել է 7,6 տոկոսով։ Ընդ որում՝ պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի հանդեպ կազմել է 4,6 տոկոս, ինչը 0,8 տոկոսային կետով քիչ է, քան մեկ տարի առաջ։ «Պետական պարտքը ՀՆԱ-ի հանդեպ կազմել է 60,3 տոկոս, ինչը 3,2 տոկոսով քիչ է, քան 2020թ.»,- նշել է նախարարը։

Հայաստանում հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 690 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 2 տրլն 49 մլրդ դրամ։ Այսպիսով, գրանցվել է 359,1 մլրդ դրամի դեֆիցիտ։ Ծախսերի իրացումը կազմել է 97,8 տոկոս։ «Պլանի ճշտման ուղղությամբ կառավարությունը մշակել է դեֆիցիտի ֆինանսավորման ծրագիր 359 մլրդ դրամի չափով, իսկ փաստացի ներգրավված միջոցներից հաջողվել է ֆինանսավորել միայն 320 մլրդ դրամ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

Այսպիսով, պետական պարտքը 2021թ. վերջին կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 9 մլրդ 226 մլն դոլարին։ Դրա մեծ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ Կենտրոնական բանկի։ Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է 4 տրլն 210 մլրդ դրամ։ Դրանից արտաքին պարտքը 2 տրլն 972 մլրդ դրամ է, ներքինը՝ 1 տրլն 237 մլրդ դրամ։

Ն. Պ.

 

 




Լրահոս