2020-ի հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների համար հրավիրված մամուլի հերթական ասուլիսն էր: Լրատվամիջոցների հետ այդ անգամ նա Կապանում էր հանդիպում: «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակում վարչապետ Փաշինյանն ասում էր. «Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները: Երկու օրինակ՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ»:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն իսկապես իշխող քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ չէ: Նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ու ընտրված Հայկուհի Հարությունյանն է: Հարցն այն է, թե ինչքանով էր ԼՀԿ-ն ընդդիմադիր ու այժմ ինչ դիրքերից է հանդես գալիս: Ինչպես հայտնի է, կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Փաշինյանի կաբինետում դեռ ամիսներ առաջ է պաշտոն ստացել, նա հատուկ հանձնարարություններով դեսպանն է: Լուսավորականներն էլ վերջին շրջանում մեկը մյուսից ջանասիրաբար, ատամներով պահում ու պաշտպանում են Փաշինյանի իշխանությունն ու նրա վարած քաղաքականությունը: Տպավորություն է, որ ՔՊ-ի հետ, այսպես ասած, «պասերով են խաղում» ու մեկը մյուսի «թասիբին կանգնում»: Հետեւաբար հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է ԼՀԿ-ն ընդդիմադիր, կամ ինչքանով էր ընդդիմադիր այն ժամանակ, երբ Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ էր ընտրվում: Իհարկե, կուսակցության անդամները զօրուգիշեր կարող էին հայտարարել, թե ընդդիմադիր են, կամ «պատերազմ պարտված ղեկավարը չի կարող պաշտոնավարել», բայց դեպքերն ու իրադարձությունները բոլորովին հակառակ պատկերը ցույց տվեցին՝ ո՛չ իրենք են ընդդիմադիր, ո՛չ էլ իրենց գործելաոճն է ընդդիմադիր գործչին հարիր ու բնորոշ: Եվ ուրեմն Փաշինյանի հերթական հայտարարությունը, թե ընդդիմության ներկայացուցիչը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է նախագահում, հերթական սուտն է:
Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է, որն այժմ զբաղեցնում է վարչապետի օգնականի պաշտոնը: Հետաքրքիր է, որ նա որեւէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնին, այնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Նկատենք՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է եղել, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Աղվան Հովսեփյանը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության պետական խորհրդական: Նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության պետական խորհրդական է: Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան: Մեկ այլ հանգամանք եւս. ՀՀ Սահմանադրության 177-րդ հոդվածի 2-րդ մասը նշում է. «Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ»: Ո՞վ է գնահատել Աննա Վարդապետյանի մասնագիտական որակները, որտե՞ղ են դրսեւորվել դրանք. դատախազի նշանակման համար նրա մասնագիտական որակները պետք է գնահատեն մասնագետները, այլ ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը, մասնավորապես, նշել է. «Տիկին Վարդապետյանը թե՛ իր մասնագիտական որակներով, թե՛ իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաեւ օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարեւորագույն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Ուշագրավ է եղել հատկապես վարչապետի՝ այդ օրը արտահայտած մտքերից մեկը։ Նա, մասնավորապես, ասել է. «Մինչեւ 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ մենք արձանագրել ենք հետեւյալ նպատակը. ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»: Հատկապես վերջին պարտությունների ֆոնին այս հայտարարությունից հետո ներկաները տարակուսել են, մի քանիսը միայն ծափ են տվել, մյուսներն էլ չեն կարողացել զսպել իրենց ծիծաղը եւ զարմացել են, որ վարչապետն այսքան կտրված է եղել իրականությունից: Սակայն սա ոչ թե վարչապետի մեղավորությունն է միայն, այլ նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, որը դեռ հավատում է, թե ինքը եւ ֆեդերացիան աշխատանք են անում: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը, որը ներկա էր երեկվա միջոցառմանը, քմծիծաղով նշեց՝ եթե այս տեմպերով գնա, 2050թ.-ին Հայաստանը ֆուտբոլ էլ չի ունենա: Բանն այն է, որ նույնիսկ ֆուտբոլի ակադեմիայում, որը գործում է ֆեդերացիայի ղեկավարության ներքո, նորմալ պարապմունքներ չեն անում, նույնիսկ աթլետիկայի վազքուղի չունեն: Եվ այս պարագայում Փաշինյանը խոսում է չեմպիոն դառնալու մասին:
Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը խիստ զայրացրել է Կոնդի բնակիչներին: Պատճառը Երեւանի ավագանուն ներկայացված նախագիծն է, ըստ որի՝ թիվ 1, 5 պոլիկլինիկաները եւ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ն միանալու են թ. 4 պոլիկլինիկային: Կոնդեցիների պատմելով՝ այս միավորման իրական հեղինակը Երեւանի քաղաքապետի թեկնածու, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Այս լուրն այնքան է զայրացրել բնակիչներին, որ նրանք վստահեցնում են, որ որեւէ դեպքում թույլ չեն տա Ավինյանի մտադրությունները կյանքի կոչել եւ պոլիկլինիկայի շենքը վերածել հյուրանոցի: Բացի այդ, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու նախագծի հեղինակ, փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը չեն բարեհաճել բնակիչների հետ նախապես քննարկել պոլիկլինիկաների միավորման ծրագիրը: Բնակիչներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, թե ինչպես է իմացել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ու պոլիկլինիկայի բուժանձնակազմի հետ թաքուն հանդիպման մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Սիմոնյանը վախեցել է բնակիչների հետ հանդիպել, քանի որ ասել են՝ իրեն Կոնդից կվռնդեն, չմտնի այդ թաղամաս: «Ինքը չի էլ եկել բնակիչների հետ հանդիպելու, ես հարեւանուհուս խնդրեցի՝ պոլիկլինիկայից ճշտի՝ մամայիս դեղերը կան, թե ոչ, ինքն էլ զանգեց ասաց՝ գիտես, փոխքաղաքապետը պոլիկլինիկայում է: Վազեցի պոլիկլինիկա. պարզվեց՝ եկել է բուժանձնակազմի հետ հանդիպման՝ միավորման հարցը քննարկի, իսկ բնակիչների հետ չի բարեհաճել հանդիպի: Հարցրեցի՝ դու ինչ իրավունք ունես նման բան անելու, ինչու բնակիչների հետ չես քննարկել: Բան չուներ ասելու, դեմքիս էր նայում: Բայց դե պնդեցի, որ մեզ ընդունի, հաջորդ օրը մի քանի հոգով գնացինք քաղաքապետարան՝ հանդիպման, բավականին վիճեցինք»,- պատմեց կոնդեցի Նառան: